Բաժիններ՝

«Գնում եմ Արցախ, շատ լավ է, չմտածեք…». 19-ամյա Նարեկը Գանձակից էր, տան միակ որդին

Արցախում զոհված Նարեկ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքից էր, տան միակ որդին, 1 տարի 3 ամիս առաջ էր մեկնել ծառայության:

«Ինքը թաք տղա էր, ապրում էր ծնողների և 2 քույրերի հետ, երեխաներից մեծն ինքն էր: Ճիշտ է՝ Գանձակում էր ծնվել, բայց մի քանի տարի կլիներ, որ տեղափոխվել էին Երևան՝ Հաղթանակ թաղամաս, այնտեղ է շարունակել դպրոց գնալ, ապա քոլեջ էր ընդունվել, ավարտեց ու զորակոչվեց, ոսկի երեխա էր…»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Նարեկի պապիկի եղբայրը՝ Ամրայ Վարդանյանը:

Նա հիշեց, որ դեռ փոքր տարիքից Նարեկը միշտ օգնում էր ծնողներին, մինչև զորակոչվելն էլ առավոտյան շուտ էր արթնանում, որ ինչ-որ բանով օգներ հորը.

«Քանի-որ ծնողներն աշխատում էին, Նարեկը մեծ քրոջ հետ փոքր՝ 3 տարեկան քրոջը պահում էր: Բանակից էլ որ գալիս էր, մի քանի անգամ արձակուրդ էր եկել, տանն ինչ գործ կար, անում էր, հորն օգնում էր, ոսկի երեխա էր Նարեկը: Փոքր քույրը Նարեկի վզից չէր իջնում, շատ կապված էր հետը, որ Նարեկը զոհվեց, բերեցին, փոքր քույրը մոտեցավ, դե, շա՞տ է հասկանում, որ զոհվել է, ասաց՝ ապերը քնել է, չեմ հանի, թող հելնի, նոր կպաչեմ»:

Ամրայ Վարդանյանը հիշում է, որ Նարեկը բանակի մասին միայն լավն էր պատմում, երբեք չէր դժգոհում.

«Ինքն այնքան զուսպ, այնքան հարգված երեխա էր, միշտ կասեր՝ ամեն ինչ նորմալ է, երբեք չի նվնվացել, թե՛ ծառայությունից, թե՛ աշխատանքից: Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնցից մեկն էլ Նարեկն էր: Այնքան հասկացող ու հարգանքով երեխա էր, տատիկը առողջական խնդիրներ ուներ, գրկում տեղափոխում էր՝ ուր որ պետք էր, տատիկի համար բոլորը մի կողմ էին, Նարեկը՝ մի կողմ, բոլորին նվիրված երեխա էր, շատ համեստ… Հաղթանակ թաղամասում էլ (4-րդ գյուղ) շատ ընկերներ ունի, նրացից մոտ 10 հոգի այդ քանի օրը մեր կողքից չհեռացան, Գանձակում էին մնում, նույն բնավորությունն էլ այդ երեխաներն ունեն, իրենց ցավը տանեմ»:

Ամրայ Վարդանյանը պատմեց, որ Նարեկի ընկերները, հարազատներն ու համագյուղացիները գումար էին հանգանակել, և նրա հայրը այն փոխանցել է «Հայաստան համահայկական հիմնադրամ».

«Մոտավորապես 4000 դոլարի չափ գումար էր հավաքվել, Նարեկի հայրն այն ուղարկեց հայոց բանակին: Տվել էր գյուղապետին, ասել էր՝ սա իմ կողմից ուղարկեք բանակին, անգամ ասել էր՝ եթե կարելի է, ինձ էլ կամավորագրեք, գնամ, բայց ասել  էին՝ այս պահին՝ չէ»:

Նարեկը վերջին անգամ մորեղբորը՝ Սարգսին էր զանգել, ամենաշատը նրա հետ էր կիսվում.

«Ինքն առանձնահատուկ երեխա էր, ամեն մի խոսքը՝ կշռված, չափված-ձևված… Վերջին անգամ ինձ է զանգել, ասաց ՝ գնում եմ Արցախ, շատ լավ է, չմտածեք… Դա է եղել իր վերջին խոսքը, դրանից հետո երեխու համարը դարձավ անհասանելի…»:

Նարեկը զոհվել է հոկտեմբերի 9-ին, հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ Գանձակում:

«Ահավորն այն է, որ 11-ին մենք երեխուն թաղեցինք, նույն օրը գիշերը Հաղթանակ թաղամասի իրենց տունը կողոպտեցին: Երեխու համար կաս էին հավաքում, որ զորացրվեր, քեֆ անեին, բայց անգամ կասն էին կոտրել ու գումարը տարել»,- նեղսրտած պատմեց Նարեկի պապիկի եղբայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս