Բաժիններ՝

«Վահեն ծնունդից կես ժամ առաջ զոհվեց. նա կլիներ 20 տարեկան»

Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված Վահե Սարգսի Սարգսյանը Աշտարակ քաղաքից էր, տան կրտսերը: Վահեն ապրում էր ծնողների, եղբոր և քրոջ հետ: Եղբայրը՝ Հովսեփ Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Վահեն ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 18-ին, Թալինի շրջանի Զովասար գյուղում, 1 տարեկան էր, երբ տեղափոխվեցին Աշտարակ:

«Իր մանկությունն անցել է Աշտարակում՝ դպրոց, ուսում: Ինքը շատ ժպտերես, բարի, ընկերասեր, բոլորին նվիրված, բոլորին հասնող, թե շրջապատում, թե շրջապատից դուրս… Շատ բան կարող եմ ասել ախպորս մասին, բայց բառեր չկան այդ ամենը նկարագրելու»,- ասաց Հովսեփը:

Վահեն դպրոցն ավարտել և ընդունվել էր բժշկական քոլեջ, նպատակ ուներ վերադառնալ և շարունակել ուսումը.

«Անշարժ պրոթեզավորում էր սովորում, բանակ գնալու համար տարկետում էր վերցրել, որ վերադառնար և շարունակեր: Գոհ էր, սիրում էր այդ գործը, իր ընտրած մասնագիտությունը: Իր արած գործերից էլ տանն ունի, իր առաջին փորձնական գործը… Շատ էր ուրախացել իր առաջին գործի վրա, բերեց, տանեցիներիս ասաց՝ նայեք, սա իմ առաջին գործն է, բոլորս էլ շատ ուրախացանք, բայց իր մոտ ավելի շատ էր այդ ուրախությունը, ինքը սիրում էր այդ գործը: Հիշում եմ, երբ հեռախոսով խոսում էինք, ասաց՝ գամ, ուսումս շարունակեմ, վերջացնեմ: Ուզում էր իր ստոմատոլոգիական կենտրոնն ունենար, իր սեփական գործը, ասում էր՝ գամ, սկզբնականում ուսումս կշարունակեմ, այդ ամեն ինչը կլինի, նոր հետագայում կմտածեմ՝ ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին, ինքն իր տարիքայինների համեմատ՝ ավելի հեռուն էր մտածում…»:

Վահեն ծառայության էր մեկնել 2019 թվականի փետրվարի 7-ին, 4 ամսից պետք է զորացրվեր: Եղբոր խոսքով՝ ծառայությունից երբեք չէր դժգոհում.

«Մեկ անգամ էր արձակուրդ եկել, գոհ էր ծառայությունից, չէր դժգոհում, թե հրամանատարությունից, թե առհասարակ: Ուշ-ուշ էր տուն զանգում, բայց զանգահարում էր, ասում էր՝ սաղ լավ է, մի մտածեք, կգամ շուտով…»:

Հովսեփը հիշում է, որ դեռ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Վահեն համացանցում  տեսանյութեր էր նայել, թե ինչպես էին կռվում մեր զինվորները, ցանկություն էր հայտնել գնալ և նրանց հետ կռվել թշնամու դեմ.

«Ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ ինքը դեռ ծառայության չէր մեկնել, նայում էր այդ վիդեոները, որ տղերքը կռվում էին, իր մոտ ուրիշ զգացողություն էր, չեմ կարող ասել՝ արյան կանչ էր, ինչ էր: Վահես ասում էր՝ ախպեր, ես պիտի գնամ այս տղերքի հետ հավասար կռվեմ, ասում էի՝ Վահե ջան, մի մտածիր, ախպերս, քո տարիքն էլ կգա, քո ժամանակն էլ կգա, դու էլ կմեկնես ծառայության, պարտքդ կտաս հայրենիքին»:

Վահեն վերջին անգամ հոկտեմբերի 16-ին էր խոսել եղբոր հետ, և չնայած լսվող կրակոցներին՝ հավատացրել էր, որ ամեն ինչ լավ է.

«Հոկտեմբերի 16-ի իրիկունն եմ խոսել իր հետ, կապերն էլ մի քիչ լավ չէր, հարցրեցի՝ ո՞նց ես, ի՞նչ կա, իր ձայնն էլ մի քիչ կտրվել էր, մի 2 բառ եմ խոսել, կրակոցի ձայներ էին գալիս, ասացի՝ ո՞նց է, Վահե, նորմա՞լ է այդտեղ ամեն ինչ, պատասխանեց՝ հա, ամեն ինչ նորմալ է, մի մտածեք, տնեցիքին կբարևես իմ կողմից, կզանգեմ… այդքանը: Երկրորդ անգամ զանգեցի, արդեն անհասանելի էր: Դեպքը եղել է հոկտեմբերի 17-ին՝ ժամը 23:30, կես ժամ էր մնացել, որ ինքը դառնար 20 տարեկան, ծնունդից կես ժամ շուտ զոհվել է, ծնունդը հոկտեմբերի 18-ին էր…

Վահես մինչև զոհվելը վիրավոր է եղել, բայց ոչ մեկիս չէր ասել, որ վիրավորվել է, բեկորային վնասվածք էր ստացել, հոսպիտալում է պառկած եղել, ասացին՝ հոկտեմբերի 11-ին դուրս է գրվել, կրկին բարձրացել դիրքեր, ու 6 օր հետո՝ 17-ին զոհվել է»:

Վահե Սարգսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին՝ քաղաք Աշտարակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս