«Շատ հարցեր կան, և կարծես պատերազմի նախավերջին փուլում ինչ–որ խնդիր տեղի ունեցավ, անհասկանալի դարձավ Փաշինյանի պահվածքը, քանի որ երևանյան զորքեր գործի չդրվեցին»․ Տարասով
Նոյեմբերի 10-ին ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիև խայտառակ հայտարարությունից հետո ռուսաստանյան մեդիա-փորձագիտական շրջանակները տարատեսակ տեղեկություններ, մեղադրանքներ, քննադատություններ և հարցեր են ուղղում ՀՀ իշխանություններին։ Լայնորեն քննարկվեց ռուսաստանցի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը НТВ-ի եթերում, որոնց վերաբերում էին պատերազմի ընթացքում ՌԴ առաջարկած կարգավորման փաթեթներին և ՌԴ ցուցաբերած աջակցությանը։ Ռոման Բաբայանը ակնարկներով մի շարք հարցեր ուղղեց, որոնցից մեկը հետևյալն էր․ «ՌԴ-ն գործնականում այս պատերազմի առաջին օրվանից ձեզ առաջարկել է կարգավորման տարբեր, շատ լավ մոդելներ, ոչ նրանք, որ այսօր կան, այլ շատ լավը: Եվ դուք այդ առաջարկները ուշադիր լսելով՝ հրաժարվե՞լ եք»:
Նա նաև հարցրել է՝ ճի՞շտ է, արդյոք, որ Հայաստանի ռազմական օդանավակայաններում վայրէջք են կատարել ռուսական ռազմատրանսպորտային օդանավեր:
«Պատասխանեք մեզ, խնդրում եմ, ճի՞շտ է, որ դուք ստացել եք սպառազինության բոլոր այն համակարգերը, որոնք խնդրել եք անձամբ»,- հարցրել է Ռոման Բաբայանը և տեղեկացրել, որ ոչ այնքան հստակ պատասխանի դեպքում կտա ավելի կոնկրետ հարցեր:
Մարգարիտա Սիմոնյանը ևս հարցեր էր տվել ՀՀ վարչապետին՝ ակնարկելով, որ ՌԴ առաջարկներն ընդունելու փոխարեն՝ հայկական կողմը բանակցել է ԱՄՆ-ի հետ, ինչն այսօր Նիկոլ Փաշինյանը կտրականապես հերքեց։ «Ճի՞շտ է, արդյոք, որ այդ բանակցությունները և ձեր բանակցողները, ձեր դանդաղկոտությունը և չկողմնորոշվածությունը, երկու աթոռի վրա միաժամանակ նստելու փորձը հասցրեցին նրան, ինչին հասցրեցին: Ճի՞շտ է արդյոք, որ դուք նրանց հետ բանակցել եք այս ամբողջ ընթացքում»,- հարցրել էր Սիմոնյանը:
Նշենք նաև, որ Հայաստանում ևս ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, որ ռուսական կողմը կարգավորման շատ ավելի լավ տարբերակներ է առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին պատերազմի առաջին օրերին։
Հիշեցնենք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոկտեմբերի 14-ի ասուլիսը ռուսաստանյան հեղինակավոր լրագրողներին, որի ընթացքում նա խոսել էր բանակցային սեղանին առկա առաջարկների մասին։ Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ, իհարկե, հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է։ «Առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, դա փուլային, հետզհետե Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Այս սխեման լավ հայտնի է»,- պարզաբանել էր ՌԴ ԱԳ նախարարը՝ շարունակելով, որ այս տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը՝ զուգահեռ հողի վրա անվտանգության հարցերը լուծելով։
Հարցին, թե հուսալի կապ Հայաստանի հետ՝ նկատի ունի երկու շրջաննե՞ր՝ Լաչինի միջա՞նցք, այսինքն՝ 2-5 սխեմա՞, Լավրովն արձագանքել էր՝ մանրամասնելով, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում են քննարկվել և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։
«Իսկ առաջին փուլում, բացի հինգ շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը»,- ասել էր Լավրովը։
Սրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին, որում նա ըստ էության ասաց, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է կապիտուլյացիա։
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը խորությամբ ուսումնասիրող ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովին հարց ուղղեցինք, թե արդյոք ռուսական միջնորդությունը պատերազմող կողմերին առաջարկե՞լ է կարգավորման տարբերակներ պատերազմի սկզբնական փուլում և ինչպիսի՞ տարբերակներ են դրանք եղել։
Տարասովն ասաց, որ եռակողմ հայտարարության բովանդակությունը, դրանում ընդգրկված բազմաթիվ կետերը թույլ են տալիս ենթադրել, որ փակ դռների ետևում բավականին ինտենսիվ բանակցային գործընթաց է ծավալվել քառակողմ ձևաչափով՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա, և քառակողմ ձևաչափի մասին պնդումները հաստատվում են ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի ելույթներով։ Հետևաբար, ըստ նրա, այս 45 օրերի ընթացքում, դա մեծ ժամկետ է, եղել են իսկապես տարբեր ֆորմուլաներ, եղել է առաջարկ՝ Կազանի ֆորմուլայով լուծել, որպեսզի դրա շուրջ կոնսենսուսով Երևանն ու Բաքու դադարեցնեին գործողությունները։
«Այդ մասին ես չեմ ասում, այդ մասին խոսել էր ԱԳ նախարար Լավրովը»,- ասաց նա։
Տարասովը նշեց, որ ճակատի տարբեր հատվածներում իրավիճակով պայմանավորված՝ կրելով մեծ կորուստներ, որոշակիորեն Ադրբեջանը համաձայնում էր, սակայն անհամաձայնություն ցույց էր տալիս Երևանը։
«Շատ բան հնարավոր չէ ասել, բայց պատերազմի ընթացքում Ռուսաստանը Երևանին աջակցություն էր ցույց տալիս, իսկ թե ինչպես էր այն օգտագործվում, որքանով գրագետ, բարդ է ասելը, բայց մեզ թվում է, որ այն, հնարավոր է, որ չի էլ կիրառվել։ Ռուսաստանում կիրթ ռազմական փորձագետները ուշադիր հետևել են, թե ինչպես է վարվել պատերազմը, շատ հարցեր կան, և կարծես թե պատերազմի նախավերջին փուլում ինչ–որ խնդիր տեղի ունեցավ, անհասկանալի դարձավ Փաշինյանի պահվածքը, քանի որ երևանյան զորքեր գործի չդրվեցին»,- ասաց Տարասովը՝ կիսվելով իր տպավորություններով։
Նա նաև ասաց, որ 45 օրվա ընթացքում կողմերն ունեցան հսկայական զոհեր։
Նա նշեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչ տեղի ունեցավ Շուշիի շուրջ։
«Բոլոր նշաններից ելնելով՝ Շուշին հանձնել են, քանի որ կար դիմադրելու ռեսուրս, երբ Շուշին ընկավ, այդ շրջան այցելած բոլոր մարդիկ գիտեն, որ ափի վրա բացվում է Ստեփանակերտը, և կարելի է հեշտությամբ թիրախավորել։ Դա ամենաճգնաժամային պահն էր, և, թե ինչու հենց այդ պահին գնացին այդ համաձայնությանը, սա ևս հետաքրքրական հանգամանք է, քանի որ Ալիևը չցանկացավ վերացնել հայկական անկլավն ամբողջությամբ»,- ասաց Տարասովը։
Ռուս փորձագետն ասաց, որ չափազանց շատ են հարցերը ՀՀ ղեկավարությանը, որոնցից մեկը հետևյալն է՝ Երևանը նման չէր ճակատային քաղաքի այն դեպքում, երբ Բաքվում համընդհանուր զորահավաք էր։
«Եթե հնարավոր էր հանձնել առանց այս ամենի, Փաշինյանը գնաց ամենաստոր ճանապարհով»,- ասաց Տարասովը։
Հարցին, թե Ռուսաստանում ինչպե՞ս են տեսնում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, Տարասովը պատասխանեց, որ ՌԴ-ում կարծում են, որ բոլոր փոփոխությունները Հայաստանում ժողովրդավարական հաստատում պետք է ունենան։
«Բոլորը հասկանում են, որ Փաշինյանն ապագա չունի, բայց հասկանում են նաև, որ միջազգային հանրությունը չի ցանկանա պետական հեղաշրջում, պետք է հարցը լուծվի ընթացակարգերով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով ժողովրդավարական ճանապարհով, որ հայերն ընտրեն իրենց ղեկավարին։ Կա՞, թե՞ ոչ նման ղեկավար Հայաստանում, մենք չգիտենք»,- ասաց Տարասովը։
Նա արձանագրեց, որ այս ամենի հետևանքով տեղի ունեցավ ռադիկալ փոփոխություն՝ ռուսական գործոն հայտնվեց՝ ռուսական խաղաղապահներ, ի դեպ, նրանք այնպիսի խաղաղապահներ չեն, ինչ Վրաստանում ժամանակին։
«Սրանք լուրջ զորքեր են, որոնք կարող են վարել ինքնուրույն ռազմական օպերացիաներ։ Դա շատ լուրջ է, նրանք կկանգնեն հինգ տարի, հետո կերկարաձգվի, հինգ տարի կարգավիճակի հարցը կքննարկվի, բայց չի լուծվի»,- ասաց Տարասովը։
Ըստ նրա, Ռուսաստանն ամրապնդվում է, բազմակոմբինացված քայլեր է իրականացնում՝ հաշվի առնելով, որ Իրանի դեմ կարող են լինել ինչ-որ գործողություններ։
Ռուս վերլուծաբանն ասաց, որ այս իրավիճակում գրագետ որոշումների համար հարկավոր է Հայաստանին սուպերինտելեկտուալ փորձագիտական աշխատանք՝ լուրջ որոշումների կայացման համար։
«Կորցրին հնարավորություն, երկու տարի զբաղվեցին չգիտես՝ ինչով, Քոչարյան, այս կողմ, այն կողմ, այստեղ՝ ձերբակալում, այնտեղ՝ բաց թողնում, այդ ժամանակը բաց թողնվեց, չամրապնդեցին բանակը, թեև պատերազմը լինելու էր, բոլորը խոսում էին պատերազմից, բացի Փաշինյանից»,- ասաց Տարասովը։
Վերջինիս գնահատմամբ, Ռոման Բաբայանը և Մարգարիտա Սիմոնյանը հարցեր են բարձրացնում, և դրանք հիմնավոր են, քանի որ նրանք տեղեկացված և կոմպետենտ անձինք են։
«Թող պատասխանի, թե որտե՞ղ է այդ զենքը, եկե՞լ է արդյոք այն, թե՞ ոչ։ Ռուս զինվորականները, բնականաբար, շատ բան գիտեն, բայց նրանք լռում են, քանի որ նրանք չեն ցանկանում վնասել հայ ժողովրդին, այդ թվում՝ ես»,- ասաց Տարասովը։