Ռուսաստանի քաղաքականությունը պատերազմի ուղղությամբ կարող է փոխվել միայն Թուրքիայի ներխուժման դեպքում․ Ֆելգենգաուեր

«ՀՀ ԶՈՒ-ն պետք է փոխի տակտիկան ու մարտավարությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆալգենգաուերը՝ մեկնաբանելով իրավիճակը Արցախյան ռազմաճակատում, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիան հարավային սահմանների ուղղությամբ, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հնարավոր արձագանքը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկն ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Այս գործողությունների հետևանքով կան վիրավորներ։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն, ինչպես նաև այսօր ՀՀ հարավային սահմանի թիրախավորումից հետո հանրության շրջանում ավելի է ակտիվացել ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի օգնությանը դիմելու թեման։

Օրերս ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը պարզաբանել էր, թե երբ Ռուսաստանը կկարողանա միջամտել ղարաբաղյան հակամարտությանը։ Սենատորի խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է պաշտոնապես իրազեկեն ՌԴ իշխանություններին այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմում են սիրիացի գրոհայիններ, և այդ դեպքում Ռուսաստանը կարող է հայտարարել Անդրկովկասի այդ տարածաշրջանում հակաահաբեկչական օպերացիա սկսելու մասին։ Կոսաչյովը հայտարարել է, որ անհրաժեշտ է «գնահատել այդ տեղեկատվության իսկությունը, վտանգն ու ռիսկերը, որոնք առաջանում են այդ ամենի կապակցությամբ»։ «Բնականաբար, Երևանը պետք է մեզ ուղղի պաշտոնական դիմում, այլ ոչ թե եզրակացություններ այն մասին, որ Ռուսաստանն ունի հիմքեր»,- նշել էր քաղաքական գործիչը։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան: «Այսօր մենք դրա կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանի վտանգի պարագայում, ես վստահեցնում եմ, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն թողնի, որ այդ իրավիճակը շատ խորանա»,- ասել է Սիմոնյանը:

Հարցին, թե՝ այսինքն՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ մյուս անդամները, որոնք Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեն, կարող են չաջակցել, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Ես չեմ բացառում։ Իհարկե, եթե մի քանի պետություն է ներկայացված, բոլոր պետություններն էլ իրենց շահերն ունեն։ Իհարկե, ո՞վ է ասում, որ միանշանակ ընդունվելու է։ Կա՞ մեկը, որ կարող է նման բան ասի»։

Ըստ Պավել Ֆելգենգաուերի՝ եթե երկու բառով ասի, ապա իրավիճակը Հայաստանի համար չափազանց անցանկալի սցենարով է ընթանում, և մասնագետների համար պարզ է, թե ինչու, քանի որ զինվորականները բացարձակ չէին պատրաստվել այնպիսի պատերազմի, որով նրանք այսօր են անցնում և պատերազմում։

Նրա խոսքով, օպերատիվ պլանները բոլորը տապալվել են, Ադրբեջանը ստանձնել է նախաձեռնությունը և վստահորեն այն պահում է սեպտեմբերի 27-ից, և դա կարող է ավարտվել տոտալ աղետով։

Ֆելգենգաուերի կարծիքով, եթե ներկայումս նրանք վերախմբավորվեն և վերցնեն Լաչինը, ապա կարելի է ասել, որ պրակտիկորեն արդեն վերջ, իսկ նրանք մոտեցել են Լաչինին, ինչպես 1992 թվականին։ Առաջնագիծը, ըստ Ֆելգենգաուերի, Աղդամ, Ստեփանակերտ կենտրոնական ուղղությամբ պահվում է, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ մտել են թիկունքից։

«Հայտարարված է հայրենական պատերազմ, քանի որ իրավիճակը վատն է։ Դրանով էլ պայմանավորված՝ կարող է Երևանում խուճապ լինել, այդ թվում՝ իշխանության շրջանում, քանի որ հասկանալի չէ՝ ինչ անել։ Այնտեղ ուժեր կենտրոնացնել, ինչը կարողանում է անել Փաշինյանը, չի աշխատում, քանի որ Ադրբեջանն այլ պատերազմ է մղում այլ մակարդակում»,- ասաց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ, եթե հայկական ուժերը փոխեն մարտավարությունը, իրականացնեն անհրաժեշտ վերախմբավորումներ, գործեն փոքր խմբերով՝ հնարավորինս պաշտպանված, ապա հնարավոր է փոխել պատերազմի ընթացքը։

Սակայն, ըստ նրա, Հայաստանը փորձում է նաև քաղաքական խնդիր լուծել՝ փորձելով այնպես անել, որ իրեն օգնեն։ Սակայն, նրա խոսքով, Մոսկվայում հասկացրին, որ Ղարաբաղի վրա ՀԱՊԿ-ի պաշտպանությունը որևէ կերպ չի տարածվում, և Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտելու։

Նրա խոսքով, Ռուսաստանի համար խնդիր չէ, որ Հայաստանը կորցնի Ղարաբաղը, թեև Մոսկվայում հզոր հայկական լոբբի կա, որի համար դա մեծ խնդիր է, բայց կա նաև ադրբեջանական լոբբի։ «Հայկականը գուցե ավելի ուժեղ է, բայց ադրբեջանականը ևս թույլ չէ։ Ռուսաստանի համար այս հակամարտությունում մինչ այս պահը կարևոր է պահպանել լավ հարաբերություններ Հայաստանի հետ և լավ հարաբերություններ Բաքվի հետ, և ընդհանրապես, որպեսզի վերականգնվի իր հեգեմոնիան Անդրկովկասում, և որպեսզի և՛ Երևանը, և՛ Բաքուն լինեն մեր վասալները։ Ղարաբաղը կորցրած, թուլացած Հայաստանը կարող է լավ, ենթարկվող վասալ լինել։ Դա կարող է հանգեցնել Փաշինյանի ռեժիմի անկման, որը ևս Մոսկվայում կողջունվի։ Բաքուն ևս թուլացած կլինի պատերազմից հետո և ևս լավ վասալ կլինի։ Սակայն Մոսկվայի համար բացարձակ անընդունելի է թուրքական ներկայության կտրուկ ամրապնդումը Անդրկովկասում։ Սա արդեն կարմիր գիծ է։ Դա հարուցում է թաքնված լարվածություն որոշակի առումով, քանի որ Պուտին-Էրդողան հարաբերությունները բարդ են, նրանք տարբեր տեղերում տարբեր կերպ են համագործակցում, և Ռուսաստանը կցանկանար, որպեսզի Թուրքիան բաժանվեր ՆԱՏՕ-ից և Արևմուտքից։

Սկզբունքորեն այս հակամարտությունը կարող է օգնել դրան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական լոբբին է աշխատում Եվրոպայում և ԱՄՆ-ում, բայց եթե հայտնվի թուրքական բանակ, ապա դա բացարձակ լավ չի լինի։ Թեև ես կասկածում եմ, որ, եթե նրանք ցանկանան պատերազմել, ապա դա կանեն հատուկ նշանակության ջոկատներով, բայց դեռ նրանք դրան պատրաստ չեն, քանի որ չեն ցանկանում։ Ներկայումս Ադրբեջանը պատերազմում է թուրքական աջակցությամբ, բայց պատերազմում է։ Եթե ցանկություն լինի, ապա թուրքական զորքերը կմտնեն Նախիջևան, նրանք դա կարող են անել և, կարծում եմ, առաջինը կլինի Նախիջևանը։

Դա Իրանին դուր չի գալիս, նա այնտեղ ունի էական ուժեր, ուստի թուրքերը հասկանում են, որ ուղիղ բախումը Հայաստանի հետ և ՀՀ ԶՈւ-ի հետ՝ դա ուղիղ առճակատում է Ռուսաստանի հետ։ Ռազմական տեսանկյունից ռուսական ռազմական կոնտինգենտը Հայաստանում քիչ բանի է ընդունակ, դրանք խորհրդանշական ուժեր են, պատերազմել Թուրքիայի հետ նրանք չեն կարող։ Այսինքն՝ կանգնեցնել թուրքերին, եթե ինչ–որ բան տեղի ունենա»,- ասաց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ, այնուամենայնիվ, թուրքերը ուղիղ միջամտությունից խուսափում են։ Նրա խոսքով, դրա համար Թուրքիան ամեն դեպքում պետք է պայմանավորվի Իրանի հետ, պետք է պայմանավորվի Ռուսաստանի հետ։

Ֆելգենգաուերի կարծիքով, Փաշինյանի և Գլխավոր շտաբի համար ցանկալի կլիներ, որպեսզի թուրքական ներխուժումն ինչ-որ կերպ խորհրդանշվեր, որպեսզի Ռուսաստանը կտրուկ կերպով փոխեր իր քաղաքականությունը։

«Դա Մոսկվայում ևս հասկանում են, տեղում մենք ունենք ուժեր, դիտորդներ, մեր սահմանապահները ևս կան, եթե թուրքական շարժեր լինեն, ապա դա կարող է դառնալ տարածաշրջանային պատերազմ»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նա նշեց, որ 2011 թվականից Ռուսաստանը Անդրկովկասով չի զբաղվել, վերջին ջանքերը եղել են Մեդվեդևի օրոք, ով իրապես փորձում էր լուծել, իսկ Պուտինը «վերադարձավ» Կրեմլ և չզբաղվեց այս տարածաշրջանով։

Վերադառնալով ՀԱՊԿ-ի արձագանքի թեմային՝ Ֆելգենգաուերը հիշեցրեց, որ հուլիսյան մարտերի ժամանակ պաշտոնական ասվեց, որ Հայաստանը պահանջել է ՀԱՊԿ մշտական ներկայացուցիչների արտահերթ նիստ, սակայն նրան ասել են՝ ոչ։ Այսինքն՝ ՀԱՊԿ քարտուղարն ասաց, որ՝ այո, կլինի, բայց հետո իրականացվեց պլանային հանդիպում, կոմյունիկե եղավ, որ հայկական ներկայացուցիչը պատմել է մարտերի մասին։

«Հիմա ԼՂ տարածքը ՀԱՊԿ տարածք չէ, ՀՀ տարածքը հայտարարում ենք, որ երաշխավորում ենք, իսկ Ղարաբաղը՝ ոչ։ Հայաստանում այլ ընթացք էին ակնկալում ի սկզբանե, դրա վրա էին կառուցվել բոլոր օպերատիվ պլանները, Հայաստանը պատրաստվել է պատերազմի, բայց այնպես, ինչպես նախորդ պատերազմի ժամանակ՝ լուրջ պաշտպանությամբ և հետո հակահարձակմամբ»,- ասաց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ ռուսական քաղաքականությունը կարող է կտրուկ փոխվել թուրքերի ներքաշման դեպքում, բայց խնդիրն այն է, որ ֆիզիկապես ՀՀ ռազմաբազայի ուժերը դժվար թե կարողանան զսպել Թուրքիային, քանի որ դրանք չափազանց սահմանափակ են։

«Մենք կարող ենք փորձել դեսանտ կանչել, բայց դա արմատական քայլ է, ցամաքային եղանակով Ադրբեջանով կարող ենք փորձել, բայց ուղիղ Ղարաբաղ հնարավոր չէ, Ադրբեջանը չի համաձայնի, Վրաստանով պետք է փորձել ճեղքել, իսկ խաղաղ ճանապարհով Վրաստանը մեզ թույլ չի տա»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նա հույս հայտնեց, որ ամենալավ տարբերակը կլինի, որ ՀՀ ԶՈՒ-ին հաջողվի վերադասավորել ուժերը, փոխել տակտիկան և ռազմավարությունը։ Ռազմական վերլուծաբանի որակմամբ, ՀՀ ԶՈՒ-ն լավն է, բայց պատրաստված է այլ հակամարտության։

«Ներկայումս հարկավոր է անհապաղ կերպով դադարեցնել այս ամենը, բայց չի հաջողվում, քանի որ Ադրբեջանը հասկացավ, որ կարողանում է առաջընթաց ունենալ»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղության պարտադրման օպերացիայի հետ ևս պետք չէ հույսեր կապել, քանի որ այդ գործիքը վաղուց չի կիրառվել, իսկ խաղաղապահ օպերացիայի դեպքում միայն պաշտպանության միջոցներ են տրվում ուժերին, իսկ եթե ինչ-որ բան է տեղի ունենում՝ միանգամից հանձնվում են խաղաղապահները, քանի որ նրանք նախատեսված չեն դրա համար։

«Նրանք հետևում են իրավիճակին և զեկույցներ են գրում։ Իսկ հակամարտության գոտի կարող են ուժեր մտցնել Իրանը, Թուրքիան, նաև Ռուսաստանը, բայց անհրաժեշտ է թույլտվության դեպքում, որպեսզի այդ ուժերը տեղ հասնեն»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս