Ո՞ր մարզպետներն են հետևել վարչապետի կոչին և մեկնել առաջնագիծ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ էր արել՝ նշելով, որ այն ուղղված է մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին: Հայտարարությանը հաջորդել էին՝ ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ՝ մարզպետների, քաղաքապետերի և գյուղապետերի ֆեյսբուքյան գրառումները, որ հետևելով վարչապետի կոչին՝ պատրաստվում են մեկնել առաջնագիծ:
Վարչապետի այդ հայտարարությունից 2 շաբաթ է անցել, 168.am-ն այսօր հետաքրքրվել է, թե արդյո՞ք բոլոր մարզպետներն են հետևել վարչապետի կոչին, և ինչպես որ իրենք էին գրել իրենց ֆեյսբուքյան էջերում, մեկնե՞լ են ռազմաճակատ:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարչապետի ելույթի օրը՝ հոկտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով դիմեց մարզի բնակիչներին.
«Բոլորիդ կոչ եմ անում ինձ հետ միասին զինվորագրվել հայրենի սուրբ հողի պաշտպանությանը»:
Արագածոտնի մարզպետարանից այսօր մեզ հայտնեցին, որ Դավիթ Գևորգյանն առաջնագծում է.
«Դավիթ Գևորգյանը մարզի մյուս կամավորների հետ միասին հոկտեմբերի 26-ին մեկնել է առաջնագիծ»:
Նյութը պատրաստելու ընթացքում Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Բադալյանը նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրեց այդ ընթացքում մարզպետի հետ ունեցած հեռախոսազրույցի տեքստը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր զինվորական գրքույկը և գրել.
«Սիրելի՛ արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր ՀԵՐՈՍ տղերքին։ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը‼️ Գալի՛ս ենք»:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հեռախոսահամարն անհասանելի էր, ուստի մարզպետարանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Գարիկ Սարգսյանը մեկնե՞լ է առաջնագիծ:
«Իր գրառումից հետո Գարիկ Սարգսյանը մարզի կամավորների հետ միասին անցել է մարտական պատրաստվածության դասընթացներ, որից անմիջապես հետո մեկնել է Արցախ, առաջնագծում է»,- ասաց մարզպետարանի աշխատակիցը:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Համայնքներում կամավորական ջոկատների ձևավորման գործընթացը շարունակվում է, և մեծ համախմբվածությամբ բոլորս պատրաստ ենք մեկնելու Արցախ` սահմանին կանգնած մեր եղբայրների հետ իրականացնելու Հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը»:
Համբարձում Մաթևոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկ է վերադարձել Արցախից.
«Առաջնագծում եղել եմ, նոր եմ վերադարձել: Հայտարարությունից հետո մենք անցել ենք համապատասխան ներդաշնակում, պատրաստություն և գնացել ենք: Գործընթացը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, գործընթացը շարունակական է և այնքան կշարունակվի, մինչև մենք հաղթենք»:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հոկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը: Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և ըստ անհրաժեշտության մեկնում ենք հայրենիքի պաշտպանության առաջնագիծ»:
Գեղարքունիքի մարզպետից ևս հետաքրքրվեցինք, թե արդյոք եղե՞լ է առաջնագծում, կամ պատրաստվո՞ւմ է մեկնել.
«Վարչապետի կոչին բավական լավ արձագանք եղավ մարզում, համապատասխան բոլոր վաշտերը ձևավորված են, բոլոր ներդաշնակումներն անցնում են: Ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է, ըստ զինվորական կանոնակարգերի՝ առաջ է գնում»:
Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ է մեկնել առաջնագիծ, Գնել Սանոսյանը պատասխանեց.
«Այս պահին Covid-ով վարակված եմ, որոշակի փուլից հետո հետ եմ եկել մարզպետարան, փոխմարզպետն է հիմա տղաների հետ, մնացածն ընթացքում կտեսնենք»:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին»:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց, որ ստորաբաժանումն իր գլխավորությամբ վաղը մեկնելու է առաջնագիծ.
«Մարզի կտրվածքով ստորաբաժանումներ ենք կազմավորել, 1-շաբաթյա պարապմունքներ ենք անցկացրել, կազմակերպչական շատ հարցեր ենք լուծել և վաղը մեկնելու ենք ռազմաճակատ»:
Կոտայքի մարզպետի ԺՊ Առնակ Ավետիսյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Եվս մեկ անգամ հորդորում ենք դիմել ձեր համայնքի համայնքապետարաններ՝ կամավորագրվելու և միասին իրականացնելու մեր հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը: Ի գո՛րծ»:
Կոտայքի մարզպետի ԺՊ Առնակ Ավետիսյանից ևս հետաքրքրվեցինք, թե իրենց մարզում ի՞նչ փուլում է կամավորագրման գործընթացը.
«Ջոկատները մեր մարզից, տարբեր համայնքներից, համայնքների ղեկավարների գլխավորությամբ, մի մասը մեկնել են առաջնագիծ, մի մասը պատրաստություն են անցնում, պրոցեսն ընթացքում է»:
Ճշտող հարցին՝ դուք մեկնելո՞ւ եք առաջնագիծ, Ավետիսյանը պատասխանեց.
«Այս պահին՝ ոչ, քանի որ ես ժամանակավորապես կատարում եմ մարզպետի պարտականությունները, բայց ցանկացած պահի պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով իրականացնել խնդիրներ: Այս պահին այստեղ եմ իմ ծառայությունն իրականացնում»:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Քաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ»։
Շիրակի մարզպետարանից մեզ փոխանցեցին հետևյալը.
«Շիրակի ջոկատն այս պահին զորամասում մասնակցում է պատրաստականության դասընթացներին, մարզպետը և ջոկատը սպասում են համապատասխան ցուցումների, և դրանց առկայության դեպքում իրենք կմեկնեն առաջնագիծ: Սպասում են համապատասխան ցուցումների»:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Գոտեպնդվե՛նք, սիրելի՛ հայրենակիցներ, և բոլորս մեկ մարդու նման կանգնենք հայրենիքի պաշտպանության դիրքերում: Ուրեմն` միասնական պայքար` հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ…»
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանից ևս հետաքրքրվեցինք՝ արդյոք եղե՞լ է առաջնագծում կամ պատրաստվո՞ւմ է մեկնել, նախ հարցրեց՝ հիմա դա պետք է մեկնաբանվի՞, դրական պատասխան լսելուց հետո ասաց.
«Կարծում եմ՝ դա ճիշտ չի լինի՝ հիմա մեկնաբանվի»:
Հարցին՝ ինչո՞ւ, բոլոր մարզպետները նույն պահին ֆեյսբուքյան գրառումներ կատարեցին, այդ թվում՝ նաև դուք, թե՝ բոլորս գնում ենք: Հիմա 2 շաբաթ է անցել այդ հայտարարությունից.
«Այդ գրառումներով առաջնորդվեք, մի մասը, ովքեր, որ այնտեղ են, իրենցից կարաս հետաքրքրվես: Հիմա ես ոչ մի բան չեմ մեկնաբանում, եղբայր»:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան հոկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»:
Տավուշի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ իրենց մարզում ևս ակտիվորեն քայլեր են տարվում կամավորական ջոկատներ ստեղծելու ուղղությամբ, բացի այդ, աշխարհազորում ներգրավվելու գործընթացն է մեկնարկել.
«Տավուշի մարզպետի գրառման մեջ որևէ ձևով նշված չէր, որ ինքը մեկնելու է ռազմաճակատ, այլ, որ Տավուշում ստեղծվում են կամավորական ջոկատներ, մասնավորապես՝ սահմանամերձ համայնքներում աշխարհազորի գործընթացն է մեկնարկել ու շատ ակտիվորեն ընթանում է»:
Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում իրավիճակը ևս լարված է եղել, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ Արցախ մեկնելու վերաբերյալ չենք զրուցել: