Ի՞նչ նկատի ունեին Իրանի նախագահն ու հոգևոր առաջնորդը. պարզաբանում է Վարդան Ոսկանյանը

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ իրանական կողմի ակնարկները չափազանց բարդ են և բազմաշերտ, և ըստ այդմ՝ ըստ նրա՝ երբ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հույս է հայտնում, որ Արցախում ծավալված պատերազմի արդյունքում երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի, ակնարկում է, որ հնարավոր է՝ թուրք-ադրբեջանական դաշինքը որոշակի սադրանքների գնա Մեղրիի տարածաշրջանի նկատմամբ:

«Եթե ուշադիր լինենք իրանցի պաշտոնյաների հայտարարություններին, նաև երեկ չէ առաջին օրը Իրանի հոգևոր առաջնորդի անդրադարձում հստակ սահմանում կար այն մասին, որ որևէ պարագայում պետք է պահպանվի կողմերի տարածքային ամբողջականությունը: Խոսքը կողմերի մասին է, հետևաբար, ակնարկն առաջին հերթին՝ ուղղված է այդ հատվածին: Բայց քանի որ խնդիրը բազմաշերտ է՝ յուրաքանչյուր կողմ կարող է նման հայտարարությունները մեկնաբանել՝ ելնելով սեփական շահերից և սեփական մտադրություններից: Իրանը կողմնակից չէ, որպեսզի փոփոխություն տեղի ունենա արցախաիրանական դե ֆակտո սահմանին, որը մինչև սեպտեմբերի 27-ը կար: Կարծում եմ՝ նման հայտարարությունները դիվանագիտական տիրույթում պետք է օգտագործել ի շահ մեզ, և դա ընդունված պրակտիկա է: Եթե նայենք Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին, ապա լայն իմաստով՝ մադրիդյան սկզբունքների նման սկզբունքներ են, բայց ադբեջանական կողմը շեշտադրում կատարեց այն սկզբունքի վրա, որը ձեռնտու է իրեն՝ մոռացության մատնելով մնացած բոլոր սկզբունքները: Մենք կարող ենք այդ ուղերձներից առանձնացնել մեզ համար ձեռնտու հատվածները և կենտրոնանալ դրանց վրա ու փոխադարձ ուղերձների լեզվով ազդակներ հղել Իրանին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Իրանագետի խոսքով՝ իրանցիներին խիստ անհանգստացնում է ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանային գոտում. «Կարծում եմ՝ Անկարայի հետ բանակցությունների հիմնական թեման, թեև այդ մասին չի բարձրաձայնվում, ահաբեկիչների դուրսբերումն է, ինչը բխում է մեր շահերից: Անշուշտ, իրանցիներն առաջնորդվում են առաջին հերթին՝ սեփական շահերը նկատի ունենալով, բայց այստեղ մեր և իրանական շահերը լիովին համընկնում են»:

Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հատկապես կենտրոնացած Արցախի հարավային հատվածի վրա, ինչո՞ւ փորձեց ամեն կերպ կտրել Արցախն Իրանից, նա պատասխանեց, որ պատճառները մի քանիսն են. «Նախ՝ այդ տարածքը համեմատաբար հարթավայրային է, և ավելի հեշտ է ռազմական գործողություններ իրականացնել այն պարագայում, երբ ունես ուժերի գերակայություն: Երկրորդ՝ Ադրբեջանում մշտապես մտավախություն կա, որ սահմանի հնարավորությունները կարող են օգտագործվել Արցախի պաշտպանունակությունը բարձրացնելու համար: Արցախը, ըստ էության, արտաքին սահման ունի միայն Իրանի, Հայաստանի և թշնամական Ադրբեջանի հետ: Իրանցիները հասկանում են, որ արցախաիրանական սահմանն այս տարիների ընթացքում եղել է անվտանգության սահման, իսկ Ադրբեջան հորջորջվող արհեստական կազմավորման հարավային հատվածներից Իրանի նկատմամբ իրականացվել են թշնամական գործողություններ՝ սկսած քարոզչական ազդեցությունից, վերջացրած հետախուզական տվյալների հայթայթումով: Ընդ որում՝ այդ հետախուզական տվյալները ձեռք են բերվել ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի կողմից: Հետևաբար՝ իրանցիների կենսական շահի տեսանկյունից չի բխում, որպեսզի այս սահմանը փոփոխվի»:

Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ իրանցիները շատ արագ չեն գործում, բայց գործում են իրենց շահերի համատեքստում. «Հետևաբար՝ նույնիսկ հոգևոր առաջնորդի ելույթում առաջ քաշված հետաքրքիր նրբերանգ կար՝ ահաբեկիչների ներկայությունը Իրանի սահմանների մոտակայքում էլ անընդունելի է, և Իրանը կարձագանքի, եթե դրանք շարունակեն մնալ սահմանների մոտակայքում: Այսինքն՝ խոսքը սահմանները հատելու մասին չէ, այլ սահմանների մոտակայքում լինելու հանգամանքն ինքնին կարծես թե ազդում է Իրանի ներսում դիրքորոշումների վրա»:

Հարցին՝ տարածաշրջանում կարո՞ղ է հակաահաբեկչական կոալիցիա ձևավորվել, օրինակ՝ Իրանի, Ռուսաստանի, նաև՝ Չինաստանի մասնակցությամբ, քանի որ Թուրքիայի նպատակները հասնում են մինչև Չինաստան, նա պատասխանեց. «Կարծում եմ, մեր հիմնական նախաձեռնություններից մեկը դիվանագիտական և քաղաքական տիրույթում կարող է հենց նմանատիպ հակաահաբեկչական դաշինքի ձևավորումը լինել, ընդ որում՝ դա կարող է լինել թե՛ բազմակողմ ձևաչափով, թե յուրաքանչյուր կողմի հետ երկկողմ ձևաչափով: Իրանի հետ երկկողմ օրակարգում անհրաժեշտաբար հենց այս պահին պետք է ընդգրկվի ահաբեկիչների դեմ պայքարելու ողջ համատեքստը: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ այս պահին Իրանից ակնկալենք ռազմական միջամտություն ահաբեկիչների խնդրին: Իրանն ունի Թուրքիայի վրա ազդելու որոշակի լծակներ և գործիքակազմ, նաև խողովակ՝ իր մտահոգությունները փոխանցելու համար, հետևաբար՝ հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգում այս խնդիրը պետք է ընդգրկվի: Շատ ավելի լավ կլինի, եթե մենք հաջողենք ձևավորել Ձեր նշած՝ բազմակողմ ձևաչափը»:

Նա ընդգծեց, որ այս պահին Իրանի հետ Հայաստանը պետք է ունենա օպերատիվ հաղորդակցման  խողովակ, որի միջոցով կհամակարգվեն զանազան գործընթացներ՝ սկսած ապրանքաշրջանառությունից, վերջացրած ռազմական գործողությունների թատերաբեմում հնարավոր ռիսկային իրավիճակների ի հայտ գալով. «Երկրորդ՝ Իրանի հետ պետք է խոսել Հայաստան-Իրան հակաահաբեկչական համագործակցության մասին: Իրանցիները որոշակի ազդեցության լծակներ ունեն. Ռուսաստանն էլ ունի այդ ազդեցության լծակները, և այստեղ կարող է ձևավորվել հետաքրքիր համագործակցություն: Այդ ազդակները դեպի Թուրքիան գնում են: Ռուսական օդուժի կողմից ահաբեկչական բազաների ռմբահարումը հստակ ռազմական ազդակ է Թուրքիային, որ այդ ահաբեկիչները պետք է այս տարածաշրջանը լքեն: Տեղեկատվություն եղավ, որ իրանական կամ իրանամետ ուժերն էլ Սիրիայում որոշակի ռազմական խնդիր են լուծել՝ ահաբեկչական խմբավորումների թիկունքային ապահովման հետ կապված: Ուստի, Իրանը և Ռուսաստանը, բացի դիվանագիտականից, ունեն նաև ռազմական լծակներ՝ բոլորովին այլ կետում ազդելու Թուրքիայի վրա, որպեսզի այս տարածաշրջանից այդ ահաբեկիչները դուրս գան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս