«Ես եմ այն թիվ 1 պաշտոնյան, ով պատասխանու է տեղի ունեցածի համար…, բայց…». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր առավոտյան կայացած առցանց ասուլիսի ընթացքում ուղղված առաջին հարցը վերաբերում էր վարչապետի պատասխանատվությանը՝ արցախաադրբեջանական պատերազմ սկսվելու հարցում:
«Հայտնի է, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Ընդունո՞ւմ եք պատասխանատվությունը, որ պատերազմը Ձեր վարած քաղաքականության հետևանք է նաև: Եվ եթե ոչ, ո՞վ է այն պաշտոնյան, ով պատասխանատու է տարածքային կորուստների, հազարավոր զոհերի ու գաղթականների համար»,- նշված էր «Առավոտ» օրաթերթի հարցում:
«Գիտեք, որևէ կասկած չկա, որևէ կասկած չկա ինձ համար և տարընթերցում չկա, որ ես եմ այն թիվ 1 պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեցածի համատեքստում կրում է պատասխանատվությունը: Էստեղ տարընթերցում չկա: Եվ ես հասկանում եմ նաև, ինձ հաշիվ եմ տալիս, որ էս փաստի բերումով, ինչպես նախկինում, գործունեության բերումով պետք ա կանգնեմ, եթե շատ պայմանական ասենք, կամ մի քիչ սուր ձևակերպենք, մեր ժողովրդի դատի առաջ»,- հարցին պատասխանել սկսելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա պատասխանի շարունակությունից տպավորություն էր ստեղծվում, թե վարչապետը փորձում էր ամեն կերպ իրեն արդարացնել՝ այլ պատասխանատուների վկայակոչելով:
«Բայց որպեսզի տվյալ դեպքում դատավորը, ժողովուրդը եզրահանգումների գա, ինքը պետք ա տիրապետի գործի բոլոր հանգամանքներին: Հենց նույն զինվորներին լսելը, հենց նույն ընդդիմությանը լսելը, կառավարությանը լսելը, բոլորին լսելը էս պրոցեսի շատ կարևոր և անբաժանելի մասն է: Եվ ես կարևոր եմ համարում արձանագրելր, թե ինչ ա տեղի ունեցել, ինչ է տեղի ունեցել:
Իսկ տեղի է ունեցել հետևյալը, որ 2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հատել էր, հատել էր, մեզնից առաջ չվերադառնալիության կետը, երբ որ ըստ էության հարցը մտել էր տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ:
Հիմա, եթե դուք ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, օրինակ, որ շատ-շատ հանրապետականներ էսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, կանխատեսումները և այլն, և այլն՝ ասելու, որ… որտեղ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու, էս է արվելու, էն է արվելու, էն է արվելու:
Էստեղ կա 3 տարբերակ: Կամ էդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունը և ես իրոք դավադիր ենք, որ հատուկ չարամիտ դատադրությամբ եկել հասել են իշխանության, որ Արցախի համար պրոբլեմներ ստեղծեն, և կա 3-րդ տարբերակը՝ էդ մարդիկ պարզապես էդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացը, ուր է հասել և ինչ անխուսափելի պահանջներ և կոնսենսուս կա դրված ՀՀ-ի առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա վարչապետը, իր գործունեությունը պարզաբանելու համար, խոսեց այս համատեքստում իր վարած քաղաքականության մասին:
«Հիմա իմ վարած քաղաքականությունը այդ համատեքստում: Իմ վարած քաղաքականությունը եղել է հետևյալը՝ փորձել չհամաձայնվել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը և, ըստ էության, հիմա կարող ենք ասել, որ, ցավոք, այո, մեզ դա չի հաջողվել: Մեզ դա չի հաջողվել, որովհետև, ըստ էության, մենք կանգնած ենք, նաև պատերազմից առաջ կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, երբ որ եղել է, ըստ էության, միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին առանց, ըստ էության, որևէ, որևէ նախապայմանի: Եվ ամբողջ քաղաքականությունը եղել է՝ փորձ անել փոխել էդ տրամաբանությունը: Եվ մենք, այո, չենք կարողացել փոխել այդ տրամաբանությունը և գուցե էդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները, հնարավորությունները ճիշտ չենք գնահատել:
Բայց մյուս կողմից, եթե ճիշտ չենք գնահատել, մենք ի՞նչ պետք ա անեինք: Պե՞տք ա համակերպվեինք դրա հետ: Ես, օրինակ, չէի կարող դրա հետ համակերպվել և փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունը այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար: Փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի 2 տարվա ընթացքում մեր զինված ուժերի մարտունակությունը և զինվածության մակարդակը էականորեն բարձրանա և մեծանա»,- նշեց ՆԻկոլ Փաշինյանը:
Հետո վարչապետը զարմանք հայտնեց, թե իրեն ու կառավարությանը մեղադրանքներ են ուղղվում, որոնք հակադարձում են միմյանց:
«Բայց, եթե էդ հարցի համատեքստում նայենք մենք, մեզ, մեզ մեղադրում են հակադարձ բաների մեջ, հակադարձ բաների մեջ: Օրինակ, մեզ մեղադրում են, ասում են, որ դուք, ըստ էության, ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ: Բայց մյուս կողմից մեզ մեղադրում են, որ մենք ավելի վաղ չենք ստորագրել թուղթ և թղթեր, որպեսզի էդ տարածքները հանձնվեն: Այսինքն՝ մեզ հա՛մ մեղադրում են հանձնելու մեջ, հա՛մ մեղադրում են չհանձնելու մեջ ավելի շուտ: Որովհետև, որովհետև, շատ պարզ տրամաբանական պատճառով: Ես արդեն ասացի, որ մեր բանակը, մեր զինված ուժերը կռվել են, դիմադրել են էնքան ժամանակ, մինչև էդ դիմադրությունը ունեցել է կոնկրետ նպատակ, իմաստ՝ ռազմավարական և մարտավարական:
Եվ մեզ մյուս կողմից էլի մեղադրում են հակադարձ բաների մեջ: Մեզ մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, և մեզ մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար և մեր 30, 20-35 հազարանոց զորախումբը շրջափակումից դուրս դնելու կամ շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք էդպիսի քայլի»,- ասաց Ն. Փաշինյանը:
«Եվ էս ամեն ինչի պատասխանատվությունը, իհարկե, իմն է, առաջին հերթին իմն է, բայց էդ պատասխանատվությունը լիարժեք կրելու համար ես հարկ եմ համարում, որ բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար, բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար: Եվ այս խոսակցությունների և զրույցների նպատակը, կարևոր նպատակներից մեկը հենց դա է»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: