«Որոշումները կայացվել են սահմանափակ ժամանակաշրջանում՝ խորհրդակցելով ըստ էության Զինված ուժերի Գլխավոր շտաբի և Արցախի քաղաքական ղեկավարության հետ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ հարց հնչեց նաև, որ, եթե ԱԺ պատգամավորները, ընդ որում, ոչ միայն իշխանական, նախարարները,  Կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին իր քննարկած բուն փաստաթղթից, արդյո՞ք դա չի նշանակում, որ այդ ինստիտուտները չեն գործում և ճգնաժամի մեջ են։ Արդյո՞ք չի կարծում, որ արտահերթ ընտրությունների միջոցով պետք է ձևավորել նշված ինստիտուտների իրավահաջորդներին։

«Նախ ուզում եմ ասել, որ պատերազմի ընթացքում գոնե երկու անվտանգության խորհրդի նիստ ենք ունեցել, որին մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահը, Վեհափառ հայրապետը, նաև խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչներ, նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել, և քննարկումներ են տեղի ունեցել, որ ընդհանուր առմամբ միտումների մասին նրանք տեղյակ են եղել։ Այո, կոնկրետության հետ կապված՝ շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետև ինչպես ասացի՝ եղել է մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում, շատ սահմանափակ ժամկետում։ Այդ որոշումները կայացվել են սահմանափակ ժամանակաշրջանում՝ խորհրդակցելով ըստ էության Զինված ուժերի Գլխավոր շտաբի և Արցախի քաղաքական ղեկավարության հետ։ Կոնկրետ իրադարձություններ էին զարգանում, և այդ իրադարձություններին պետք էր շատ կոնկրետ արձագանքել»,- ասաց Ն. Փաշինյանը։

Ինչ վերաբերում է կոնկրետ ինստիտուտների գոյությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք, իհարկե, գործում են և կգործեն։

«Հիմա ես շատ կարևոր եմ համարում, որ մենք ՀՀ-ում կայունությունը և հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք և մենք այսօր պետք է կենտրոնանաք այդ խնդրի վրա։ Խորհրդարանը, նախագահը և մնացած բոլոր ինստիտուտները ոչ թե չպետք է գործեն, այլ պետք է գործեն, և դրանց գործունեությունը պետք է ուղղված լինեն կոնկրետ անվտանգությունն ու կայունությունը ապահովելուն։  Եվ թույլ տվեք ասել, որ իմ կարծիքով և համոզմամբ՝ այդ ինստիտուտները գործունակ են և ունեն գործելու մանդատ և լիազորություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս