«Արդյո՞ք մենք աչքաթող արեցինք Ադրբեջանի անհամաչափ զինվելը այն պատճառով, որ այդ հարցով պատասխանատու անվտանգության սպաները զբաղված էին Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը չափելով»

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մամուլից տեղեկացա, որ Միասնական տեղեկատվական կենտրոնում նշանակված է քննարկում «Հնարավոր էր արդյո՞ք խուսափել պատերազմից» թեմայով: Չգիտեմ, թե դա ինչ կենտրոն է, բայց եթե թույլատրվել է քննարկում անել, ուրեմն պետական, կամ իշխանություններին կից ինչ-որ մարմին է։ Քանի որ այն քաղաքացիներին, որոնք կից չեն իշխանություններին, թույլատրված չէ նման քննարկումների մասնակցել, օգտվեմ առիթից, եւ գոնե հարցեր բարձրացնեմ, որոնք միգուցե արծարծվեն այդ քննարկման ժամանակ։ Պատերազմից խուսափելու հնարավորության հետ կապված չեմ անդրադառնա այնպիսի կարեւոր թեմաների, ինչպես ՀՀ արտաքին քաղաքականությունն է, բանակցային պրոցեսի ձախողումները, բյուջետային եւ տնտեսական քաղաքականությունը, «սեւեր»-«սպիտակներ» բաժանումը, Սորոսը, եւ այլն։

Ակնհայտ է, որ պատերազմը մեծապես հնարավոր դարձավ այն ժամանակ, երբ Ադրբեջանը խախտեց բալանսը օդում, ձեռք բերեց մեծ քանակությամբ դրոններ, որոնց դեմ հայկական բանակը դժվարությամբ է պայքարում։ Իմ հարցերը կվերաբերեն հենց դրոններին։

1․ Տեղյա՞կ եք, որ դրոնները Ադրբեջանը ձեռք է բերել վերջին մեկ տարում։ Ընդունո՞ւմ եք, որ որքան էլ նախկինները քանդել-թալանել են երկիրը 30-24-12 տարի (կախված մեղադրողների նախասիրություններից) պատերազմի համար անմիջական պատասխանատվություն կրում են այն ղեկավարները, որոնք կառավարել են վերջին 1 տարում։

2․ Արդյո՞ք մենք աչքաթող արեցինք Ադրբեջանի անհամաչափ զինվելը այն պատճառով, որ այդ հարցով պատասխանատու անվտանգության սպաները զբաղված էին Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը չափելով։

3․ Արդյո՞ք մենք հնարավորություն չունեցանք հակադրոնային եւ հակաօդային համապատասխան ռազմավարություն մշակելու, քանի որ վերջին 2 տարում անվտանգության, բանակի եւ գլխավոր շտաբի տասնյակ ղեկավարներ փոխվեցին, եւ վերջիններս, պարզապես, ժամանակ չունեցան այդ հարցերով զբաղվելու։

4․ Արդյունավետ ՀՕՊ համակարգի համար անհրաժեշտ են տիեզերական հետախուզության տվյալներ եւ անհրաժեշտ է համագործակցություն այնպիսի երկրի հետ, որը տիրապետում է նման տվյալների։ Ո՞ր երկրի հետ էր համագործակցում Հայաստանը ՀՕՊ համակարգը զարգացնելիս։ Ճի՞շտ է, որ Ռուսաստանը վերջին մեկ տարում չէր տրամադրում նման տվյալներ, քանի որ չէր վստահում մեր որոշ պաշտոնյաների։

5․ Եթե ժամկետանց եւ խոտանված, չաշխատող Оса-АК համակարգերի փոխարեն ձեռք բերեինք ավելի ժամանակակից համակարգեր, արդյո՞ք մեր օդն ավելի լավ պաշտպանված չէր լինի եւ Ադրբեջանը չէր խուսափի պատերազմ սկսելուց։

6․ Եթե տասնյակ միլիոնավոր դոլարներ չուղղվեին չաշխատող ու անզեն СУ 30 օդանավեր ձեռք բերելուն (Արծրունը ինձ չի համոզի, թե դրանք կարեւոր նպատակների համար են օգտագործվել, քանի որ ոչ մի օդաչու չի համաձայնվի թռնել «թռչող դագաղներով»՝ անգամ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն չունեցող օդանավերով), արդյո՞ք այդ գումարով ավելի արդիական ՀՕՊ համակարգ չէինք ունենա։

7․ Նախկինները թալանել են երկիրը, ամոթ ու անարգանք նրանց, եւ նրանք պետք է կրեն պատիժը (ի դեպ, անհասկանալի է, թե ինչու հայտնի ֆոնդերին մուծումների դիմաց չեն կրում պատիժը), բայց եթե վերջին մեկ տարում պարգեւավճարները, տոնածառի ծախսերը, ելակը, «արտ լանչը» եւ այլ բյուջետային մսխումներն ուղղեինք ՀՕՊ համակարգերի արդիականացմանը, արդյո՞ք Ադրբեջանը չէր զգուշանա պատերազմ սկսելուց։

Այս բոլոր հարցերը ժամանակին բարձրացվել են մամուլում եւ պատասխանատուների կողմից չեն տրվել բավարարող պատասխանները։ Հուսով եմ, որ Միասնական տեղեկատվական կենտրոնի քննարկման ժամանակ նրանք ադեքվատ պաստախաններ կստանան»։

Տեսանյութեր

Լրահոս