ՀՀ վարչապետի դիմումից և Ռուսաստանի պատասխանից հետևում է, որ այս փուլում հայկական և ռուսական կողմը կսկսեն քննարկումներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծած պատերազմի առաջին շաբաթներից սկսած՝ նորից արդիական դարձան Արցախյան հակամարտության գոտում խաղաղապահների ներգրավման անհրաժեշտության մասին քննարկումները:
Օրերս նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կողմ է «հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքին», ապա՝ սկանդինավյան խաղաղապահների տեղակայման մասին խոսեց Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին և պատասխանելով հարցին, թե որքանով են նման սցենարներն այս պահին իրատեսական՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Մինչ գործը խաղաղապահներին հասնելը՝ այս պահին ավելի կարևոր խնդիր կա, այն է՝ պատերազմական գործողությունների դադարեցումը:
Այո, պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ ինքը կողմ է խաղաղապահների տեղակայմանն Արցախում այս իրավիճակում, բայց չկա նման համաձայնություն Ադրբեջանից, և երկրորդը՝ խաղաղապահներ տեղակայելու հնարավորություն այս պահին չկա: Կարծում եմ՝ այդ հարցերի քննարկումը ապագային պետք է թողնել, և արագ լուծումներ այստեղ չեն կարող լինել:
Այն, ինչ խոսում էր ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը՝ սկանդինավյան երկրների խաղաղապահների հետ կապված, դա ընդամենը առաջարկ է, տարբերակ է, որն այս պահի դրությամբ իրականության հետ և որևէ առնչություն չունի՝ այսինքն՝ դրա մասին վաղ է խոսելը»:
Մեր խնդրանքով անդրադառնալով ՀՀ Վարչապետի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին և Ռուսաստանի ԱԳ նախարարության կողմից այդ նամակի պատասխանին հաջորդող գործընթացներին` քաղաքագետն արձանագրեց.
«Ակնհայտ է՝ ՀՀ վարչապետի դիմումից և Ռուսաստանի այդ պատասխանից հետևում է, որ այս փուլում հայկական և ռուսական կողմը կսկսեն քննարկումներ՝ հնարավոր վտանգների բացահայտման և հնարավոր աջակցության մակարդակի մասին, թե ինչպիսին կլինի այդ աջակցությունը:
Կարծում եմ՝ դեռևս պետք է սպասել այդ քննարկումների ավարտին: Չնայած ասեմ, որ, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը նույնիսկ քաղաքական քննարկումների տեսակետից ունի հստակ մոտեցումներ, պահանջներ, որոնք, ըստ էության, Հայաստանի համար զգուշավորության պատճառ առնվազն կարող են լինել, որովհետև պարզ է, որ, ամեն դեպքում, Ռուսաստանի փորձագիտական շրջանակներից եկող գնահատականների համաձայն՝ այնտեղ անվստահություն կա ՀՀ իշխանությունների հանդեպ, և տպավորությունն այն է, որ Ռուսաստանը փորձում է այս պահին բալանսավորել իր այդ անվստահության զգացողություններն իրական սպառնալիքների հետ, որոնց առնչվել է Հայաստանի Հանրապետությունը»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահություն հայտնեց, որ տարածաշրջանում քաղաքական շահ հետապնդող բոլոր երկրները շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանը ստանձնի հիմնական պատասխանատվությունը և միջնորդական առաքելությունը հակամարտող կողմերի միջև: