Ն.Մ-ն իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ կեղծ լուրեր է տարածել համածառայակիցների շրջանում. ԱԱԾ

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը տեղեկացրեց վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտած՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքերի մասին: ԱԱԾ տնօրենի տեղակալը,, առանց անհատական տվյալներ բացահայտելու, առանձին-առանձին անդրադարձավ նաև նշված բացահայտումներին:

«ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է բարձրաստիճան նախկին զինվորականի կողմից հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան պաշտոնատար զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, այդ թվում՝ նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ և փոխանցել հակառակորդին»,- ասաց Արմեն Աբազյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալը անդրադարձավ նաև ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացրած գործողություններին:

«Օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ զորահավաքի, տեխնիկայի շարժի, այդ թվում նաև՝ այլ բնույթի տեղեկություններ»,- ասաց Աբազյանը՝ հավելելով, որ երկու դեպքերով էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, գտնվում են նախաքննության փուլում:

Արմեն Աբազյանը նաև ներկայացրեց զինծառայողների շրջանում կեղծ տեղեկություն տարածելու մեկ դեպքի մասին, բացեց որոշակի փակագծեր:

«Ն.Մ.-ն 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ և ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ տվյալ անձը ձերբակալվել է, որի նկատմամբ հետագայում խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

ԱԱԾ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ մեծածավալ աշխատանք են իրականացնում ՀՀ-ում գործող հսկիչ-անցակետերում: Մասնավորապես հայտնեց, որ ՊՆ-ի, Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի, ինչպես նաև Ռազմական ոստիկանության համատեղ հրամանների համաձայն՝ Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրել են 10-ից ավելի անցակետեր, որտեղ իրականացնում են շուրջօրյա աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս