«Եթե մեր հայրենակիցը եկել է ու կամավոր պիտի գնա զենք վերցնի, մի՛ խեղդեք ու 20 հազար դրամ մի՛ պոկեք». Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իջնում եմ Մոսկվայից Երեւան եկող ինքնաթիռից։ Նույն չվերթով Ռուսաստանից Երեւան են վերադառնում մեր հարյուրից ավելի հայրենակիցներ։ Վերադարձողներից երկու երիտասարդ դեռ ինքնաթիռում ասացին, որ գալիս են Երեւան ու հենց հաջորդ օրը որպես կամավոր մեկնելու են Արցախ։ Մեկնելու են կռվելու, պաշտպանելու մեր հայրենիքը։
Մոտենում ենք օդանավակայանի ընդհանուր սրահին ու անասելի աղմուկ-աղաղակ, հրմշտոցներ։ Հարցնում եմ՝ ի՞նչ է եղել, ոստիկանները խաղաղ պատասխանում են՝ դե, ամեն ռեյսից հետո նույն իրավիճակն է, թեսթ հանձնելու համար 20 հազար դրամ են պահանջում, շատերն այդ գումարը չունեն, մի մասն էլ, ով ՌԴ-ում կամ Բելառուսում թեսթը հանձնել է, սակայն չվերթի հետաձգման պատճառով անհրաժեշտ 72 ժամն անցել է, մարդիկ օբյեկտիվորեն հրաժարվում են կրկին գումար վճարել ու թեսթ անցնել։
Ու մարդիկ, ասեմ ձեզ, միանգամայն իրավացի են։
Անկեղծ ասած՝ հոգնել եմ անընդհատ նույն հարցը տալուց, թե COVID հիմնադրամի գումարները էդ ինչի՞ վրա են ծախսվում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ու այլ դոնորներից եկող գումարները ինչի՞ վրա են ծախսվում, որ մենք չենք կարողանում գոնե որոշակի սոցիալական շերտերի համար անվճար թեսթավորում անել։
Զրուցում էի Սլովակիայի իմ ընկերներից մեկի հետ, ասաց, որ Սլովակիայում բոլորն անխտիր անվճար թեսթավորում են անցել ու նաեւ որպես բժիշկ հաստատեց այն, ինչ գիտեինք բոլորս, որ թեսթի ինքնարժեքը բավականին մատչելի է։
Ես չգիտեմ՝ ո՞ւմ եմ դիմում, որովհետեւ չեմ ճանաչում ադեկվատ մեկին, ում հետ հնարավոր է բոլոր այս հարցերը քննարկել։
Բայց եթե այդպիսի ադեկվատ մեկը պատահաբար կգտնվի, գոնե հիմա էսպիսի բաներ մի արեք։ Եթե մեր հայրենակիցը եկել է ու կամավոր պիտի գնա զենք վերցնի, մի՛ խեղդեք ու 20 հազար դրամ մի՛ պոկեք։ Եթե մեր հայրենակիցն արդեն այլ երկրում վճարել ու թեսթ է անցել եւ ոչ իր մեղքով թռիչքը հետաձգվել է այնքան, որ էդ ձեր ուզած 72 ժամը սպառվել է, մի՛ խեղդեք ու մարդուց 20 հազար դրամ մի՛ գանձեք։ էս դեպքերում գոնե անվճար թեսթավորում արեք։
Ո՞նց եք պատկերացնում, որ Ռուսաստանի հեռավոր գյուղից Հայաստան վերադարձող ընտանիքն ի վիճակի է լինելու օդանավակայանում իր հինգ հոգանոց ընտանիքի համար գրպանից հանել ու 100 հազար դրամ տեղում վճարել։
Լավ, չենք խոսում, ատամներս սեղմած՝ լռում ենք, որովեհետեւ այսօր բոլորս մեկ խնդիր ունենք՝ ամեն ինչ պատերազմի ու զինվորի համար։
Բայց այն, ինչ ես տեսա «Զվարթնոց» օդանավակայանում, ուղղակի ամոթալի էր։
Եթե ոլորտի որեւէ ադեկվատ պատասխանատու կգտնվի, ով կհասկանա, որ անբարոյականություն եւ լկտիություն է Ռուսաստանից ժամանած ու պատերազմ գնացող կամավորականից 20 հազար դրամ պոկելը, ուզում եմ հուսալ, որ փորձ կարվի հարցը կարգավորել։
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք։ Ամոթ է»։