«Պատերազմի ամեն օրն աշխատում է Ալիևի իշխանության և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ». Արտյոմ Տոնոյան
Արևելագետ Արտյոմ Տոնոյանի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի ախորժակը, մեծ հաշվով, կարող է զսպել հայկական բանակը և հայկական կողմի դիմադրությունը:
«Այսինքն՝ այն, ինչ արվում է հիմա: Իսկ ընդհանուր առմամբ, կարող է զսպել նաև ռազմական գործողությունների երկարումը: Թեև մեր ռազմական փորձագետներն էլ նշում են, որ նրանք գուցե ունեն պլան Բ, բայց ըստ էության, իրենք ծրագրել են արագ պատերազմ, որը հիմա չկա, և հռետորաբանության կոշտացումը, նաև՝ ռազմաճակատում օգտագործվող սպառազինության տեսակները, խոսում են այն մասին, որ չունեն այն ցանկալի արդյունքը, որը ծրագրում էին ունենալ՝ գոնե այս ժամանակահատվածի համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ պատերազմի ամեն օրն աշխատում է Ալիևի իշխանության և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ:
«Ադրբեջանական հասարակությանն իրենք սովորեցրին ուրախանալ արագ արդյունքներով՝ ինչ-որ գյուղերի ցանկեր, քաղաքների անուններ, որ հրապարակում էր Ալիևը, ինչն էլ մաս էր կազմում նրանց քարոզչական պատերազմի, այնուամենայնիվ, սա ունենալու է հակառակ արդյունքը, որովհետև եթե չունես ազատագրված բնակավայրերի նոր անուններ, դա բերում է հակառակ ազդեցությանը: Սրա նախնական վիճակն արդեն իսկ որոշակիորեն երևում է, որովհետև մարդկանց մոտ սկսել են հարցեր առաջանալ: Ալիևի հիմնական ընդդիմախոսների կողմից տարվում է քարոզ, որ նշաձողը դրվում է Շուշիում դրոշ բարձրացնելը, ինչն ուշանում է: Այս իրավիճակում, երբ չկա այդ արդյունքը, սկսում են հարցեր առաջանալ հասարակության մոտ, նաև նկատվում է հոգնածություն, քանի որ, ի տարբերություն առաջին օրերի, երբ փորձում էին հնարավորինս քիչ ուղարկել սպանվածների մարմինները հարազատներին, ամեն դեպքում հիմա իրավիճակն այնպիսին է, որ շատերի շրջապատում արդեն սպանված կա, և այդ մասին գրում են, որ՝ մեր տուն էլ մտավ: Նաև հուսահատ տրամադրություններ կան Ադրբեջանում»,- ընդգծեց նա:
Նա ընդգծեց՝ Ադրբեջանի իշխանությունների սկզբնական քարոզչությունը սկսել է հակառակ էֆեկտն ունենալ. «Եթե հետևեք սոցիալական ցանցերում արվող մեկնաբանություններին, առանց չափազանցնելու՝ ամեն երկրորդ մեկնաբանությունն ունի մոտավորապես այսպիսի բովանդակություն՝ «շատ քիչ է մնացել ձեզ, հայեր», «արդեն կոտորվում եք», «արդեն վերցնում ենք», «մեր զինվորներն արդեն Շուշիում են», և այլն, այսինքն՝ իրենց մոտ կա տպավորություն, որ ուր որ է՝ պատերազմն ավարտվելու է, այսինքն՝ իրենց մոտ ստեղծվել է տպավորություն, որ պատերազմն ավարտվում է: Բայց այդ տրամադրությունների թափը գնալով նվազում է»:
Հարցին՝ Ադրբեջանում ինչպե՞ս են ընդունել Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը և ռուսական կողմի պատասխանը, նա պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, ադրբեջանական հասարակության մեջ հիմա գերակա են հակառուսական տրամադրությունները, որոնք հիմա շատ ավելի սրվել են: Խորքերը գնում են արցախյան պատերազմի տարիներ, երբ իրենց խայտառակ պարտությունը ներկայացվեց այն լույսի տակ, որ ադրբեջանցի զինվորը կռվում էր ոչ թե հայկական զինուժի, այլ ՌԴ զինուժի դեմ, նաև այն տրամաբանությամբ, որ քարոզչություն էր գնում, թե իբր Ռուսաստանը չի ցանկանում, որ հակամարտությունը լուծվի, և եթե չլիներ Ռուսաստանը, իրենք իրենց ուժերով ամբողջ տարածքները կվերցնեին: Այս օրերին տեսնում ենք, որ ընդհանրապես այդպես չէ. ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերը, այլ անգամ թուրքական օգնությունը, ահաբեկիչների մասնակցությունը թույլ չեն տալիս իրենց՝ իրենց իսկ ներկայացրած թեզերը կյանքի կոչել: Իրենց աչքի առաջ փշրվում են այդ հրամցված թեզերը: Ալիևը վերջին իր կոչում ակնհայտ հակառուսական շեշտադրումներ արեց, և դա արեց այնպիսի տոնայնությամբ, որը նաև հաշվարկված էր՝ սեփական հասարակությանը հաճո լինելու համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում