Թուրքիան փորձում է խցկվել Արցախ․ ռուս-թուրքական բանակցությունները շարունակվում են
Արդեն երկու օր է՝ Անկարայում շարունակվում են ռուս-թուրքական բանակցությունները Սիրիայի և Արցախի հարցով։ Նախօրեին Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են Սիրիայի հարցը, ապա անցում կատարել արցախյան թեմատիկային։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ տեխնիկական բանակցությունները շարունակվելու են առաջիկա օրերին, իսկ թե կոնկրետ երբ ու որտեղ՝ դեռ չի հստակեցվում։
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ի Փաշինյան-Պուտին-Ալիև չարաբաստիկ հայտարարությունից հետո նոյեմբերի 11-ին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի առցանց բանակցություններից հետո ստորագրվեց հուշագիր ԼՂ-ում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մասին։ Թուրքիան և Ադրբեջանը, այդ թվում՝ Թուրքիայի ՊՆ ղեկավարը, նշում են, որ Թուրքիան ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունում իր տեղն է ունենալու, ինչը հերքում են թե ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, թե ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ասելով, որ համատեղ դիտորդական կենտրոնը գործելու է Ադրբեջանի տարածքում, իսկ թուրք խաղաղապահների մասին եռակողմ հայտարարությունում որևէ խոսք չկա։
Նշենք որ այսօր Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը»։
Այնուամենայնիվ ՌԴ ներկայացուցիչների հայտարարություններից հետո թուրք-ադրբեջանական պաշտոնյաները և առաջատար լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ ռուս-թուրքական բանակցությունները ԼՂ–ում թուրքական դիտորդական ներկայության և այլ հարցերի շուրջ են։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը փորձեց պարզաբանել, թե որն է լինելու ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գործառույթը, լիազորությունների շրջանակը, և ռուս-թուրքական բանակցություններից հետո որքանո՞վ է հնարավոր թուրքական ռազմական ներկայություն ԼՂ-ում եռակողմ հայտարարության խախտմամբ։
Նա նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ Թուրքիան ցանկանում է շահել ԼՂ-ում ռազմական ներկայություն, բայց դա տեղի չի ունենա, քանի որ առաջին հերթին՝ նման բան չկա համաձայնագրի տեքստում, և երկրորդ հերթին՝ այդ մոնիտորինգային կենտրոնը, որում կարող են ներկա լինել թուրք մասնագետները, ենթադրում է լիովին այլ աշխատանք, քան խաղաղապահությունը։
Կոնովալովն ասաց, որ այդ կենտրոնը հիշեցնում է մոտավորապես այն, ինչ ներդրվեց Դոնբասի հակամարտության ժամանակ Դոնբասում, որում մասնակցեցին՝ ինչպես ռուս, այնպես էլ՝ ուկրաինացի մասնագետներ։
«Բայց այն կառույց կամ այլ ինչ-որ բան չէր, որը ռազմական խնդիրներ էր լուծում, լուծում է քաղաքացիների անվտանգության ապահովման խնդիր։ Սակայն ես հասկանում եմ թուրքական կողմին, որը պարտվել է միանշանակ և որը փորձում է պոկել իր համար այն աստիճանի հնարավորություն, որ նրանք ևս հայտարարեն, որ սա հաղթանակ է, բայց քաղաքականապես նրանք պարտվել են, ուստի նրանք գործելու են մինչև վերջին հնարավորությունը։ Բայց Ռուսաստանի կտրուկ դիրքորոշումն անփոփոխ կլինի, և, բացի դրանից, ինչ էլ պատահի, դեռ ադրբեջանական կողմը ռուսական կողմին պետք է ներկայացնի, թե ով սպանեց ռուս սպաներին, ով հարվածեց ռուսական ուղղաթիռը, սա կարևոր հարց է, և, ինչպես երևում է, որ Բաքուն և Անկարան խուսափում են նրանից, որպեսզի անեն կոնկրետ քայլեր։ Թուրքական կողմը մինչև վերջ կխաղա, բայց իրավիճակը քիչ հավանական է, որ կփոխվի։
Եթե նման բան թույլ տրվի, դա կպայթեցնի իրավիճակը միանշանակ։ Թուրքական կողմը դա կցանկանար, բայց դա չի ուզում ռուսական կողմը, որը փրկել է իրավիճակը, զոհաբերել է իր սպաներին, մեր սպաները զոհվեցին»,- ասաց Կոնովալովը՝ շարունակելով, որ թուրքական մասնագետների ներկայությունը սահմանափակվելու է Ադրբեջանի տարածքով։
Հարցին, թե այս հայտարարությունից և եռակողմ համաձայնությունից ի՞նչ շահեցին հայկական կողմերը՝ Կոնովալովը ցավով նշեց, որ քաղաքականապես հայկական կողմը, իշխանությունը չշահեց ոչինչ։ Բայց նրա համոզմամբ՝ շահել է Արցախի ժողովուրդը, որի «սպանությունը» կանգնեցվեց ռուսական առաքելությամբ։
«Կյանքն ավելի թանկ է, քան քաղաքական բոլոր տեսակի տարաձայնությունները և հաղթանակները։ Այս պատերազմում որևէ մեկին հաղթող անվանելը դժվար է, կան հաղթանակներ, ՌԴ-ն, քաղաքական լուծմամբ, իհարկե, հաղթեց, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ռազմական իմաստով հաղթել է, թողնենք դա նրանց, թող այդպես կարծեն, թուրքական կողմը տապալվեց լիովին՝ բոլոր հոդվածներով, իսկ հայկական կողմը ոչինչ չհաղթեց։ Բայց ուզում եմ ասել, որ չշահեց ոչ ոք, ռուսական կողմն այս ամենի համար գումարներ պետք է ներդնի, որպեսզի այդ ռազմական ենթակառուցվածքը պահպանի ԼՂ-ում, ադրբեջանական կողմը չի շահել, քանի որ չկարողացավ հասնել որոշիչ հաղթանակի, որը գուցեև չլիներ էլ, չգիտենք՝ ինչպես կընթանար ամեն բան, գուցե լիներ պարտիզանական պատերազմ, բայց սա Ադրբեջանի համար այն հաղթանակը չէր։ Թուրքական կողմն ընդհանրապես ոչինչ չշահեց։ Հաղթանակները և շահույթները տարբերակենք, հաղթեց Ռուսաստանը, չշահեց ոչ մի կողմ։ Գործընթացներ դեռ կան, վաղ է բոլոր գնահատականները տալ հիմա»,- ասաց Կոնովալովը։