Կյանքից հեռացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը
«Քաղաք Ստեփանավան» ֆեյսբուքյան էջը հայտնում է․
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Դժվար է բառեր գտնել` նկարագրելու այն վիշտը , որ զգում են նրա համաքաղաքացիները: Իր կառավարման տարիներին Միքայել Ղարաքեշիշյանը փորձել է լինել յուրաքանչյուր ստեփանավանցու կողքին, իսկ քաղաքի նկատմամբ սերը, սիրելի բնակավայրն օր օրի ավելի լավը դարձնելու մղումն անսահման էր նրա մեջ:
Անհնար է չնկատել այն դրական փոփոխությունները, որոնց հիմքում քաղաքապետն ու նրա անձնուրաց ջանքն են եղել: Ամեն նոր կառուցապատման, ծառի ու ծաղկի, ներդրման համար առանձնակի ոգևորություն էր ապրում, վստահ, որ հաջողելու է Ստեփանավանը դարձնել տուրիստական խոշոր կենտրոն: Չկար մի ուղղություն, որ նրա ուշադրության կենտրոնում չլիներ, սիրում էր գնահատել, ոգևորել արվեստի, մշակույթի ոլորտի մարդկանց:
Միքայել Ղարաքեշիշյանին հաջողվեց Ստեփանավանը դարձնել ավելի մաքուր, կանաչապատ ու հյուրընկալ քաղաք: Նրա բոլոր մտքերը, ծրագրերը, հույզերը կապված էին քաղաքի տեսլականի հետ, հավատում էր Ստեփանավանի պայծառ ապագային ու ոչինչ չէր խնայում դրա համար:
Ցավակցում ենք Միքայել Ղարաքեշիշյանի հարազատներին, բոլոր ստեփանավանցիներին ու բոլորիս: Կորստի ցավն անասելի մեծ է` համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող կառույցների աշխատակիցների համար նա շատ սիրված ղեկավար էր, ու այսօր բոլորն են սգում սիրելի ղեկավարի, ավագ ընկերոջ, լավ քաղաքապետի, արժանավոր ստեփանավանցու, լավ ընկերոջ, լավ ընտանիքի ավագի և պարզապես արժանավոր մարդու մահը:
Միակ մխիթարությունը նրա թողած անջնջելի հետքն է. բոլորս, եկող սերունդները, քայլելով կանաչ ու բարեկարգ քաղաքում, միշտ ենք հիշելու Ղարաքեշիշյանին, նրա խստությունը` քաղաքն անսպառ ու անսահման սիրելու հարցում: Աստված լուսավորի Ձեր հոգին, հարգարժան քաղաքապետ, հարգարժան Մարդ: Ուժ ու մխիթարություն բոլորիս:
Միքայել Ղարաքեշիշյանի հոգեհանգիստը տեղի կունենա Ստեփանավանի եկեղեցում 02.11.2020 թ. ժամը 15:00-ից, հուղարկավորությունը` մյուս օրը ժամը 13:00 -ին նույն վայրից»: