«Հոգեբանի առաջին խնդիրն է՝ վիրավոր զինվորին դուրս բերել շոկային վիճակից, որ օրգանիզմը պայքարի վերքերը բուժելու համար». Վարուժան Մելքոնյան

Օրեր առաջ հայտնել էինք, որ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, վիրավոր զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին հոգեբանական աջակցություն ցույց տալու համար հոգեբանների խումբ է ձևավորվել: «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ դիմել են Պաշտպանության և Առողջապահության նախարարություններին՝ պատրաստակամություն հայտնելով կանոնակարգված, ըստ անհրաժեշտության՝ հոգեբանական օգնություն ցույց տալ: Խումբն արդեն անցել է աշխատանքի:

«ՊՆ-ից արձագանք չի եղել, Առողջապահության նախարարությունից մեր առաջարկն ուղարկվել է հանրապետության հիվանդանոցներին, զանգում են, աշխատում ենք: Աշխատում ենք բոլոր խմբերի հետ՝ և՛ զինվոր, և՛ զոհվածի ընտանիք, և՛ փախստական ընտանիք՝ երեխա և մեծահասակ: Հիմա էլ շարունակվում է աշխատանքը»,- ասաց Մելքոնյանը:

Հոգեբանների խումբը միացել է նաև մասնավոր նախաձեռնությունների: Մեր հարցին, թե առավելապես հոգեբանական ինչպիսի՞ խնդիրներ են ունենում մարդիկ, ի՞նչ աշխատանք է տարվում նրանց հետ, հոգեբանը պատասխանեց, որ ստեղծված իրավիճակում  խնդիրները բազմապիսի են:

«Շոկային վիճակից սկսած, մինչև, օրինակ՝ երեխաների մոտ լոգոպեդական խնդիրները, բազմազան է այս իրավիճակում, դժվար է ասել: Շատ տարբեր խնդիրներ են ունենում»,- ասաց հոգեբանը:

Վարուժան Մելքոնյանը նշեց, որ պատերազմական իրավիճակում հոգեբանի աշխատանքը հարկավոր է բոլոր փուլերում, իսկ հատկապես զինծառայողների հետ աշխատելիս շատ զգույշ պետք է լինել:

«Այս պահին հոգեբանական տրավմաների դեպքում ընդամենը շատ թեթև պետք է շոկային վիճակից հանել, բերել խոսակցության դաշտ: Բուն հոգեբանական աշխատանք հիմա հնարավոր չէ և կարիք չկա անելու: Յուրաքանչյուր դեպքով մասնագետը պետք է տեղում կողմնորոշվի: Հոգեբանի աշխատանքն անընդհատ է պետք՝ զինվորի վիրավոր լինելու ընթացքում, մինչև ռազմական գործողությունների վերադառնալը, դիրքերում էլ է անհրաժեշտ, ուղղակի դա համակարգված, կանոնակարգված բարդ աշխատանք է: Այս պահին առաջին խնդիրն է՝ վիրավորներին բերել այնպիսի վիճակի, որ օրգանիզմը պայքարի վերքերը բուժելու համար, վիրավորը դուրս գա շոկային ծանր վիճակից, ու սկսեն բժիշկներն աշխատել, բժիշկների հետ զուգահեռ աշխատանք է: Լինում են դեպքեր, երբ զինվորները վիրավոր չեն, չեն ստացել մարմնական ոչ մի վնասվածք, բայց հոգեբանորեն շարք վերադառնալու ենթակա չեն, այդպիսի դեպքեր էլ ենք ունեցել: Այդտեղ արդեն հոգեբանական, որոշ դեպքերում՝ հոգեբուժական աշխատանքի կարիք է զգացվում»,- ասաց Մելքոնյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ վիրավորումից բուժվելուց հետո առաջնագիծ վերադառնալ ցանկացող զինծառայողների հետ ևս հոգեբանական աշխատանք պետք է տարվի, սակայն այս դեպքում նրանց հետ վերադառնալու թույլտվություն կարող է տալ միայն Պաշտպանության նախարարությունը:

«Կա փորձաքննություն, որ մարդը պիտանի է զինծառայության, դրա մեջ կա հոգեբանական հետազոտության խնդիր, որ վերապահված է միայն ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովին, դրա իրավական իրավունքը որևէ այլ կազմակերպություն կամ անհատ չունի: Հետ գնալու համար հոգեվիճակը կարգավորել պետք է, մենք կարող ենք մասնագիտական կարծիք ասել, բայց եզրակացություն տալ, որ ինքը պիտանի է կամ պիտանի չէ հետ գնալու, կարող է միայն  ՊՆ-ն»,- ասաց հոգեբանը:

Վարուժան Մելքոնյանն ասաց, որ կան հոգեբանական մեթոդներ, որոնք ստեղծված իրավիճակում չի կարելի կիրառել: Այս մասին այժմ ուղեցույց են պատրաստում:

«Ուղեցույց ենք պատրաստում, թե ի՞նչ կարելի է, ի՞նչ չի կարելի, որ «Մի՛ վնասիրը» գոնե ապահովենք: Հիմա չի կարելի զինվորներին վերապրեցնել իրենց տեսածը: Հոգեբանական աշխատանքի մոտեցում կա, որ հոգեբանը վերապրեցնում է, որ  դրանից ազատագրվի մարդը: Դա բոլորովին այլ դեպքերի համար է, դիլետանտ մարդիկ փորձում են դա հիմա կիրառել: Հիմա դա չի կարելի: Սկսում են մարդուն պատմել տալ, թե՝ «պատմիր՝ ո՞նց եղավ, արկը որտե՞ղ ընկավ, ընկերդ ո՞նց զոհվեց, այս կարգի խոսակցություններ են վարում, որը շատ վտանգավոր է»,- ասաց Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս