Արցախի փախլավա, գաթա, թթու ու ժենգյալով հաց. արցախցի կանայք Երևանում աշխատում են ի նպաստ իրենց երկրի
Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Երևանի տարբեր հատվածներում զգացվում է արցախյան խոհանոցի խորհրդանիշներից մեկի՝ ժենգյալով հացի բույրը: Հայ ազգի համար այս դժվար օրերին արցախցի կանայք մի փոքր լավ են զգում իրենց այն մտքից, որ կարողանում են գոնե ինչ-որ կերպ, իրենց ուժերի ներածին չափով օգնել Արցախին ու սահմանը պահող զինծառայողներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցի սոլֆեջիոյի ուսուցիչ Լուսինե Ավագյանը, ով այս օրերին գնտվում է Երևանում, ասաց, որ Արցախի իր հարևանուհիների հետ արդեն մոտ 20 օր է, ինչ Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատույթում գտնվող այգում պատրաստում է ժենգյալով հաց: Ստացված գումարի մի մասն էլ հատկացվում է արցախցի ընտանիքներին և զինծառայողներին: Ժենգյալով հացից բացի կանայք պատրաստում են նաև գաթա, փախլավա և թթու:
Նա նշեց, որ Երևանի կենտրոնում աշխատելու համար իրենց տարածք են տրամադրել Ռուսաստանից և Ավստրիայից ժամանած երիտասարդ տղաներ:
«Նրանք մեզ ասացին, որ ցանկանում են բարեգործական նպատակներով օգնել մեզ, տեղ հատկացնել աշխատելու համար: Այժմ օրավարձով աշխատում ենք: Առաջին 10 օրվա այստեղից ստացված գումարի մի մասը՝ մոտ 600 հազար դրամ, այդ տղաների հետ միասին ուղարկել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև 3 մեծ արկղով հեռադիտակներ, մարտկոցներ և ներքնազգեստ ենք ուղարկել Արցախ»,- նշեց մեր Լուսինե Ավագյանը:
Խոսելով Մարտունիում գտնվող զինծառայողների մասին՝ տիկին Լուսինեն ասաց, որ նրանց հետ են նաև իր ամուսինն ու իրենց հարազատները:
«Հոկտեմբերի 1-ից տեղափոխվել ենք Երևան: Չէինք ցանկանում գալ, թողնել մեր տունը, սակայն մեր քաղաքապետն ասաց, որ վտանգավոր է այնտեղ մնալը, հատկապես երեխաների համար: Բայց ինչ ուզում է լինի մենք հավատում ենք, որ հետ ենք գնալու ու նորից վերականգնելու մեր քաղաքն ու մեր երկիրը»,- նշեց տիկին Լուսինեն:
Նա հավելեց, որ այս պահին ով Մարտունու ռազմական ոստիկանության պետ իր ամուսինը, իր քրոջ ամուսինը Արցախում են գտնվում:
«Որդի ունեմ, սակայն նա դեռ 17 տարեկան է, սովորում է 12-րդ դասարանում: Նա մինչ այս էլ Երևանում էր, «Արարատ» ֆուտբոլային ակումբում է խաղում և սովորում: Հունվարին էլ 18 տարին կլրանա, մինչ այս ասում էր. «Անպայման գնալու եմ Արցախում ծառայեմ, պարտքս տամ հայրենիքիս»,- ասաց մեր պատմության հերոսուհին:
Խոսելով քաղաքում ընթացող ենթակառուցվածքների վերականգնման մասին՝ նա ընդգծեց, որ ամուսինն ասել է՝ արդեն էլեկտրականությունն ու գազամատակարարումն են փորձում վերականգնել:
Տիկին Լուսինեն իր հարևանուհիների հետ սպասում է, որպեսզի այդ հարցերը լուծվեն, և իրենք օր առաջ վերադառնան իրենց տուն:
«Լույսը, ջուրը և գազը որ ապահովված լինեն, մնացածը մենք ինքներս կվերանորոգենք ու կկառուցենք: Բոլորիս տները վնասվել են, եթե մեկի տունը կանգուն է, բայց պատուհաններն ամբողջությամբ փշրվել են այդ պայթյուններից ու արկերից: Մի փոքր մտածում ենք, որ առջևում ձմեռ է, ցուրտ է լինելու, ապրելու համար դեռևս անբարենպաստ պայմաններ են, սակայն շատերս տրամադրված ենք վերադառնալ»,- եզրափակեց Լուսինե Ավագյանը:
Նա արցախյան համեղ ուտեստներ է պատրաստում է իր հարևանուհիների հետ, ովքեր Արցախում տարբեր մասնագիտություններ են ունեցել, աշխատել են ռեստորանում, խանութում, հաշվապահությունում: