Բանակցությունների սիրիական ձևաչա՞փ Արցախի շուրջ․ Կարգավորման ի՞նչ ծրագիր է ներկայացնելու Իրանը, և ինչի՞ն է միտված այն
Իրանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ծրագիր է մշակել: Երեքշաբթի օրը երեկոյան Թեհրանում նման հայտարարությամբ հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ չգաղտնազերծելով, թե խոսքն ինչ ծրագրի մասին է։ Զարիֆը տեղեկացրեց, որ այսօրվանից երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին լինելու է տարածաշրջանային երկրներում, ինչպես նաև Մոսկվայում ներկայացնելու համար իրանական փաթեթը։
Սրան զուգահեռ՝ իրանցի ուժայինները շարունակում են ռազմական ուժեր կուտակել Արաքսի երկայնքով, իսկ կիրակի օրն Իրանի զինված ուժերն Արևմտյան Ատրպատական նահանգում նախապես չհայտարարված լայնածավալ զորավարժություններ սկսեցին։ Իրանական կողմն ուժեղացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի երկայնքով հակաօդային պաշտպանությունը։
IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրանի քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Բաքվում ներկայացրել է կարգավորման ծրագիրը, որը միտված է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ու այս պահին ռազմական գործողությունների դադարեցմանը։
Նախ՝ Արաքչին Իրանն ու Ադրբեջանն անվանել է երկու բարեկամ երկրներ՝ հավելելով, որ Թեհրանը սատարում է օկուպացված հողերն ու քաղաքներն ազատագրելու Բաքվի ջանքերին: «Ադրբեջանի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխությունն անհերքելի հարց են»,- շեշտել է Իրանի փոխարտգործնախարարը:
«Վերջ դնել Ադրբեջանի հողերի «օկուպացմանը», պաշտպանել ազգային փոքրամասնությունների և մարդու իրավունքները, որոնք համարվում են Իրանի ծրագրի հիմնական գործոնները»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ ծրագիրը կարող է իրականացվել փուլ առ փուլ։
Նա նաև ասել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը և ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկն իրանական ծրագրի մեկ այլ առանցքային մասն են՝ ընդգծելով, որ Իրանը մտադիր է տարածաշրջանային երկրների հետ խորհրդակցություններ անցկացնել իր ծրագրի շուրջ: Ուշագրավ է նաև, որ բացի Բաքվից, Արաքչին այցելելու է Մոսկվա, Երևան և Անկարա։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, թե ինչու է որոշել Իրանը կարգավորման ծրագիր ներկայացնել, ինչ է այն իրենից ներկայացնելու և ինչին է ուղղված լինելու։
Ըստ Լուկիանովի՝ պարզ է, որ Իրանն առաջին հերթին առաջնորդվում է սեփական անվտանգությամբ, քանի որ հակամարտությունը կենտրոնացած է հարավում՝ անմիջապես Իրանի սահմանին, և այդ առնչությամբ այս մեկ ամսվա ընթացքում իրանական կողմը բազմաթիվ հայտարարություններ է արել, քանի որ ունի ենթակառուցվածքներ նաև և չի ցանկանում, որպեսզի դրանք տուժեն։
Նրա խոսքով, Իրանն առաջնորդվում է նաև աշխարհաքաղաքական ընկալումներից ելնելով և ցանկանում է տարածաշրջանում ամրապնդել իր և իր համագործակցությունների դիրքերը։
«Կարծում եմ՝ պատահական չէ տվյալ այցի աշխարհագրությունը։ Այսինքն՝ Իրանը նախատեսում է, որ իր ծրագրին պետք է հավանություն տա ոչ թե՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ՝ Մոսկվան և Անկարան, ինչը նշանակում է, որ Իրանը փորձում է Ղարաբաղյան հարցում առաջ քաշել սիրիական մոդելը, երբ կար բանակցություն Մոսկվա-Անկարա-Թեհրան ձևաչափով, ավելի պարզ Աստանայի ձևաչափով բանակցություններ, որոնցում այս երեք երկրները բանակցությունների երաշխավորներն էին։ Եթե այս ձևաչափով լինեն բանակցություններ, բնականաբար, տարածաշրջանում արևմտյան դերակատարությունն էականորեն կտուժի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն կտուժի։ Սա բխում է Իրանի շահերից և իրանաամերիկյան հարաբերությունների բնույթից, տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրսբերումը, բնականաբար, բխում է Իրանի շահերից։ Բայց այստեղ ուշագրավ է նաև այն, որ ԱՄՆ-ը փորձեց որոշակի դերակատարում ունենալ, այսինքն՝ որքան էլ դրա արդյունքներն ուրախացնող չէին, այնուամենայնիվ, կար ձգտում՝ ազդել իրավիճակի վրա, ու գուցե լինեն այլ քայլեր։
Իրանական ծրագրի հաջողությունը, բնականաբար, կախված է փաթեթի բովանդակությունից, որին տեղյակ չենք, բայց հաջողության և հակամարտող կողմերի համար ընդունելի լինելու համար այն չպետք է լինի միակողմանի, ապահովի որոշակի հավասարակշռություն։ Եթե դա չլինի, կողմերը դրան չեն համաձայնի։ Այն հայտարարությունները, որոնք այսօր հնչել են ընդունելի և ողջունելի չեն լինի հայկական կողմի համար։ Գուցե այնտեղ հնչել են այդ լսարանին հաճո հայտարարություններ, և ՀՀ-ում հնչեն այլ հայտարարություններ, դեռ պետք է հետևել, թե այլ ինչ շեշտադրումներ են արվելու և ինչ մանրամասներ են հայտնվելու մամուլում այդ փաթեթից։ Այս պահին դրա հաջողության հավանականությունը շատ ցածր է, քանի որ հարցերը չափազանց շատ են։ Կողմերից մեկը կարող է նաև չհամաձայնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի թուլացմանը, այն գործել է մոտավորապես 30 տարի, դրա գործունեությունից դժգոհ են, բայց ամեն դեպքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո երկար ժամանակ ընթացել են բանակցություններ, և համանախագահ երկրները կարողացել են պահպանել չեզոքություն, և դրանում ներառված են եղել հնարավորինս չեզոք երկրներ։ Չեմ կարող ասել, թե բանակցություններում Թուրքիայի մասնակցությունը որքանով կարող է ընդունելի լինել Հայաստանի համար, քանի որ Թուրքիան իրեն հռչակել է հակամարտության կողմ, և ոչ թե՝ միջնորդ։ Իրանի այս ձգտումները տեղավորվում են տարածաշրջանային տերությունների՝ ավելի մեծ ազդեցության հավակնությունների տիրույթում»,- ասաց Լուկիանովը՝ շարունակելով, որ ավանդական դերերի փոփոխություն ենք նկատում, երբ տարածաշրջանային տերությունները ձգտում են գերտերության դերակատարման։
Ըստ նրա՝ այս հարցով Թուրքիան և Ռուսաստանն ակտիվորեն խորհրդակցում են, ու այդ ձևաչափն արդեն իսկ գործում է։
«Հարց է՝ Իրանը կկարողանա՞ միանալ դրան, թե՞ ոչ։ Կախված է նաև Արևմուտքի արձագանքից։ Այնուամենայնիվ, երևանյան շեշտադրումներն են կողմնորոշիչ լինելու»,- ասաց Լուկիանովը։