«Պատվերով չի իրականացրել: Ինքն իրա նախաձեռնությամբ տարածել ա էդ ապատեղեկատվությունը». ԱԱԾ-ն՝ հողեր հանձնելու տեղեկություն տարածողի մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պետական դավաճանության և լրտեսության դեպքերի մասին, հայտնեց, որ մեկ քաղաքացի իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ կեղծ տեղեկություն է շրջանառել:
«Ն.Մ.-ն 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ և ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ տվյալ անձը ձերբակալվել է, որի նկատմամբ հետագայում խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- հայտնել էր ԱԱԾ տնօրենի տեղակալը:
Այս հայտարարությունից հետո շատերը հարց ուղղեցին ԱԱԾ ներկայացուցչին՝ խնդրելով պատասխանել հարցին, թե արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, թե որտեղի՞ց է եղել պատվերը, պատվիրատու ունեցե՞լ է այդ ինֆորմացիան տարածողը, թե՞ սեփական նախաձեռնությամբ է արել:
«Էս պահի դրությամբ ունենք մեկ դեպք, որի հետ կապված պատվեր որևէ կողմից, որևէ մեկի կողմից իրան չի իջեցվել: Այսինքն, պատվերով չի իրականացրել: Ինքն իրա նախաձեռնությամբ տարածել ա էդ ապատեղեկատվությունը… Որևէ համակարգող չի եղել… սեփական նախաձեռնությամբ»,- ի պատասխան՝ ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:
Մյուս հարցին, թե արդյո՞ք այդ անձը հանրությանը հայտնի է, թե՞ ոչ, ԱԱԾ տնօրենի տեղակալը, ելնելով հայտարարված ռազմական դրությունից և նախաքննական գաղտնիքից, չպատասխանեց: