Պարգևավճարների հարցում փոխվել է որոշ մեթոդաբանություն. Ջանջուղազյան
Հայաստանում պետական համակարգում 2021-ի համար պարգևավճարների տրամադրման տրամաբանությունը չի փոխվել, այն շարունակելու է լինել աշխատանքի վարձատրության 30 տոկոսի չափով. փոխվել է որոշակի մեթոդաբանություն: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ից Արտակ Մանուկյանի հարցին:
Արտակ Մանուկյանը, անդրադառնալով պետական համակարգում պարգևավճարների՝ բավականին ակտիվ քննարկված թեմային, հարց ուղղեց Ջանջուղազյանին: Մանուկյանը նկատեց, որ 2019-ին աշխատանքի վարձատրությունը փաստացի կազմել է 84.6 մլրդ դրամ, 2020-ին՝ 87 մլրդ դրամ, իսկ 2021-ի բյուջեի նախագծով նախատեսված է 89 մլրդ դրամ: Այսինքն` աճը 2.8 տոկոս է: Պարգևավճարները 2019-ին կազմել են 13.4 մլրդ, 2020-ին՝ 15.4, 2021-ին նախատեսված է 18.8 մլրդ: «Առաջին հայացքից թվում է, թե 21.7 տոկոս աճ կա: Հարկային և մաքսային աշխատողների պարգևատրումը 2019-ին եղել է 4.1 մլրդ , 2020-ին եղել է 2.5 մլրդ, 2021-ին՝ չկա: Ճի՞շտ եմ ենթադրում, որ մեթոդաբանական փոփոխություն է եղել»,- հետաքրքրվեց Մանուկյանը:
Ջանջուղազյանը արձագանքեց՝ զուտ թվերով առաջնորդվելու դեպքում կարող էր տպավորություն ստեղծվել, թե հարկային, մաքսային մարմինների պարգևավճարը զրոյացվել է: Մինչդեռ իրականությունն այդպես չէ: «Վարձատրության համակարգի ամբողջական ցուցանիշը ճիշտ բացահայտեցիք. 2.8 տոկոս աճ է եղել»,-ասաց նախարարը՝ դիմելով պատգամավորին:
Այնուհետև պարզաբանեց, թե ինչու է աճ գրանցվել: Աճը տեղի է ունեցել ինչպես բնականոն աճի շրջանակում, այնպես էլ տեղի ունեցած փոփոխությունների հաշվին: «Եթե, ենթադրենք, որևէ մարմնում լրացուցիչ հաստիք է ավելացվել, այդ լրացուցիչ հաստիքը չէր կարող չհաշվարկվել և չավելացվել այստեղ: Կամ եթե եղած հաստիքների շրջանակում պաշտոնն է փոխվել, որը վարձատրության ավելի բարձր դրույքաչափ է ենթադրում, դա պետք է իր արտացոլումը գտներ այստեղ: Պարգևավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա աշխատանքի վարձատրության ընդհանուր չափի նույն 30 տոկոսն է»,- ասաց Ջանջուղազյանը:
Անդրադառնալով տոկոսների տարբերությանը՝ նա նշեց, որ կա ոչ թե միայն մեթոդաբանական փոփոխություն, այլ կարգավորումների ազդեցություն: Նախարարը հիշեցրեց, որ 2019-ին արտաբյուջետային հաշվիների գործունեությունն ընդհանրապես դադարեցնելու որոշում է ընդունվել: «Դա հանգեցրել է նրան, որ ունենք ոչ թե արտաբյուջետային հաշվով ակնկալվող մուտքերի հաշվին նախատեսված պարգևավճար, այլ ամբողջ պարգևավճարը նախատեսված է բացառապես պետական բյուջեի հաշվին»,- ասաց նա:
Արտակ Մանուկյանն ամփոփեց՝ աշխատանքի վարձատրության ֆոնդն աճելու է ընդամենը 2.8 տոկոսով: «ՊԵԿ-ի պարգևատրումներն էլ, որոնք նախկինում նախատեսված էին արտաբյուջեով, եթե գումարենք, ապա 2020-ին այլ համադրելի պայմաններում կլիներ 18 մլրդ, և ըստ էության կաճեր շուրջ 1.04 տոկոսով»,- նշեց պատգամավորը: