Պետք է փակել Ալիևի ախորժակները
Արդեն երկրորդ անգամ Ալիևը ցինիկաբար հայտարարում է, որ Հայաստանը պետք է հատուցի պատճառված վնասների համար` սպառնալով, որ դատական հայցեր են ներկայացնելու Հայաստանի դեմ։ Ցավն այն է, որ Հայաստանի որևէ պաշտոնյա չի արձագանքում Ալիևի այս լկտի հայտարարություններին։ Հայաստանը և ամբողջ սփյուռքը պետք է միասին պայքարեն բոլոր իրավական «ռազմադաշտերում»։
Հայաստանը պետք է որդեգրի ագրեսիվ հարձակողական ռազմավարություն միջազգային և օտարերկրյա պետությունների դատարաններում հատուցման և այլ հայցեր ներկայացնելու միջոցով։ Անհրաժեշտ է նախահարձակ լինել, այլ ոչ թե սպասել թշնամու իրավական հարձակումներին։
Ի՞նչ է պետք անել։
1. հնարավոր իրավական գործիքները դարձնել Հայաստանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ռազմավարության անբաժանելի մասը;
2. ընդունել համազգային իրավական ռազմավարություն (ճանապարհային քարտեզ), որը, ի թիվս այլոց, կպարունակի` (1) հնարավոր իրավական սցենարները, (2) պահանջների տեսակները (ռեստիտուցիա, հատուցում, ռեաբիլիտացիա և այլն), (3) հնարավոր միջազգային դատական (ներառյալ` արբիտրաժային) և այլ ատյաների մեխանիզմները (օրինակ` ՄԱԿ-ի հատուցման հանձնաժողովի ստեղծումը);
3. սահմանել hամազգային իրավական ռազմավարության թե՛ կարճատև, և թե՛ երկարատև նպատակները, և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները` իրավական պայքար մղելու Ադերբեջանի, Թուրքիայի և այլ պետությունների դեմ;
4. ստեղծել համազգային իրավական խումբ (ներգրավելով նաև օտարերկրյա իրավաբանների և փորձագետների), որը կիրագործի իրավական ռազմավարությունը։
5. կարճ ժամանակում ուսումնասիրել այն միջազգային պայմանագրերը, որոնց շրջանակում Ադրբեջանը կարող է ներկայացնել հատուցման պահանջները, որը հնարավորություն կընձեռի որոշում կայացնելու նոր պայմանագրերի վավերացման կամ գործողների չեղարկման (ներառյալ՝ վերապահման) վերաբերյալ։
Եվ վերջում, Նախագահ Սարգսյանը կարող է ստանձնել առաջատարի իր դերը՝ ապահովելու Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի իրավական անվտանգությունը` մոբիլիզացնելով անխտիր բոլոր ռեսուրսները։
ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
GPartners իրավաբանական ընկերություն