«Փաստացի մենք որևէ բան դեռ չենք սկսել». «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց թիմն արդեն  մեկնում է Ստեփանակերտ, որտեղից նոյեմբերի 7-ին էին դուրս եկել՝ տեղի կառույցների խնդրանքով։

«Մասամբ  այնտեղ է վերադառնում  մեր թիմը՝ իր հետ տանելով մարդասիրական օգնության բաժինը, խոսքը վերաբերում է սննդային և ոչ սննդային պարագաներին։ Աշխատում ենք հարավում, նաև այլ մարզերում, որտեղ տեղափոխվել են մարդիկ Արցախից։ Այս աջակցությունն ընդլայնվելու է, քանի որ տեղի կառույցների հետ կապի մեջ ենք և ճշտում ենք՝ ինչ է անհրաժեշտ։ Արցախում գտնվելուն պես արդեն կսկսենք հասկանալ ամբողջ կարիքների ծավալը, որպեսզի առաջնայնությամբ սկսենք աշխատել»,- նշեց Զառա Ամատունին։

Անդրադառնալով գերիների փոխանակման և ռազմադաշտից դիերի դուրսբերման հարցին՝ Զ. Ամատունին ասաց, որ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ կողմերին աջակցել այդ գործողություններն իրականացնելու ընթացքում, թե՛ զոհվածների փոխանակման, թե՛ մարդկանց, որոնք պահվում են երկու կողմերում։

«Ինչ վերաբերում է այլ գործընթացի՝ որևէ այլ մանրամասն  չեմ կարող ասել, փաստացի մենք որևէ բան դեռ չենք սկսել»,- շեշտեց Զառա Ամատունին։

Հարցին՝ այն պայմանները, որոնք ստեղծվել են, բավարարո՞ւմ են «Կարմիր խաչին» դիերի դուրսբերման և գերիների փոխանակման համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք հնարավորություն չունենք այս պահի դրությամբ գնահատական հնչեցնել, որովհետև արդեն նշեցի, այսօր մեր թիմը նոր վերադառնում է Ստեփանակերտ, և մենք կապի մեջ ենք ներգրավված կողմերի հետ, որպեսզի կարողանանք հասկանալ, թե առաջին հերթին՝ ինչ գործընթաց է նախատեսվում, և երկրորդը՝ որքանով ենք ներգրավված այդ ամենում՝ որպես չեզոք միջնորդներ»։

Հետաքրքրվեցինք նաև, թե մինչև այժմ քանի՞ հայ քաղաքացի է դիմել «Կարմիր խաչին»՝ անհետ կորածների, գերության մեջ հայտնվածների հարցով։

«Սա հրապարակման ենթակա չէ, դուք կարող եք ենթադրել, որ բավականաչափ շատ մարդիկ են դիմում, գալիս են, զանգահարում են»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս