«Ինձ համար հասկանալի չէ, թե համայնքային սկզբունքով ձևավորված աշխարհազորն ինչ արդյունք կտա». Հովիկ Աղազարյան

«Եթե աշխարհազորում ընդգրկվելու են այն մարդիկ, որոնք զորակոչի ենթակա չեն, օրինակ՝ որոնք իրենց աշխատանքի բերումով չեն զորակոչվում, բայց իրենք կարող են ընդգրկվել աշխարհազորում: Աշխարհազորը ձևավորում են նաև տարիքային պատճառներից, որ չեն կարող զորակոչվել, այդ մեր քաղաքացիներից ձևավորվում է աշխարհազոր՝ համայնքային ենթակայության»,- ԱԺ-ում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա նկատեց՝ միգուցե ավելի նպատակահարմար է համապատասխան օրենքներում փոփոխություններ անել և բոլոր քաղաքացիներին, որոնք աշխատանքի բերումով ազատված են զորակոչվելու պարտականությունից, վերացնել այդ օրենքը, և բոլորը պարտավոր լինեն զորակոչվելու. «Մեր Զինված ուժերի ղեկավարությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը, հաշվի առնելով մեր քաղաքացիների ֆիզիկական, մտավոր, ռազմական հնարավորությունները, ըստ այդմ կատարի զորակոչ և համալրի մեր ռազմական միավորումները: Այսօր ինձ համար հասկանալի չէ, թե համայնքային սկզբունքով ձևավորված աշխարհազորն ինչ արդյունք կտա: Մի համայնքում, ասենք թե, բոլոր նրանք, ովքեր ռազմական փորձով հրետանավորներ են, մյուս համայնքում բոլոր նրանք, ովքեր հետախույզներ են, մյուս համայնքում, ովքեր հրաձիգներ են. ո՞նց ենք մենք համատեղելու այդ ամենը, իսկ զորակոչի միջոցով կարելի էր իրականացնել»:

ՊՆ փոխնախարար Տիգրան Բալայանը չհամաձայնեց Հովիկ Աղազարյանի հետ, որ վերացվի որևէ սահմանափակում. «Մենք առաջին հերթին ունենք որոշակի մասնագիտություններ և պաշտոնների ցանկ, որոնք ամրագրվում են, որպեսզի տնտեսությունը շարունակի գործել՝ համապատասխան կառույցները պետք է աշխատեն: Շատ չեն այդ խմբերը. առաջին՝ նրանք, ովքեր ոչ պիտանի են զինվորական ծառայությանը, 4 և ավելի երեխա ունեցողներն են, և ամրագրման ենթակա պաշտոնների և մասնագիտությունների ցանկում կառավարության որոշմամբ սահմանված ցանկում առկա պաշտոնատար անձինք են»:

 

Տեսանյութեր

Լրահոս