Բաժիններ՝

Շուշին հանձնելով՝ այնտեղ մնաց ամեն ինչ, այդ թվում` մարդկանց, ընկերությունների ունեցվածքը․ «Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն

Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաև «Ղարաբաղ կարպետ» ընկերության Շուշիի արտադրամասը՝ իր ամբողջ գույքով, գորգերի և հումքի մնացորդով:

Ընկերության՝ նոյեմբերի 16-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայով պայմանավորված՝ շուրջ երկու ամիս է՝ կասեցվել է «Ղարաբաղ կարպետ» ընկերության բնականոն գործունեությունը: Ընկերության ավելի քան 100 աշխատակից այս պահին կորցրել է իր աշխատանքը, բնակության վայրը:

«Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանի փոխանցմամբ՝ իրենց խնդրի հետ կապված ՀՀ ԿԳՄՍ կամ Արցախի  կրթության, գիտության և մշակույթի նախարարությունների հետ չեն հանդիպել, չեն խոսել, որովհետև ընկերությունը մասնավոր է։

«Ավելին՝ ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, որ Շուշիի հետ մի բան կարող  է պատահել, զարգացումները շատ անհավանական են։ Պատերազմի մոտավորապես 20-25-րդ օրերին, երբ Ստեփանակերտը շատ էր հրետակոծվում, շենք-շինությունները վնասվում էին, հրդեհվում, նույնիսկ մի պահ մտածում էինք Ստեփանակերտի մեր գլխավոր արտադրամասն իր ամբողջ գույքով տեղափոխել Շուշի, որպես ավելի անվտանգ վայր։

Ինչ վերաբերում է գույքը դուրս հանելուն, ապա ասեմ, որ Արցախում ազատ, այդ պահին գործ չկատարող մարդ չկար։ Բոլորը ռազմաճակատում էին, ու ոչ ոք իր անձնականի, բիզնեսի մասին չէր մտածում։ Կանանց մի մասն էլ տարհանված էր։ Իսկ իրադարձությունները շատ հանկարծակի զարգացան ու Շուշին հանձնելով՝ այնտեղ մնաց ամեն ինչ, այդ թվում՝ մարդկանց, ընկերությունների ունեցվածքը։ Շուշիի մեր արտադրամասն իր ամեն ինչով մնաց՝ պահեստով, գորգերի արտադրամասով, դազգահներով,  գույքով, կահույքով, սարքավորումներով, հումքով։ Շուշին հիմա ամբողջով ադրբեջանցիների հսկողության տակ է՝ նոյեմբերի 8-9-ից սկսած։ Խաղաղապահները հսկում են ճանապարհը, որը Շուշիի մոտով է անցնում, միացնում է Ստեփանակերտը Գորիսին։ Շուշիում  ադրբեջանցիներ են, ու ես չգիտեմ, թե հիմա ինչ է հնարավոր անել․ պատկերացում չունեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ այն գորգերը, որ կարողացել են բերել Արցախից՝ հիմա արագ վաճառում են շատ ցածր գնով, որպեսզի արագ վաճառվի, որ գոնե սեպտեմբեր ամսվա աշխատավարձը կարողանան վճարել։

«Այս պահին արդեն 110 աշխատակցից 40-ը ստացել է իր աշխատավարձը։ 3 օրվա վաճառքը տվեց դրա հնարավորությունը։ Ամեն մի գորգ իր գինն ունի, սակայն հիմա արագ վաճառքի համար 30 տոկոսով զեղչել ենք, որ մարդկանց աշխատավարձով ապահովենք՝ սոցիալական ծանր վիճակն այս պահին հաղթահարելու համար։ Օնլայն վաճառք կազմակերպելու ուղղությամբ ևս սկսել ենք աշխատել»,- նշեց «Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրենը՝ հավելելով, որ արցախյան ձեռագործ գորգերը ձեռք բերելու համար կարելի է այցելել ք. Երևան՝ Տաշիր առևտրի կենտրոն, 4-րդ հարկ՝ Արցախյան խանութ-սրահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս