«Վարչապետի տիկնոջ և նրա համախոհների արածը ոչ արժանապատիվ դերասանություն է՝ հայրենական պատերազմի օրերին». Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Ադրբեջանի ծրագիրն առաջին օրից երևում է՝ ամբողջովին շրջափակման մեջ վերցնել Արցախի ամբողջ տարածքը:

«Իրենք փորձում են համոզել թե՛ ներքին լսարանին, թե՛ ամբողջ աշխարհին, որ դրա իրավունքն ունեն, սա է ամենակարևորը, որի վրա քիչ են ուշադրություն դարձնում: Այստեղ է ինձ համար զարմանալի, երբ անգամ դիվանագիտական, քաղաքական, պետական գործիչներն ասում են, որ սպառված է դիվանագիտությունը. Չի՛ արվել անգամ 10 տոկոսն այն աշխատանքի, որը պետք է արվեր՝ լինի դիվանագիտական, քաղաքական, պառլամենտական: Ես մերժում եմ այդ մոտեցումը: Չգիտես ինչու՝ պետական գործիչներն ասում են, որ ամեն ինչ լուծվում է ռազմի դաշտում. դա բացարձակապես ընդունելի չէ: Ռազմի դաշտում մենք լուծում ենք մի խնդիր, որը գոյամարտ է, հերոսամարտ է, բոլորովին այլ է, բայց խնդիրը, որը ծառացած է ազգի առջև, պետք է լուծվի քաղաքական և պետական մակարդակներով: Դա ի՞նչ ձեռքերը լվանալու կեցվածք է, դա ի՞նչ պատասխանատվությունից խուսափելու կեցվածք է»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ կառավարությունն այսօր կանգնած է բավականին լուրջ ընտրության առջև. «Կամ խոստովանում է, որ չի կարողանում, իր անգործությունը բացատրում է անկարողությամբ և վերջապես արձագանքում է այն դիմումներին, այդ թվում՝ անձամբ իմ դիմումին, որ՝ հավաքեք բոլոր կարող ուժերը և ստեղծեք այն մարմինը, որը թույլ է տալիս Սահմանադրությունը, և լուծեք այն խնդիրը, որը ծառացած է պետության առջև: Կառավարության կարևոր խնդիրն է՝ ապահովել բնակչության անվտանգությունը: Հիմա Հայաստանում տարբեր բնակավայրեր են խոցվում, իսկ փոխարտգործնախարարն ասում է, թե քաղաքական որոշում չկա, որ համարենք՝ դա հարձակում կամ ոտնձգություն է Հայաստանի հանդեպ»:

Նիկոլ Փաշինյանի դիմումը Վլադիմիր Պուտինին, Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ոչ միայն բավարար չէր, այլև անհասկանալի էր, թե ինչո՞ւ է հենց 1997թ. պայմանագրին հղում արվում. «Այդ պայմանագիրն ունեցել է զարգացում, իր մեջ ընդգրկել է այնպիսի կետեր, որոնք համապատասխանում են ժամանակակից զարգացումներին, և այս առումով, երբ ասվում է, որ պետք է լինեն գործողություններ ՀՀ տարածքում, դա նշանակում է՝ հիբրիդային պատերազմի բոլոր տեսակների օգտագործում, որոնցից մի քանիսն արդեն կիրառվում են ՀՀ նկատմամբ: Մենք պետք է հստակեցնենք, որ այդ կեսբերան դիմումին, ասում են՝ հետևում է ինչ-որ գործողություն, բայց արդյո՞ք գաղտնիք է, որ մենք իմանանք՝ պետական ո՞ր այրն է զբաղվում այդ հարցով: Ես չեմ ասում՝ ինչ են խոսում, բայց արդյո՞ք դա էլ է գաղտնիք»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանն անդրադարձավ նաև Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում Արցախի հարցի քննարկման արդյունքում պատրաստված հայտարարության չընդունմանը՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան բացահայտ ցույց տվեց, որ նպաստում է Ցեղասպանության այն գործընթացին, որը Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մեր տարածաշրջանում. «Ես բացարձակապես զինվորականներին խորհուրդ տվողը չեմ, ես քաղաքական լուծում եմ տեսնում. եթե Մեծ Բրիտանիան հասկանում է միայն իր էներգետիկ անվտանգության լեզուն, պետք է խոցել իր էներգետիկ անվտանգությունը: Եթե նա դա է համարում բարձրագույն արժեքը, նշանակում է՝ պետք է դա խոցվի»:

Նա ընդգծեց՝ Հայաստանը պետք է լինի պրոակտիվ. «Հայաստանը ոչ միայն կարող է, այլ պարտավոր է ոչ միայն իր ժողովրդի առջև, այլ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների առջև, որովհետև մենք պայմանագրային հարաբերությունների մեջ ենք մտնում, երբ դառնում ենք ՄԱԿ-ի անդամ պետություն: Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ լիրիկական արտահայտություններն ի՞նչ են նշանակում: Ես փորձում եմ օգնել օրվա իշխանությանը՝ կատարել իր պարտականությունները: Ես ուղիղ դիմում եմ ՀՀ վարչապետին. պարոն վարչապետ, իմ խոսքը չպետք է մնա օդի մեջ, ես սպասում եմ պատասխանի, որովհետև սա զուտ մեկ անձի խոսք չէ»:

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի ձևավորմանը, նա ասաց, որ միանում է Արցախում զոնված Մենուա Հովհաննիսյանի մոր՝ Կարին Տոնոյանի կարծիքին.

«Երևի Կարին Տոնոյանն ունի այդ իրավունքը՝ ասել այն, ինչ ասված է: Ճիշտ ժամանակն եմ համարում ասել հետևյալը՝ բոլոր նրանք, ովքեր իրենց իրավունք են վերապահում ցեխ շպրտել այդ անունների վրա, ովքեր փորձում են իրենց ներկայացնել՝ որպես հասարակական կարծիքի ներկայացուցիչներ, դրանք բոլորը վարձկաններն են: Մենք վարձկան ենք համարում դրսից եկած ահաբեկիչներին, բայց նրանք վարձկան են ներսում, աշխատում են այլազգի շահերի օգտին, բացարձակ լկտի են, անգրագետ և չունեն այդ իրավունքը: Հասարակությունը պետք է մերժողական վերաբերմունք ցույց տա այն անձանց նկատմամբ, որոնք թույլ են տալիս իրենց այդ հայհոյախառն լեզվով մեր սրբությունների վրա ցեխ շպրտել, մենք պետք է միասնական կամք ցույց տանք, որ նրանք չեն արտահայտում ժողովրդի կարծիքը:

Ես երբեք չեմ անդրադարձել վարչապետի տիկնոջ գործունեությանը, բայց կյանքը այնպիսի բան է, որ չնայած դու ինչ խաղեր ես անում, ինչպիսի ձևեր ես օգտագործում, նա ցույց  է տալիս դաժան իրողությունը: Տիկնոջ արածը՝ իր համախոհների հետ, ոչ արժանապատիվ դերասանություն է՝ հայրենական պատերազմի օրերին: Ես կցանկանայի, որ այդ խումբը սթափվեր և արժանապատվորեն դուրս գար այս իրավիճակից: Ես մի կողմ եմ թողնում այն համբավը, որն ունեցել է Էրատո թագուհին. Ինչքա՞ն պետք է իրազեկված չլինել, ինչքա՞ն պետք է թույնով լցված լինել, որ ժամանակին մի կուսակցության անուն «Շամիրամ» դրեցին, հիմա էլ այս ջոկատի անունն են «Էրատո» դնում»:

Դիտարկմանը՝ այս օրերին կան կանայք, որոնք տղամարդկանց հետ հավասար կռվում են, նա արձագանքեց. «Նրանք չեն ձևացնում ոչ մի բան, նրանք համեստորեն կատարում են իրենց աշխատանքը: Ես դեռ առաջին պատերազմից հիշում եմ կանանց դերակատարությունը և նրանց համեստությունը, նրանց բնականոն հերոսությունը, որը տղամարդկանց դարձնում էր ավելի խիզախ: Ի տարբերություն այդ նորելուկների կամ տարիքով մեծ, բայց տհաս խելքովների՝ ես անցել եմ դրանով և ունեմ բարոյական իրավունք ասելու, որ նրանք, ովքեր դա անում են ազնիվ մղումներով, իրենց անունը չեն հնչեցնում, իրենց անվանում չեն դնում հայ ազգի մեջ անիծված թագուհու անունով, նրանք ոտնձգություն չեն անում՝ որևէ առումով հերոսացնել իրենց անձը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս