«Մենք չգիտենք՝ Իրանն ամբողջական ինչ փաթեթ է ներկայացրել, բայց Բաքվում արված շեշտադրումները մտահոգիչ են». Արամ Շահնազարյան
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Իրանի հատուկ բանագնաց, քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին երեկ ուշ երեկոյան Բաքու է ժամանել: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Բաքվում Արաղչին ներկայացրել է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի նախագծի որոշ մասը:
«Այս նախագիծը մի քանի փուլով կարող է իրավիճակը բերել կայուն խաղաղության և վերջ տալ առկա հակամարտությանը և, իհարկե, Ադրբեջանի Հանրապետության տարածքների «օկուպացիային»»,- ասել է Արաղչին՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն այս նախագծի առանցքային կետերից է:
«Փոքրամասնությունների և հումանիտար իրավունքների պաշտպանությունը հակամարտությունը դադարեցնելու՝ Իրանի նախաձեռնության մյուս կարևոր առանցքն է»,- հավելել է նա:
Նշենք, որ Արաղչին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իրանական նախագիծը ներկայացնելու է նաև Մոսկվայում, Երևանում և Անկարայում:
Նախագծի մասին դեռևս մանրամասներ բացահայտված չեն, և հայտնի չէ, թե տողատակերում ինչ կա թաքնված՝ արդյո՞ք խոսքը 7 շրջանների մասին է միայն, թե՞ այլ տարածքներ նաև նկատի ունեն: Կամ՝ ի՞նչ ասել է՝ փոքրամասնությունների իրավունքների ճանաչում և ամրագրում, արդյո՞ք դրա մեջ մտնում է ինքնորոշման իրավունքը:
168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանն ասաց, որ դժվար է մեկնաբանել այս հարցերը, քանի որ հայտնի չէ ամբողջական ծրագիրը:
«Քանի որ մենք չգիտենք՝ ամբողջական ինչ փաթեթ է ներկայացված, և ինքը միայն որոշ դրույթներ է նշել, չի կարելի մեկնաբանություն անել: Ամեն դեպքում օգտագործված տերմինոլոգիան մտահոգիչ է»,- նշեց նա:
Իսկ թե որքանո՞վ է իրատեսական Իրանի միջնորդական դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, Արամ Շահնազարյանը շեշտեց, որ Իրանն ունի տարածաշրջանային իր հստակ շահերը: Ըստ այդմ՝ բոլոր քայլերը, բնականաբար, ուղղված են Իրանի ազգային անվտանգության համատեքստում շահերի ապահովմանը Հարավային Կովկասում, հատկապես, եթե հաշվի առնենք Թուրքիայի ակտիվ ներկայությունը տարածաշրջանում, ինչպես նաև՝ ահաբեկչական խմբավորումների ներկայությունն Իրանի սահմանային գոտու ներկայությամբ:
«Բնականաբար, Իրանը փորձեր կանի, որ որքան հնարավոր է խաղաղ կարգավորման հանգի այս հակամարտությունը, ավարտվի պատերազմական իրավիճակը: Միանշանակ է՝ որքան էլ փորձեն չարտահայտվել այդ մասին, բայց Ադրբեջանի հաջողությունն Իրանի համար հսկայական հետևանքներ կարող է ունենալ: Կրկնում եմ՝ մենք չգիտենք, թե ամբողջական նախագիծն իրենից ինչ է ներկայացնում, բայց եթե հաշվի առնենք այս շեշտադրումները, ես կարող եմ միանշանակ նշել՝ նման մոտեցումն անընդունելի պետք է լինի հայկական կողմի համար: Այս ձևակերպումներով և այս մոտեցումներով հարցի կարգավորումը, բնականաբար, անընդունելի է թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի համար, և թե՛ ամբողջ հայության: Իրանը, եթե իսկապես ցանկանում է միջնորդական կառուցողական դեր ստանձնել այս գործընթացում, կարծում եմ, պետք է որոշակի սրբագրումներ կատարի ներկայացված մոտեցումներում և շեշտադրումներում:
Կա ևս մեկ կարևոր հանգամանք. ԼՂ հակամարտության կարգավորման միակ միջազգայնացված հարթակը դա ԵԱՀԿ ՄԽ-ն է, և, բնականաբար, դրա մեջ փոփոխություն մտցնելն այս պահի դրությամբ, կարծում եմ, անհնար է, նաև չի բխում հայկական կողմի շահերից: Եթե ենթադրենք՝ շեշտադրումները փոխվեցին հօգուտ հայկական կողմի, և Իրանը ներգրավվեց գործընթացին, ապա այս դեպքում Բաքուն առաջ է քաշելու տարածաշրջանային մյուս կարևոր խաղացողի՝ Թուրքիայի ներգրավվածության հարցը բանակցային այս գործընթացում: Եվ սա, պարզ է, որ չի բխում հայկական կողմի շահերից»,- նշեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը՝ հավելելով, որ այնքան էլ իրատեսական չի համարում, որ Իրանը կկարողանա միջնորդական առաքելություն ստանձնել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:
Չի բացառվում, որ Իրանի կողմից սա քաղաքական մանևր է՝ տարածաշրջանում իր դերակատարությունը բարձրացնելու, հավասարակշռելու Թուրքիայի ակտիվ ներկայությունը, նաև՝ կարգավորման գործընթացի համատեքստում մոտենալու ռուսական կողմին՝ համատեղ ինչ-որ բաներ ձեռնարկելու փորձերի առումով: