![](/banners/BeFunky-design.jpg)
«Պետք է ավելի խիստ պատիժ նախատեսվի, որպեսզի անձինք ձեռնպահ մնան նման արարքներ կատարելուց». Գաբրիել Բալայան
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/Gabriel-Balayan.jpg)
Ազգային ժողովում այսօր հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որով առաջարկվում է ավելացնել ռազմական դրության, պատերազմի կամ մարտի պարագաներում դասալքության, հրաման չկատարելու, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու, զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու համար նախատեսված պատժաչափերը:
Նախագիծը ներկայացնելուց հետո հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խնդրելով ներկայացնել, թե ի՞նչ նպատակ ունի այս նախագիծը:
«Մենք՝ իրավաբաններս, բոլորս գիտենք, որ անձինք հանցագործություն չեն կատարում ավելի շատ ոչ թե՝ պատժի խստությունից ելնելով, այլ՝ պատժի անխուսափելիությունից ելնելով: Հիմա պատժի խստացումը ի՞նչ տրամաբանական կապ ունի հանցագործության դեմ պայքարի հետ: Թե՞ պարզապես դա այսպես ավելի հրապարակայնացնելու և դրա միջոցով անձանց հորդորելու, որ ձեռնպահ մնան հանցագործություն կատարելիս: Դա՞ է նպատակը: Ունե՞ք պրակտիկ փորձեր, որ անձինք կատարել են հանցագործություն՝ նաև իմանալով, որ փոքր է պատասխանատվությունը կամ քիչ է: Թե ո՞րն է, էլի, պատճառը, որ մենք գնում ենք խստացման ճանապարհով, իմա՞ստը»,- հարց ուղղեց Տարոն Սիմոնյանը:
«Իրականում երկուսն էլ, ասեմ Ձեզ: Այո, ունենք արդեն համապատասխան մեղադրանքներ առաջադրված, ունենք համապատասխան իրավախախտումներ իրականացված, այսինքն՝ օրենքով արգելված այդ արարքը կատարելու հետ կապված՝ համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրված: Եվ էս պահի դրությամբ, այո, գտնում ենք, որ դա պետք է ավելի հրապարակային, ավելի խիստ պատիժ նախատեսի, որպեսզի անձինք ձեռնպահ մնան նման արարքներ կատարելուց կամ անգործություն ցուցաբերելուց որոշակի իրադրության պարագայում»,- հարցին ի պատասխան՝ ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: