ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ռազմական գործողություններում չթիրախավորել խաղաղ բանկիչներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակել բանակցությունները, ռազմական գործողությունների ընթացքում առավելագույնս խնայել ու պաշտպանել խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Դրանում նշվում է, որ գլխավոր քարտուղարը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ հումանիտար հրադադար հաստատելու մասին:
Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է բռնությունը՝ նշելով, որ կողմերը պարտավոր են, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, ռազմական գործողությունների իրականացման ընթացքում առավելագույնս խնայել և պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները:
Հայտարարությունում նշվում է նաև, որ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և անհապաղ իրականացնել այն կոնկրետ քայլերը, որոնք պայմանավորվել են ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի միջոցով, ինչպես նաև նախկին պարտավորությունները: Նա կողմերին կոչ է արել շարունակել առարկայական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը համանախագահների հետ ՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու համար:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 30-ի հանդիպումից և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից հետո հոկտեմբերի 31-ի լուսաբացից Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունը՝ հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Շուշիին, Մարտունուն: Քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: Մարտունու շրջանի Հերհեր գյուղի հրետակոծության հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ:
Պատրաստեց Աննա Գրիգորյանը