«Ես դեռ առաջնագիծ մեկնելու պլաններ չունեմ». Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Արցախում գերի ընկած սիրիացի վարձկան ահաբեկիչների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներից բացի, բազմաթիվ այլ տեղեկություններ ևս կան։
«Տեսեք, երեք պետության ղեկավարներ կամ արտաքին գործերի ոլորտը համակարգողներ ընդունել են սիրիացի վարձկանների առկայությունը հակամարտության գոտում, և սա կարող է առաջացնել տարբեր հետևանքներ։ Նախ, բազմաթիվ կոնվենցիաներով, այդ թվում՝ վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման վերաբերյալ կոնվենցիաներով նախատեսված են որոշակի ընթացակարգեր։ Օրինակ, այն պետությունները, որոնք ներգրավված կլինեն ահաբեկչության ֆինանսավորման մեջ, բնականաբար, իրենք ֆինանսական թափանցիկության շրջանակներում կարող են բացահայտվել, հետաքննվել, և նրանց հաշիվները սառեցվեն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։
Հարցին՝ այս պայմաններում Հայաստանը կարո՞ղ է դիմել Հաագայի միջազգային դատարան, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ պետք չէ շտապել, որովհետև այդ հարցով այժմ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակն է զբաղվում։
Հաջորդ հարցին՝ պատրաստվում է մեկնել առաջնագիծ, և իր տեղակալը միայնա՞կ է մեկնել առաջնագիծ, թե՞ նախարարությունից նրա հետ այլ աշխատակիցներ էլ կան, Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Իմ տեղակալը միայնակ է գնացել, մենք ունենք բազմաթիվ քրեակատարողական ծառայողներ, որոնք զինվորագրվել են հայրենիքի պաշտպանության գործին։ Այսինքն՝ մենք ունենք մեր պլանները և ըստ անհրաժեշտության գործում ենք։ Ես դեռ առաջնագիծ մեկնելու պլաններ չունեմ, երբ անհրաժեշտությունը լինի, պատրաստ եմ հայրենիքի պաշտպանությանը մասնակցել այն ծավալով, որով որ անհրաժեշտ կլինի, որևէ խնդիր չկա»։