Մութ քաղաքական խաղեր Սահմանադրական դատարանում
Արցախի և Հայաստանի համար այս բախտորոշ իրավիճակում որոշ մարդիկ ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել իրավիճակի լրջությունը, այլ հակառակը փորձում են առիթն օգտագործել իրենց հերթական քաղաքական նպատակների իրականացման համար։ Այս անգամ խոսքը վերաբերվում է Հայ Ազգային կոնգրես կուսակցության կողմից «Իմ քայլը» դաշինքի միջոցով Սահմանադրական դատարան գործուղված ՍԴ դատավոր կարգավիճակ ստացած քաղաքական գործիչ Վահե Գրիգորյանին։
ՍԴ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Արմենակ Մինասյանցը, որը Վահե Գրիգորյանի ՍԴ դատավոր դառնալուց հետո ստանձնել է նրա ոչ պաշտոնական օգնականի կարգավիճակը (սա այն նույն սկանդալային պաշտոնյան է, որը Վահե Գրիգորյանի սանիկ «Իրավունքի Եվրոպա» կոչվող հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի հետ միասին վերջերս մասնակցել էր Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց կազմակերպված ակցիային՝ դիվանագիտական սկանդալ առաջացնելով հայ-բելառուսական հարաբերություններում) ֆեյսբուքում մի գրառում է արել՝ նշելով․
«Սահմանադրության 46-րդ հոդվածին համապատասխան` գրանցված կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ, եթե կուսակցությունները քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով: Նման դեպքերում դրանց գործունեությունը հակասահմանադրական է համարվում և դրանք ենթակա են արգելման կամ կասեցման Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այս հարցով ՍԴ կարող են դիմում ներկայացնել Ազգային ժողովը և Կառավարությունը»:
Ակնհայտ է, որ թեկուզ ֆեյսբուքյան սեփական էջի վրա, ՍԴ աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան, չէր կարող իրեն իրավունք վերապահել այս բարդ իրավիճակում նման հրապարակային գրառում կատարել առանց իր անմիջական ղեկավարի՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի համաձայնության։
Հաշվի առնելով մամուլում արդեն բազմիս շրջանառված այն թեզը, որ Արման Դիլանյանն էլ գտնվում է Վահե Գրիգորյանի ազդեցության և ոչ պաշտոնական ենթակայության ներքո, ապա ամեն ինչ պարզ է դառնում։
Սրանից կարելի է եզրակացրել, որ երկրի այս ծանր վիճակում իշխանությունները քննարկում են Հայաստանում միանգամից մի քանի կուսակցությունների գործունեությունը Սահմանադրական դատարանի միջոցով կասեցնելու որոշում կայացնել՝ լռեցնելով միայն իրենց հայտնի իրենց ծրագրերին ընդդիմացող միանգամից բոլոր քաղաքական ուժերին։
Հատկանշական է, որ նոյեմբերի 10-ին նախատեսված է Սահմանադրական դատարանի հերթական նիստեր։ Չի բացառվում, որ ակնհայտորեն Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի ցուցումով, կամ առնվազն նրանց համաձայնությամբ, ՍԴ բարձրաստիճան այս պաշտոնյայի հայտարարությունը նախապես պլանավորված ծրագրի մաս է կազմում։
Սրանից պետք է հասկանալ, թե ինչո՞ւ էր գործող հեղափոխական իշխանություններին պետք Սահմանադրական դատարանում իրականացնել իրենց ցանկալի փոփոխությունները, վերցնել ազդեցությունն իշխանության այս կարևոր օղակում։