«Խորհրդարանական ճգնաժամ կա: Այսօր լինելով մեծամասնություն, չարաշահելով իրենց կարգավիճակը՝ չեն գալիս, չեն ներկայանում». Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում են արտահերթ նիստ գումարել, սակայն որպեսզի նիստը  կայանա, անհրաժեշտ է, որ այդ նիստին մասնակցեն նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Խորհրդարանական ճգնաժամ կա: Այսօր իրենք («Իմ քայլը» խմբակցության պատգամավորները), լինելով մեծամասնություն, չարաշահելով իրենց կարգավիճակը, չեն գալիս, չեն ներկայանում: Հիմա մենք չենք կարողանում նիստ գումարել: ԲՀԿ-ն և մեր գործընկերները, ովքեր կիսում են մեր տեսակետը, ԼՀԿ-ն, ներկա են հիմա, և մենք պահանջում ենք, որ իրենք գան: Հիմա մենք չենք կարող, այդպիսի լծակ չկա, որ մենք մոտենանք իրենց տներին, իրենց տներից դուրս հանենք: Նախ հլը հայտնի չի՝ իրենք իրենց տներո՞ւմ են, թե՞ զոքանչների, մորքուրների տներում են: Մենք մեզանից կախված ամեն ինչ անում ենք, որ նիստը կայանա, որ դրվի այս հարցը: Նիկոլ Փաշինյանը մոռացել է, ինքը դե որ Սահմանադրություն չի կարդում, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում մարդն է բարձրագույն արժեքը, էսօր ինքը թքած ունի մարդկանց վրա, թե ստեղ ո՞վ ո՞ւմ կսպանի, ի՞նչ կանի, նա թքած ունի:  Նա իրա պաշտոնը պահելու համար այսօր պատրաստ է անցնել բոլորի վրայով: Այ սա է պետք  նկատի ունենալ: Ապօրինաբար մարդկանց կալանավորելով, ձերբակալելով՝ հարց չի լուծվելու: Մենք գործ չունենք քաղաքական շահերի հետ, մենք գործ ունենք պետականության պահպանման, հայ ժողովրդի, մեր ազգի գոյապահպանման խնդրի հետ: Էսօր էս մարդը իրա պաշտոնը պահելու համար թքել ա ամեն ինչի վրա: Պատերազմ է հայտարարել օրինականությանը, բարոյականությանը, մենակ թե ինքը օր ավել շարունակի իր պաշտոնավարումը»,- ասաց Պետրոսյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը հայտնեց, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը համաձայնել է ներկայանալ և մասնակցել ԱԺ խորհրդի նիստին, ինչի ժամանակ կհաստատվի արտահերթ նիստի օրակարգը:

«Լենա Նազարյանը՝ որպես ԱԺ փոխնախագահ,  խոստացել է գա մասնակցի խորհրդի նիստին, որովհետև գործող օրենսդրության համաձայն՝ պետք է խորհրդի նիստով անցնի օրակարգը, նոր դրվի արտահերթի, մենք մեր ամբողջ կազմով՝ բացառությամբ Գագիկ Ծառուկյանի, որին անօրինական ազատազրկել են, պատրաստ սպասում ենք»,- ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ հավաքվել է արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 33-ից ավելի ստորագրությունները, սակայն որպեսզի նիստում քննարկում լինի և կայացված որոշումն իրավական ուժ ունենա, պետք է որ նիստին ներկա լինի 67 պատգամավոր:

«Պիտի իրենցից երեք հոգի էլ գան, որ խորհրդի նիստը կայանա, եթե խորհրդի նիստը չկայացավ, մենք իրավունք չունենք մտնել լիագումար նիստի»,- ասաց Պետրոսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ԱԺ  խորհրդի նիստը կգումարվի, սակայն նույն վստահությունը չունի ԱԺ արտահերթ նիստի մասով:  Գևորգ Պետրոսյանը նշեց, որ փորձել են անհատական զանգել իրենց գործընկերներին, հորդորել գալ նիստին:

«Բայց սա անհատական խնդիր չէ, որովհետև իրենք քաղաքական թիմ են, քաղաքական որոշում ունեն: Հիմա եթե և՛ զինվորական, և ՛ քաղաքական դասալիք Նիկոլ Փաշինյանը, որ սկի չի ներկայանում  Կառավարություն, որ ժողովրդին հաշվետվություն տա, եթե ինքը ցուցում ա իջացրել, որ՝ ոչ մեկդ չգնաք նիստին, որ քվորում չլինի, մենք ի՞նչ կարող ենք անել»,- ասաց Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս