Ճնշումը տնտեսության վրա մեծացել է

Տնտեսական իրավիճակն այս տարի, անշուշտ, նախաձելի չէ։ Տարեսկզբից սկսված դժվարությունները՝ կապված համավարակի ու տնտեսական սահմանափակումների հետ, շարունակում են զգացնել տալ։ Վերջին շրջանում դրանց միացել է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմը։

Տնտեսության վրա այս պատերազմի հետևանքները հնարավոր կլինի գնահատել ավելի ուշ, երբ հայտնի կդառնան հոկտեմբերի տնտեսական ցուցանիշները։

Մինչ այդ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության անցած 9 ամսվա արդյունքները։ Դրանք շարունակում են անկումային լինել։ Ինն ամսվա ընթացքում տնտեսական ակտիվությունը նվազել է 6,6 տոկոսով։

Ոչ մեծ չափով, բայց անկումը սեպտեմբերին կրկին խորացել է։ 8 ամսում ունեինք ակտիվության 6,4 տոկոս նվազում։ Այն 0,2 տոկոսային կետով ավելացել է։

Պատճառը սեպտեմբերին տեղի ունեցած տնտեսական զարգացումներն են։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է ակտիվության նվազում։ Ակտիվությունն այս տարի 7,5 տոկոսով ցածր է եղել։

Սեպտեմբերին ակտիվության անկման տեմպը նախորդ ամսվա համեմատ կրճատվել է։ Օգոստոսին ունեցել ենք անկման ավելի մեծ ցուցանիշ՝ 9,8 տոկոս։ Սեպտեմբերին անկման տեմպը սեղմվել է, բայց 7,5 տոկոսը ևս փոքր ցուցանիշ չէ։ Եվ, որ ավելի վատ է, այն հիմք չի տալիս ասելու, որ արձանագրված միտումն առաջիկայում պահպանվելու է։ Ադրբեջանաթուրքական ագրեսիան և վերջին շրջանում նկատվող համավարակի կտրուկ ակտիվացումն էլ ավելի են մեծացրել ճնշումը տնտեսության վրա։

Սեպտեմբերին աճ է գրանցվել արդյունաբերության ու շինարարության ոլորտներում։

Արդյունաբերության արտադրությունն ավելացել է 1,8 տոկոսով։ Շինարարության մեջ աճը շատ ավելի համեստ է եղել՝ ընդամենը 0,6 տոկոս։ Այս դրսևորումներից հետո 3 եռամսյակների արդյունքներով ունենք արդյունաբերության 1 տոկոս աճ։ Այնինչ՝ շինարարությունը շարունակել է մնալ անկումային, այն էլ՝ բավական խորը։ 9 ամսում տնտեսության այս ճյուղի զարգացումները հետ են մնացել 15-16 տոկոսով։

Սեպտեմբերը բարենպաստ չի եղել առևտրի և ծառայությունների համար։ Թե՛ մեկում, և թե՛ մյուսում պահպանվել է շրջանառությունների կրճատման դինամիկան։ Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա համեմատ առևտուրը պակաս է եղել 10,8 տոկոսով։

Ծառայությունների դեպքում անկումն ավելի մեծ է։ Սեպտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, ունենք շրջանառության ավելի քան 18 տոկոս նվազում։

Հասկանալի է, որ այստեղ մեծ է հատկապես սպասարկման այն ծառայությունների ազդեցությունը, որոնք կապ ունեն, առաջին հերթին՝ զբոսաշրջության հետ։ Զբոսաշրջային սեզոնն այս տարի այդպես էլ չբացվեց։ Ապրիլից սկսած ունենք զրոյական արդյունք, ինչը շարունակվում է։

Ծառայությունների ոլորտում 9 ամսվա տվյալներով արձանագրվել է 11,7 տոկոս նվազում։ Առևտրում շրջանառությունները կրճատվել են 11,4 տոկոսով։

Մի դեպքում՝ 8 ամսվա համեմատ առկա է անկման տեմպի նվազում, մյուս դեպքում՝ ավելացում։

Սեպտեմբերին դրական արձանագրում ունենք արտահանման ոլորտում։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելի շատ ապրանք է գնացել դուրս։ Թե դա հատկապես ո՞ր ապրանքների մատակարարումների հաշվին է եղել, առայժմ հայտնի չէ։ Այդ տվյալները դեռևս չեն հրապարակվել։ Բայց դատելով այս տարվա ընթացքում դիտարկվող զարգացումներից, պետք է ենթադրել, որ դրանում էական է եղել հանքարդյունաբերության դերը, որի կշիռն արտահանման մեջ գնալով ավելանում է։

Արտահանման աճը սեպտեմբերին կազմել է 4,6 տոկոս։ Բայց տարվա կտրվածքով այն շարունակում է բացասական լինել։

Ընդհանուր առմամբ 9 ամսում դուրս է տարվել 1 մլրդ 828 մլն դոլարի ապրանք, ինչը 4,4 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշը։ Արտահանման վրա ազդեցությունները բազմազան են, բայց դրանում էական դեր ունեն այնպիսի կարևոր հանգամանքներ, ինչպիսին են, ասենք՝ ներքին տնտեսական իրավիճակն ու գործընկեր երկրներում սպառման հետ կապված դժվարությունները։ Արտահանման առումով բարդություններ կան տարբեր շուկաներում։ Դրանք առավել տեսանելի են հատկապես ռուսական շուկայի պարագայում։ Նվազել է սպառողական պահանջարկը՝ հանգեցնելով իրացման ծավալների կրճատման։

Արտաքին առևտրի ոլորտում անկումն ավելի մեծ է ներկրումների պարագայում։ Տարեվերջից 3 ամիս առաջ ունեցել ենք ներմուծման 13,7 տոկոս նվազում։

Պարզ է, որ ներմուծման նվազումը կապված է՝ ինչպես տնտեսական զարգացումների, այնպես էլ՝ սպառողական պահանջարկի հետ։ Տեղի է ունեցել սպառողական պահանջարկի կրճատում՝ հանգեցնելով ներմուծումների նվազման։

Սպառողական պահանջարկի կրճատումը, բնականաբար, լավ օրից չի գալիս։ Բայց մի բան այս ամենի մեջ լավ է, որ դրա արդյունքում տեղի է ունեցել արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավում։ Հիմա արդեն ներմուծման և արտահանման տարբերությունը 1,7 անգամ է։ Անցած տարի հասնում էր գրեթե 2-ի։

Դատելով պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից, այս տարվա առաջին 3 եռամսյակների արդյունքներով՝ տնտեսական զարգացումները, մեղմ ասած, չեն փայլել ակտիվությամբ։ Աճ ունենք միայն արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում։ Արդյունաբերության մեջ այն կազմել է՝ 1, գյուղատնտեսության մեջ՝ 0,5 տոկոս։

Մյուս ոլորտներում սեպտեմբերին որոշակի դրական միտումներ նկատվել են, սակայն դրանք շարունակել են անկումային լինել։ Անկման տեմպը սեպտեմբերին մի փոքր դանդաղել է առևտրի և շինարարության ոլորտներում։

Բայց, որ պակաս կարևոր չէ, ավելի մտահոգիչ են հետագա սպասումները։ Ադրբեջանաթուրքական ագրեսիան, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն առաջիկա զարգացումները ռազմաճակատում և դիվանագիտական հարթության մեջ, սպառնալիք է տնտեսական զարգացումների համար։ Այդ սպառնալիքը, ուզած թե չուզած, թողնելու է իր հետևանքները։ Այլ բան է, թե դրանք մինչև ուր կարող են հասնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս