«Տեղի ունեցող պրոցեսներից ակնհայտ էր՝ Թուրքիան ձգտելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն ուղղակի լուծարել և ստեղծել «Աստանա-2»». Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ և՛ ներքին պատճառների և՛ ապաշնորհ կառավարման հետևանք է, այդ թվում՝ արտաքին քաղաքականության և այլն։

«Տեղի ունեցող պրոցեսներից ակնհայտ էր, որ Թուրքիան ձգտելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը ուղղակի լուծարել և ստեղծել «Աստանա-2», որտեղ խնդիրները լուծելու են Ռուսաստանն ու Թուրքիան։ Տարբեր առիթներ եղել են այս ամենը քննարկելու և այս ահանզանգը հնչեցնելու, բայց ո՛չ Արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ համապատասխան կառույցները որևէ նորմալ ու տրամաբանական քայլ չեն արել։ Տարված լինելով մեծամիտ տգիտությամբ, ինքնախաբեությամբ,  կործանել են ոչ միայն այն ոլորտները, որոնք վստահված էին իրենց, այլև մեր պետության, պետականության իմիջը։ Ինքնիշխանությունից բարբաջողները պետք է հասկանան, թե ինչ իրավիճակի առաջ կանգնեցրեցին երկիրը, երբ սուբյեկտայնության մեր մակարդակը ամենացածր նշաձողի վրա է, եթե նույնիսկ հիմա այն կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, Ռուբեն Մելքոնյանը նկատեց՝  ականատես ենք դառնում մոտավորապես Սիրիայի խնդրին, երբ խնդիրները լուծվում են ռուս-թուրքական բանակցությունների միջոցով։ Իսկ Հայաստանն այդ բանակցություններում չկա, գոյություն չունի։

Սրանից զատ, կա նաև երկրորդ սպառնալիքը, որն ըստ թուրքագետի՝ Թուրքիայի բազաների կամ ռազմական ներկայության ամրապնդումն է տարածաշրջանում։

«Մենք հիմա տեսնում ենք, որ խաղաղապահների անվան տակ կամ մոնիտորինգ իրականացնելու անվան տակ Թուրքիան լեգիտիմացնում է իր ներկայությունն Ադրբեջանում։ Եվ կանխատեսելի է, որ այդ լեգիտիմացնելու են բազաների և այլնի կարգավիճակով։ Թուրքիան այսօր Արցախի հարցում, եթե, իհարկե, այդ հարցը դեռևս գոյություն ունի,  երկու կարևոր խաղացողներից մեկն է՝ Ռուսաստանի հետ միասին։ Ակնկալել, որ այս իրավիճակում հայանպաստ կամ ինչ-որ չեզոք լուծումներ կարող են առաջարկվել Թուրքիայի կողմից, սա ուղղակի միամտություն է, որին կարող են հավատալ միայն «Իմ քայլի» այն պատգամավորները, որոնք ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ կան լավ թուրքեր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, որը  ասում էր, որ Թուրքիան չի  միջամտելու Արցախի հիմնախնդրին և բազմաթիվ այլ «քաղաքական գործիչներ», որոնք դիլետանտիզմի, տգիտության, ընդ որում, հանցավոր մեծամտության դասական օրինակներ են»,- շեշտեց Ռուբեն Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Հայաստանի քայլերին, Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ դժվար է ասել, թե Հայաստանն ինչ քայլ կարող է անել, քանի որ գոնե վերջին երկու օրը ՀՀ պետական համակարգը պարալիզացվել է։

«Մենք չենք տեսնում Արտաքին գործերի նախարարին, որը որևէ կերպ չի արտահայտվում, որևէ տեսակետ չունի, գոնե լսելի չէ քաղաքացիներին, ԱԺ-ն ըստ էության չի գործում, պետական մյուս կառույցները պարալիզացված վիճակի տպավորություն են թողնում։ Այս պարագայում մտածել, թե Հայաստանն ինչ քայլեր կարող է անել՝ ուղղակի երևի մոտ է ինքնախաբեությանը։ Պետք է հարցնել Զոհրաբ Մնացականյանին, եթե ոչ հայերեն, ապա իր համար այլ հասկանալի լեզվով բացատրի այս ամենը, մենք չենք տեսնում իշխանության, պետության կողմից մեղքի կամ սխալի որևէ գիտակցում։ Սա իսկապես աննախադեպ է մարդկության պատմության մեջ, երբ նման հանգուցալուծում կոնֆլիկտից հետո, որևէ գերատեսչություն, որևէ պաշտոնյա չհայտարարի իր սխալի մասին։ Անգամ Նապոլեոն Բոնապարտը պարտությունից հետո ինքնակամ հրաժարվել է գահից։ Սակայն Հայաստանում կան ավելի հետաքրքիր «կերպարներ», որոնք կերտում են մարդկային պատմության նոր տարօրինակ հակառեկորդներ»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս