«Սա թուրքական հերթական դեմարշն է, որին մենք արդեն սովորել ենք». Քաղաքագետը՝ Էրդողանի հայտարարության մասին

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլորը հուսադրող բառեր են ասում, ցանկություններ են հայտնում, սակայն իրական վիճակն այն է, ինչ կա։ Այսինքն՝ տեղի են ունենում կատաղի մարտեր, կան մեծ կորուստներ, և դժվար է հետագան կանխատեսել։

«Ես չեմ տեսնում այն դրական ծրագրերը, նախագծերը, թե ինչպես են պատկերացնում լուծում տալ այս խնդիրներին, որովհետև խոսում են խաղաղապահների մասին, հետո ասում են, որ դրանք պետք է լինեն չեզոք, մյուսները՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ, և այլն։ Ես անձամբ ասել եմ, որ միակ ռեալ տարբերակը դա ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում, որոնք գիտեն իրավիճակն Արցախում։ Սակայն առայժմ չեմ պատկերացնում, թե ինչպես են իրականացնելու այս բոլոր ծրագրերը,  այդ ալգորիթմը, թե  ինչպես անել։ Մի փոքր հույս է տալիս այն, որ որոշ չափով հիասթափված են ադրբեջանցիները, քանի որ երեկ հայտարարեցին, որ, եթե հայերն առաջինը կանգնեցնեն կրակը, իրենք էլ կկանգնեցնեն։ Չնայած փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանաթուրքական հայտարարությունները, որպես կանոն, զուրկ են ճշմարիտ լինելու հիմքերից»,- 168.amին ասաց Գագիկ Հարությունյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ մի քանի օրից ավելի հստակ կլինի, թե ինչ հեռանկարներ կան՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ Թուրքիան իրավունք ունի մասնակցելու Արցախի հակամարտությանն այնպես, ինչպես Ռուսաստանն է մասնակցում, Գագիկ Հարությունյանն ասաց, որ Թուրքիային այս ամենից զերծ պահելու միակ ուժը տարածաշրջանում կարող է լինել Ռուսաստանը։

«Միևնույն ժամանակ՝ պետք է նկատել, որ այսօր Ռուսաստանը կաշկանդված է տարբեր ուղղություններով իր դեմ ձեռնարկված գործողություններով և այնպես միանշանակ չէ նրա պահելաձևը։ Իհարկե, սա հերթական թուրքական դեմարշն է, որին մենք արդեն սովորել ենք, նրանք մշտապես նման ոգով են հայտարարություններ անում։ Այդուհանդերձ, սա քիչ բան է փոխում իրադրության մեջ, քանի որ հասկանալի է, որ նրանք ուզում են դառնալ համանախագահ, ակտիվ մասնակցել գործընթացներին, չնայած այժմ իր զինուժով ու վարձկաններով ակտիվ մասնակցում է հակամարտությանը։ Սա մեզ համար նորություն չէ, շատերը գիտեն այդ մասին, բազմիցս հայտարարվել է։ Պետք չէ մոռանալ նաև այս գործընթացներում Իսրայելի ազդեցությունը, որի գործողություններն ուղղված են նաև ընդդեմ Իրանի։ Մեր միակ լուրջ դաշնակիցը Ռուսաստանն է, և պոտենցիալ դաշնակից՝ Իրանը, և քաղաքակրթական առումով՝ Հունաստանը։ Հիշեցնեմ, որ այս իրադարձությունների ֆոնին Հունաստանի արտգործնախարարը միակն էր, որն այցելեց Երևան»,- ընդգծեց  Գագիկ Հարությունյանը։

Քաղաքագետը նաև հավելեց, որ, այդուհանդերձ, Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորն առաջին հերթին հայկական զինված ուժերն է ու հայ զինվորը, և ամբողջ հայության հույսն առաջին հերթին նրանց վրա է։

Տեսանյութեր

Լրահոս