«Չե՛նք ուզում այլևս իրենց տեսնել և լսել, և դրա իրավունքն ունենք». Միքայել եպիսկոպոս Աջապահյան
«Ժողովրդական հուզումը շատ հասկանալի է, շատ ընդունելի է և շատ արդարացի: Անհասկանալի է իշխանության պահվածքը, որն ուզում է ամեն գնով արդարանալ և նաև փորձում է արդարանալ սպառնալիքների, շանտաժի և մանիպուլյացիաների միջոցով»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ձեռք բերված հայտնի համաձայնագրին հաջորդած հասարակական դժգոհության ալիքին, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Շիրակի թեմի առաջնորդը նշում է, որ ցանկացած նման դեպքում կառավարությունը հեռանում է, քանի որ դա բարոյականությունն է պահանջում. «Կառավարությունը հրաժարական է տալիս, գալիս են նոր մարդիկ, ինչպես սիրում էր ասել՝ նոր կետից սկսում են: Եվ ի՞նչ է իմաստը նախկիններով վախեցնելու՝ ոչ մեկն էլ չի ցանկանում նախկինների վերադարձը, ես էլ չեմ ցանկանում նախկինների վերադարձ (հանկարծ ինձ էլ չպիտակավորեն՝ իբրև նախկինների մարդ), բայց այսօրվա կառավարությունը պետք է հրաժարական տա՝ հեռանա: Ի՞նչ կա այստեղ չհասկանալու և չընդունելու. դա պարզ բարոյականությունն է պահանջում:
Հիմա ուղիղ եթերով ասում է՝ փորձեցինք-չստացվեց, այո՛, փորձեցիք-չստացվեց, հրաժարական տվե՛ք-գնացե՛ք: Երբ կառավարությունը, առավելևս՝ պատերազմի պայմաններում փորձում է և չի ստացվում, պետք է հրաժարական տա»:
Հարցին, թե ինչո՞ւ վարչապետն այդ քայլին չի գնում, ինչո՞ւ այսօր հնչող այդ հորդորը, պահանջը լսելի չէ, Սրբազան հայրը պատասխանեց. «Երկու պատճառ եմ տեսնում՝ կամ՝ Ռուսաստանը նախապայման է դրել իր առջև՝ ասելով, որ բոլոր կետերը կկատարես, նոր կհեռանաս, ենթադրում եմ, և երկրորդ՝ որ այս մարդը չի հասկանում իրադրությունը և ինչ-որ անհավասարակշիռ պահվածք ունի, հոգեկան առողջության խնդիր ունի, որ չի հասկանում՝ եթե կառավարությունը փորձում է պատերազմ շահել և դատապարտվում է կապիտուլյացիայի, ինքը պետք է հրաժարական տա: Դա պարզ բարոյական մոտեցումն է, և իրեն արդեն չպետք է բնավ հետաքրքրի՝ նախկինը կգա, հաջորդը կգա, ով կգա, ինչ կգա, ժողովուրդն ում ուզեց՝ նա էլ կգա:
Սրանից վատ հնարավո՞ր է լինի: Ի՞նչ պետք է լինի սրանից վատ: Մեր ամենավատ երազում մենք նման բան չէինք տեսել: Որ այս հայտարարությունը կյանքի կոչվի, մեր սերունդը կորցնում է իր անցյալը, երիտասարդները զրկվում են իրենց ներկայից, երեխաները չեն ունենում ապագա. սրանից վատը ո՞րն է:
Հենց հիմա եթերում ինքն ասում է՝ փորձեցինք-չստացվեց. փորձե՞լ եք, չի՞ ստացվել, հեռացե՛ք, մարդկանց աչքերը գոնե մաղձով մի արեք: Հոգնեցինք այլևս իրենց տեսնելուց և լսելուց, չե՛նք ուզում այլևս իրենց տեսնել և լսել, և դրա իրավունքը ունենք:
Հայրենիքը ձեռքներիցս գնաց, սա երկիր չէ, հող չէ,տարածք չէ՝ հայրենի՛ք է, և մեր թանկ գնով ձեռք բերված հայրենիքն էր, մեր սերնդի ձեռք բերած հայրենիքն էր: Մեզ մեր անցյալից զրկեց, մեր հպարտությունից զրկեց, մեզ մեր կենսագրությունից զրկեց»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ news.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը, որով նա կոչ էր անում առաջնագծի տղաներին գալ Երեւանում և «վերջնականորեն լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը», ասել էր.
«Հայաստանի վարչապետի և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան հիվանդ է։ Ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը և բանակի առողջ զանգվածը պետք է միջոցներ ձեռնարկեն իշխանությունից նրան խաղաղ հեռացնելու, երկիրն ու ազգը այս հիվանդությունից փրկելու համար»։ Դիտարկմանը՝ գուցե վարչապետի թիմակիցները վախենում են նրա դեմ դուրս գալ, քանի որ սպառնում են նրանց հետ հաշվեհարդար տեսնել, Աջապահյանն արձագանքել էր. «Հարցը վախենալը չէ, պարզապես այդ մարդիկ էլ օրգանական կապի մեջ են մեկը մյուսի հետ։
Ապրիկարների, ապաշնորհների, դիլետանտների նույն օրգանիզմն է, որոնք խոսելուց և օտարերկրյա սեմինարների մասնակցելուց բացի ոչինչ չեն արել։ Նրանց մեծամասնությունը պրակտիկ աշխատանք չի կատարել, բանակում չեն ծառայել, ոչ մի բանից տեղյակ չեն, և եթե հիմա մանդատները վայր դնեն՝ դուրս գան, բարձր աշխատավարձերի և պարգևավճարների կորսուտ կունեն։ Այդ մարդիկ հայրենիք չունեն, որ հասկական հայրենիք են կորցրել։ Նրանք նույն հիվանդ օրգանիզմի մասն են, հետևաբար պետք է «Հիդրայի գլուխը» հեռացնել, որպեսզի մնացածը հեռանան»։