
Թուրքիայի իշխանամերձ շրջանակների հակաիրանական հայտարարությունները

Իրանի իշխանությունները, երբ սկսեցին երկրի սահմաններին ահաբեկիչների տեղակայման վտանգի մասին ավելի առարկայական խոսել, Թուրքիայի իշխանություններին մոտ գտնվող թուրքական լրատվամիջոցներում հակաիրանական բնույթի հոդվածներն ավելացան:
Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոչ պաշտոնական խոսափողը համարվող «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը «Twitter»-ի էջում հետևյալ գրառումն է կատարել. «Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե Սիրիայից դեպի Իրանի սահմաններ ահաբեկիչներ են տեղափոխվում (Թուրքիան)։ Սիրիայում, Իրաքում և Եմենում գտնվող իրանական կազմակերպություններին/խմբավորումներին ի՞նչ անվանենք»։
«Տարածաշրջանում ԱՄՆ-ից հետո ամենաշատ արյուն Իրանն է թափել»,֊նշել է Իբրահիմ Քարագյուլը:
Ավելի վաղ Իբրահիմ Քարագյուլը, ակնհայտ սպառնալով Հայաստանի և Իրանի տարածքային ամբողջականությանը, գրել է․ «Իրանին Հայաստանի հետ սահման մնալո՞ւ է։ Չպետք է մնա, այդ կապը պետք է կտրել։ Նախիջևանն ու Ադրբեջանը պետք է միավորվեն և ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա պետք է բացվի։ Ռուսաստանի և Իրանի՝ «թյուրքական աշխարհը մասնատելու» երբեք չփոփոխվող թեզը պետք է վերանա»։