«ԲԴԽ-ն գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին՝ մի քանի դատարաններում ավելացնել դատավորների և դատական կազմերի քանակը». Կարեն Փոլադյան
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն խոսակցություններին, որ առաջիկայում դատական համակարգում սպասվում են մեծ կրճատումներ։
Նրա խոսքով՝ առաջին անգամ լրագրողներից է լսում, որ դատական համակարգում սպասվում են կրճատումներ։
«Չեմ կարծում, որ դատական համակարգում պետք է կրճատումներ լինեն։ Ավելին՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական լիազորություններն իրացնելու արդյունքում համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետին՝ առաջարկելով մի քանի դատարաններում ավելացնել դատավորների քանակը և, դրանով հանդերձ, նաև դատական կազմերի քանակը։ Այս լույսի ներքո՝ չեմ կարծում, որ կրճատումների մասին կարող է խոսք լինել։ Այսօր դատական համակարգն այնքան ծանրաբեռնված է, և այս քանակից մի փոքր էլ նվազեցնել, նշանակում է՝ կազմալուծել դատական համակարգի աշխատանքը»,- նշեց Կարեն Փոլադյանը։
Ըստ նրա՝ դատական ակտիվի որակն իր պատկերացմամբ՝ փոխվել է, և եթե ուսումնասիրվեն դատական գործերը, ապա ակնհայտ կդառնա, որ բողոքները նվազել են, միևնույն ժամանակ՝ ավելացել համապատասխան մասնագիտացումների գծով։
Անդրադառնալով պարգևավճարների թեմային՝ Կարեն Փոլադյանը տեղեկացրեց՝ երբևէ դատավորները պարգևավճար չեն ստացել ու չեն ստանում։
«Դատավորները ստանում են աշխատավարձ, նրանց շրջանում շուրջ 24 մլն դրամ է հավաքագրվել իրենց անձնական միջոցներից և ուղղվել է իրավիճակով պայմանավորված «Մենք ենք, մեր սահմանները» նախաձեռնությանը։ Ամեն օր դատական համակարգի կողմից այդ միջոցառումն իրականացվում է, վստահ եղեք, որ այդ համակարգը բոլոր առումներով մասնակցում է իրավիճակով պայմանավորված խնդրի հանգուցալուծմանը»,- շեշտեց Դատական դեպարտամենտի ղեկավարը։