Փաշինյանը 2016թ․ ասել է՝ ինչպե՞ս պետք է վարվել Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիան թույլ տվողի և հողեր հանձնողի հետ

Դեռևս 2016թ․ հուլիսի 22-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցը վերածել էր քաղաքական հարթակի՝ հանդես գալով իշխանության հեռացման կոչերով: Իր ելույթում նա անդրադարձել էր «Սասնա ծռեր» խմբի գործունեության՝ ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ և իր նախկին զինակից Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իր այդ ելույթից մեկ օր առաջ, հիշեցնենք, հայտարարել էր, թե այլևս չի գնալու նշված փողոց:
Դրա հաջորդ օրը, սակայն, նա տեսանյութ տարածեց, որով հայտարարեց ժամը 20:00-ին Խորենացի փողոցում ելույթ ունենալու մասին:

Նիկոլ Փաշինյանի՝ 2016թ․ այս ելույթը՝ փոխզիջումների, Լավրովի պլանի և կապիտուլյացիայի մասին, հատկապես հետաքրքրական է՝ հատկապես իր կողմից այսօր թույլ տված Արցախի կապիտուլյացիայի, հանձնած հազարավոր հեկտարներով հողերի և հազարավոր զոհերի դաժան իրականության պայմաններում։ Նա այդ ժամանակ մեղադրում էր Լևոն Տեր–Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին՝

Այսօր հիշեցնենք նրա այդ օրերի խոսքը

«Ուզում եմ անդրադառնալ այսօր տեղի ունեցած 1-2 իրադարձության․այսօր հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և նա, ես կասեի՝ տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել։

Անդրադառանալով Պարեկապահակային ծառայության գնդում տեղի ունեցածին, «Սասնա ծռերի» գործողություններին՝ նա ասել է հետևյալը․ «Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որոնք առիթ են տվել սրան, այդ պատճառները կվերլուծենք հետո»։

Այսինքն, ասում է՝ պատճառները ոչ թե հիմա պետք է վերլուծենք, այլ՝ հետո։ Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն՝ առնվազն տարօրինակ է։

Պատկերացնո՞ւմ եք՝ ասել կարիք չկա հասկանալ ՝ ինչ հիվանդությամբ է տառապում հիվանդը, եկեք նրանց բուժենք, հետո կհասկանանք, թե ինչով է հիվանդ։ Նման բան ասել՝ նշանակում է հետևյալը․թողենք հիվանդը մեռնի, հետո դիահերձումից կորոշենք, թե ինչը դարձավ նրա մահվան պատճառը։ Ես համարում եմ, որ սա ամոթալի հայտարարություն է։ Եվ մի՞թե առաջին նախագահը կարող է չգիտակցել այս նրբոււթյունը․ ես խիստ կասկածում եմ, որ նա չէր հասկանում, թե ինչ է հայտարարում։ Հետևաբար, ինչո՞ւ է նման բան ասում։ Մի՞թե այն պատճառով, որ գիտակցում է, որ իրավիճակի խորքային վերլուծությունը կարող է ցույց տալ, որ այս իրավիճակի փուլային կամ փաթեթային լուծումը պարտադիր կերպով կարող է ներառել մի կոմպոնենտ, այն է՝ Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից։ Ասելով, որ հիմա պետք չէ վերլուծել, Լևոն Տեր-Պետրոսյանն ըստ էության ասում է, որ պետք չէ անել այնպիսի մտահանգումներ, նկատել այնպիսի փաստեր, որոնք հանկարծ կարող են վկայել, որ Սերժ Սարգսյանը հնարավորինս շուտ պետք է հեռանա իշխանությունից։ Եվ ինչո՞ւ է սա ասում առաջին նախագահը, ես հիմա ցավալի արձանագրում եմ անելու․ինձ համար շատ ցավալի է, Լևոն Տեր-Պետրոսյանը, այո, դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան։ Դա մի խայտառակ և ստորացուցիչ լուծում է Հայաստանի Հանրապետության համար և այդպիսի լուծման համաձայնելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։
Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում․ բացի աշխարհայացքային, աշխարհաքաղաքական պատճառներից այստեղ կա ևս մեկ կարևոր անձնական մոտիվ։ Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին՝ ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի, ի վերջո, կարողանա արձանագրել, որ ինքը 1997-98թթ․ ճիշտ էր ասում։

Բայց սա, էլի եմ ասում, ամոթալի մոտեցում է․ ինչո՞ւ, որովհետև չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին՝ մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր լկտիաբար հոխորտում է Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին։

Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ այսպիսի մթնոլորտում՝ Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին՝ նշանակում է խոսել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կապիտուլյացիայի մասին։ Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիան։ Հայ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի՝ այսպիսի կապիտուլյացիաներից խուսափելու, ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, պետական ինքնասիրությունը պաշտպանելու համար։ Եվ այսօր սա ՀՀ քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցն է»,-կրկնում ենք՝ 2016թ․ հուլիսին հայտարարել է ինքը` Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ պատգամավոր էր։

Տեսանյութեր

Լրահոս