«Ճանաչելով Ադրբեջանին և Թուրքիային՝ հասկանում ենք, որ յուրաքանչյուր պահի կարող է վերսկսվել լայնածավալ պատերազմ, առանց այն էլ մի շարք տեղերում կրակոցներ ու հրթիռակոծություններ են եղել». Դավիթ Բաբայան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել էին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին։

Այս հանդիպումից հետո կիրակի երեկոյան ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հումնաիտար հրադադարի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Այսօր առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապել է հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրել է այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը.

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի կողմից հրդադարի խախտման մասին տեղեկացրել է նաև Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի աչտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշեց, որ ողջունում են զինադադարի՝ թեպետ երրորդ, բայց հերթական պայմանագիրը, ինչը շատ կարևոր է մարդասիրական տեսակետից և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համատեքստում։

«Ադրբեջանը տեղ-տեղ խախտել ու խախտում է զինադադարի ռեժիմը, սա միտումնավոր է, թե ուղղակի գործընթացներ են, որոնք պետք է տեղի ունենան մինչև վերջնական հրամանը հասնի զորքերին, վերջին ժամերի ընթացքում պարզ կլինի։ Սա ոչ միայն Միացյալ Նահանգների միջամտությունն է, այլև Մինսկի խմբի եռանախագահող երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի։ Եթե այս անգամ Ադրբեջանը կոպտորեն խախտի հրադադարի ռեժիմը, սա արդեն մարտահրավեր կլինի նաև ԱՄՆ-ին ու նախագահ Դոնալդ Թրամփին»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ և Թրամփը հայտարարել է, որ զինադադարի հարցը շատ հեշտ լուծելի է։ Հետևաբար՝ եթե այսքանից հետո Ադրբեջանն ու Թուրքիան խախտեն զինադադարը և ցույց տան, որ Թրամփը ձախողված քաղաքական գործիչ է՝ պետք է որ թանկ նստի Բաքվի և Անկարայի վրա։

«Մենք ճանաչելով Ադրբեջանին և Թուրքիային՝ հասկանում ենք, որ յուրաքանչյուր պահի կարող է վերսկսվել լայնածավալ պատերազմ, առանց այն էլ մի շարք տեղերում կրակոցներ ու հրթիռակոծություններ են եղել»,- եզրափակեց Դավիթ Բաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս