ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․ ոչ թե` #Հաղթելուենք, այլ ` #ՀԱՅԱԶԳԸՀԱՂԹԵԼՈւ Է

Անհրաժեշտ է հայկական տեղեկատվական տիրույթում չափազանց ուշադիր լինել բոլոր նրանց, ովքեր ավանդաբար, և հատկապես այս օրերին` հայկական ինքնիշխանության, հայկական ազգային ոգու, քաջության, հայրենասիրության և հերոսության վեհ գաղափարները խաղարկելով ու հմտորեն օգտագործելով որպես ծխածածկույթ` շատ գրագետ հայերենով կամ ռուսերենով և տրամաբանական հետևողականությամբ հայ հասարակության մեջ թրքասիրություն և հակառուսականություն են քարոզում: Բնականաբար, տվյալ հատվածի ինտելեկտուալներն այս ամենն անում են մեկընդմեջ և ոչ միշտ:

Տեխնոլոգիան հետևյալն է.  իրոք հայրենասիրական և իրականում հայանպաստ մի քանի գրառումներ են անում, ելույթներ են ունենում և հարցազրույցներ տալիս, և… «…հանկարծ», պատերազմի ամենաթեժ օրերին սկսում են քարոզել, մասնավորապես,

հետևյալը`

1. «… այ, տեսեք, բոլորը մեզ միայնակ թողեցին, մենք միայնակ պիտի հաղթենք ոչ միայն Ադրբեջանին, այլև ՆԱՏՕ-ի երկրորդ բանակին, Իսրայելին, Պակիստանին և վարձկան ահաբեկիչներին միասին վերցրած:

2. Սրանից հետո մենք աշխարհի (հատկապես՝ Ռուսաստանի) հետ այլ կերպ ենք խոսելու, և պետք է Արցախի հարցով բանակցային սեղանի շուրջ նստի Թուրքիան… Մենք պետք է նրա հետ բանակցենք, քանզի նա է այս ամենի հրահրողը, մեծ թուրանի ջատագովն ու իրագործողը, Ադրբեջանն այլևս ոչինչ չի որոշում:

3. 90-ականներին էլ էր նույնը, և այստեղ երկրի արտաքին կողմնորոշումն ու ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունների մակարդակը ոչ մի ազդեցություն չունի` ոչ պատերազմը կանխելու, և ոչ էլ դրա ընթացքի վրա», և այլն, և այլն, և այլն։

Վերջում, բնականաբար, այս ամենն ավարտվում է` «… Այդ դեպքում մի քանի աստիճանով կբարձրանա մեր ինքնիշխանության մակարդակը…» և նմանատիպ  այլ եզրահանգումներով:

Ամենևին կասկածի տակ չդնելով նշված ձևով արտահայտվողների պատմական գիտելիքները, նաև` չմանրամասնելով և չանդրադառնալով նրանց անձին կամ երկարամյա այսօրինակ գործունեության իրական նպատակներին (դրանով թող պատկան մարմինները զբաղվեն), այնուամենայնիվ շատ կարևոր է` անտեղյակ, ոչ լավատեղյակ, կամ դիվանագիտությունից հեռու կանգնած մեր հայրենակիցներին և հատկապես հայրենասեր երիտասարդներին (ոմանք արդեն թակարդն են ընկել և նմանատիպ գրառումներ են տարածում) տեղեկացնել ներքոհիշյալը:

Պետք է տեղյակ լինել, որ աշխարհի բոլոր երկրների հետ կարելի է բանակցել, և անկախությունից ի վեր բանակցել ու բանակցում է Հայաստանի Հանրապետությունը:

Պետք է հասկանալ և ընկալել, որ, ի թիվս այլ պատճառների` Արցախի հարցով Ադրբեջանի փոխարեն, կամ թեկուզ համատեղ՝ Թուրքիայի հետ բանակցելը ոչ մի կերպ չի ավելացնում կամ բարձրացնում Հայաստանի ինքնիշխանությունը:

Ճիշտ հակառակը, այդ դեպքում բարձրանում է հենց Թուրքիայի դերը՝ որպես տարածաշրջանային գործոն և որպես միջազգային խաղացող: Մասնագետ քաղաքագետները թող ուղղեն, եթե հենց վերջինս չէ այդ երկրի իրական նպատակը:

Գերհզոր կամ քիչ թե շատ ազդեցիկ երկրների հետ պարզապես բանակցելու փաստը որևէ կերպ եղած ինքնիշխանության աստիճանի վրա չի ազդում: Ռուսաստանի, ԱՄՆ-ի,  Հնդկաստանի կամ Չինաստանի հետ բանակցելիս ինքնիշխանության աստիճանը չի ավելանում, իսկ Անդորրայի կամ Սվազիլենդի հետ բանակցելիս` չի նվազում: Բանակցության մասնակիցների ընտրությունը կախված է բանակցության թեմայից, բանակցող կողմերի ճիշտ ընտրությունը` նրանց շահերի համադրման հնարավորությունից, և ոչ երբեք՝ նոր հակադրություններ ստեղծելու տրամաբանությունից, իսկ բովանդակությունը և արդյունավետությունը` բանակցելու կարողությունից, հմտությունից, պրոֆեսիոնալիզմից, և ոչ երբեք՝ բանակցող կողմերի քանակից, մեծությունից ու հզորությունից:

Պատերազմի թեժ օրերին ընդհանուր հաղթական ոգին չխաթարելու համար միգուցե չարժե անդրադառնալ ներքոհիշյալին, բայց այժմ շատ կարևոր է ընդգծել, որ Արցախում Թուրքիայի կանոնավոր բանակը չի կռվում (առ այսօր` միայն սպառնում է): Այո, փաստացի Թուրքիան մասնակցում է, բայց թուրքական կանոնավոր բանակը լայնամասշտաբ պատերազմի մեջ չի մտել և չէր էլ կարող մտնել:

Քավ լիցի, նշվածը երբեք և ոչ մի ձևով չի կարող նվազեցնել մեր հերոս ազգի հերոս զինվորների, Արցախի և Հայաստանի զինված ուժերի հրամանատարների, Արցախի և Հայաստանի ժողովրդի անվիճելի սխրանքը:

Իրողությունն առավել հստակ պատկերացնելու համար թող յուրաքանչյուրն ինքն իրեն հարց տա և փորձի ինքնուրույն գտնել հետևյալ հարցերի պատասխանները:

1. Ինչո՞ւ Թուրքիայի կանոնավոր բանակն ամբողջությամբ ներգրավված չէ այս պատերազմում, այլ ստանձնել է միայն նախապատրաստողի, անվերապահ աջակցողի, հրահրողի, սպառնացողի և ոգեշնչողի դերակատարությունը:

2. Այդ ինչպե՞ս եղավ, որ, ի տարբերություն մնացած բոլոր հակամարտությունների, որտեղ ակտիվորեն ընդգրկված է պանօսմանյան իլյուզիաներով տառապող Էրդողանը, իր իսկ գաղափարական գերնպատակների իրագործման համար այսքան կարևոր հարցում չօգտագործեց իր կանոնավոր բանակը, այլ սահմանափակվեց միայն զենքի, օդաչուների, ահաբեկիչների, հրահանգավորողների (նույնիսկ հրամանատարների) տրամադրմամբ և դիվանագիտական աջակցությամբ Ադրբեջանին:

3. Այդ ի՞նչն է, որ սահմանափակում է այդ արնախում և ըստ էության ահաբեկչական վարչակարգի գործողություններն Արցախի և Հայաստանի դեմ:

4. Այդ ո՞ր գործոններն են, որ կարճացնում են կովկասյան, միջերկրածովյան և արաբական աշխարհին նոր ցեղասպանություններով սպառնացող և նշյալ տարածքում հանրահայտ ագրեսոր դարձած այդ պետության ձեռքերը, այն էլ՝ Հայաստանի և Արցախի դեմ․ միգուցե «միջազգային հանրության» արձագա՞նքը, թե՞ Բրյուսելի, Փարիզի, Բեռլինի կամ Վաշինգտոնի այս կամ այն հորդորներն ու «հավասարակշռված», ոչինչ չասող կոչերը:

5. Արդյո՞ք իրականում միայնակ ենք մնացել, արդյո՞ք բոլորն անտարբեր են եղել:

6. Եվ ամենակարևորը` երբ համեմատում են 90-ականների հետ, թող պարզ պատասխան տան այն հարցին, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ցեղասպանության այդ ժամանակվա փորձը սկսեց խափանվել, և արմատական փոփոխություն եղավ հենց 1993-ին: Ի՞նչն էր պատճառը, ո՞ր գործոնը:

Բոլոր հարցերի պատասխաններն այդտեղ են…

Իսկ նրանց, ում մինչ օրս չեն հետաքրքրում այդ հարցերի պատասխանները, կամ գիտեն, բայց ինչ-ինչ նպատակով խնամքով թաքցնում են, այլևս օգնելն ու բացատրելն անօգուտ է, նրանց կարելի է միայն կարեկցել և անտեսել:

Թուրքիայի հետ բանակցելու հայազգի տեսաբան ջատագովներին հայտնեք, որ, եթե նրանց «սիրելիների» հետ որևէ բանակցելու թեմա կա, ապա` այլևս միմիայն Ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման, Հայ Դատի և Արևմտյան Հայաստանի վերադարձի մասին, և ոչ երբեք՝ Արցախի հարցով:

Այլևս հայ հասարակության համար անհանդուրժելի են գրական ոսկեղենիկ հայերենով գրող և արտահայտվող, շատ կարդացած, և իրենց անհայտ կամ հայտնի նպատակները թաքցնող տեսաբանները:

Սիրելի և հարգարժան երիտասարդ հայրենասեր կրտսեր ընկերներին պետք է հորդորել, որ ուշադիր լինեն, և հիշեն` ամեն մի գրագետ և տրամաբանված, շատ հաճախ պաթոսախեղդ հայերեն խոսք չէ, որ հավաստի է, ճշգրիտ և Հայաստանի ու Արցախի շահերից բխող:

Մանավանդ այս օրերին…

Նման տեսակետներ տարածելուց առաջ` թող մտածեն:

ՀԳ Ինչքան կուզեն, թող գրեն և փորձեն մանիպուլյացնել երիտասարդ սերնդին, միևնույն է`

ոչ թե` # Հաղթելուենք, այլ`

 #ՀԱՅԱԶԳԸՀԱՂԹԵԼՈւԷ

ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆԸ (նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:

Արցախի Հանրապետության տարածքների նկատմամբ ոտնձգությունը թուրքերի կողմից հայ ազգի նոր ցեղասպանության փորձ է, ուրիշ ոչինչ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս