«Ոստիկանությունը մասնագիտացված մարմին չի, չկան այն չափորոշիչները, որով ինքը պիտի որոշում ընդունի և պատժի». Տիգրան Հակոբյանը՝ մամուլի սահմանափակումների մասին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս ընթացքում ընդամենը 1 հաղորդում է զրկվել ցուցադրվելու իրավունքից, որը կապ չի ունեցել ռազմական դրության հետ:
«Նույնիսկ, եթե ռազմական դրություն չլիներ, այն կզրկվեր այն բովանդակության համար, որը ենթակա է պատժման»,- ասաց Տ. Հակոբյանը:
Անդրադառնալով Ռազմական դրության ժամանակ կիրառվող սահմանափակումներին՝ ՀՌՀ ղեկավարը մշեց, որ իրենց կառույցը կարգավորում է միայն տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողներին առնչվող հարցեր, ու այնտեղ գրեթե ռազմական դրության խախտումներ չկան:
«Եթե Դուք նկատել եք, այդ բոլոր տուգանքները կամ զգուշացումները գնում են դեպի ինտերնետ, չէ՞, մամուլ, տպագիր մամուլ: Մենք այդ խնդիրը չունենք: Չգիտեմ՝ ինչն է: Թե՞… իհարկե, մեր լավ աշխատանքը չի: Առաջին հերթին՝ դա այն կարգավորման մեխանիզմներն են, որը կան և բոլոր ռադիոհեռուստաընկերությունները շատ լավ գիտեն: Եթե նրանք խախտումներ անեն, նրանք կարող են պատժվել: Դա՝ մեկ: Բոլորը շատ լավ գիտեն, եթե նրանք ինչ-որ խախտումներ անեն, մյուս անգամ կարող է լիցենզիա չստանան: Այսինքն՝ այդ վերահսկողական մեխանիզմները թույլ են տալիս՝ մենք միասին շատ արդյունավետ աշխատենք:
Ամեն օր մենք կապի մեջ ենք այս կամ այն հեռուստաընկերության հետ, մենք պատժելու, սադրիչ գործողությունների որևէ մտադրություն չունենք: Կարող են ինչ-որ բաներ սխալվել, հա՞: Եթե յուրաքանչյուր սխալից հետո, օրինակ, ոստիկանությունը կարող է գնա, դուռը ծեծի և այդ տուգանքը սահմանի: Մենք այդպիսի բաներ չենք անում: Մենք զանգահարում ենք, խոսում ենք, բացատրում ենք, հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, իրավաբանները կարող են գալ մեր մոտ, նստել, պայմանավորվել, և դրանով մենք նաև նվազեցնում ենք այդ սխալները, որովհետև շատ ժամանակ ինքը մտածված չի լինում: Մարդիկ են, 24 ժամ աշխատում են, շատ լավ գիտեք՝ հեռուստաընկերություններն ինչ ռեժիմով են աշխատում, հա՞: Եվ մենք հակված չենք, հա՞, պատիժներ կիրառել»,- ասաց Տիգրան Հակոբյանը՝ նշելով, որ առ այսօր կոլեգիալ աշխատանք է, ինչը բերում է դրական արդյունքների:
ՀՌՀ տնօրենի խոսքով՝ ռազմական դրության ժամանակ մտցված սահմանափակումները, իհարկե, կարող են ոտնահարել խոսքի ազատությունը:
«Հենց պատերազմական իրավիճակը ստիպում է սահմանափակել խոսքի ազատությունը: Ոչ միայն ռազմական, ընդհանրապես ճգնաժամային դրությունների ժամանակ մենք պիտի հասկանանք՝ մեր առաջնությունները որն են՝ մեր խոսքի իրավունքի կիրառո՞ւմը, թե՞ պետական շահերը: Ամբողջ աշխարհում այդպես է, Դուք էլ լավ գիտեք: Ռազմական գործողությունների ժամանակ սահմանափակվում է խոսքի իրավունքը և այլ քաղաքացիների իրավունքները, և սա դասական բաներ են»,- նշեց ՀՌՀ տնօրեն Տիգրան Հակոբյանը:
ՀՌՀ ղեկավարն անդրադարձավ նաև ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով դիմումին։
Տիգրան Հակոբյանի խոսքով՝ դա իրենց չի վերաբերում, քանի որ լիցենզավորված տեսալսողական մեդիային առնչվող հարցերի դեպքում պատիժը որոշողը, պատժողը հանձնաժողովն է:
«Ես կարծում եմ, եթե այդպիսի մարմին մասնագիտացված ստեղծված լիներ ընդհանրապես բոլոր մեդիաների համար, այդ խնդիրը չէր լինի, որովհետև, ի վերջո, ոստիկանությունը մասնագիտացված մարմին չի, չկան այն չափորոշիչները, որով ինքը պիտի որոշում ընդունի և պատժի, հասկանո՞ւմ եք: Տասնյակ այդպիսի խնդիրներ կան, երբ որ ոչ մասնագիտական մարմինը զբաղվում է մասնագիտական խնդիրներով: Սա արդեն, կարծում եմ՝ պետության, Ազգային ժողովի, պատկան մարմինների, նույն լրագրողական հանրության խնդիրն է: Փորձել ստեղծել ինչ-որ մարմին, մեր հանձնաժողովի պես միգուցե, անպայման չի՝ դա օրենսդրական լինի, միգուցե դա ինքնակարգավորման մարմին կլինի, որը կկիսի այդ պատասխանատվությունն ուժային մարմինների հետ, պետության հետ: Միգուցե այդ ժամանակ շատ ավելի արդյունավետ լինի: Ուժային մարմինը այդպիսի հարցեր, իհարկե, չպիտի լուծի»,- ասաց Տիգրան Հակոբյանը: