Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարում  ռուսական կողմնորոշման ձևավորումը․ պատմական խորհուրդն ու այժմյան հրամայականը

Հայ ժողովուրդը, որն արագորեն փոփոխվող աշխարհում փորձում է գտնել իր արժանի տեղը և տրվում դրսից ներմուծվող հակառուսական տրամադրություններին, օրհասական այս օրերին, երբ Արցախի հայությունը կանգնած է իսպառ բնաջնջման վտանգի առջև, իսկ արյունաքամ հայ ժողովուրդն ամեն ժամ զրկվում է իր թանկագին արյունից, պետք է մեկ անգամ ևս արժևորել պատմության խորհուրդը՝ փաստելով այն, որ հայ ժողովուրդի պետականության կերտման գրեթե բոլոր փորձերն անհաջողությամբ են ավարտվել։

Այդ ձախողումներն արևմտյան կողմնորոշման ջատագովները և այն հայ իրականության մեջ տարածողները փորձում էին հիմնավորել մասամբ՝ թուլության, բայց մեծի մասամբ՝ Ռուսաստանի քաղաքականության «ոչ հայանպաստ» դիրքորոշման պատճառով։ Ի զեն ընդունելով այս կարգախոսները, հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը վիժեցնող արևմտամետ գրեթե բոլոր բախտախնդիրները սեփական ժողովրդի պարտությունը միշտ հիմնավորել են Ռուսաստանի «հակահայկական» քաղաքականությամբ և ոչ հայանպաստ դիրքորոշմամբ։

Պատմությունը ծուռ հայելու մեջ ներկայացնող այդ բախտախնդիրները ճիշտ են, երբ նշում են, որ մենք պատմության բեկումնային և ճակատագրական փուլերում պարտություն ենք կրել այն ժամանակ, երբ Ռուսաստանը երես է թեքել մեզնից, բայց միշտ զլացել են ներկայացնել այն դրդապատճառները, թե ինչու է հայ ժողովրդին պարսկական ստրկությունից և օսմանյան լծից ազատագրող քրիստոնյա Ռուսաստանը երես թեքել իր հավատակցից։ Պատմական բոլոր շրջաններում, սակայն, պատճառները նույնն են։ Այդ պատճառների մասին է, որ պատմության կեղծարարները լռում են։ Լռում են նաև այժմ։

Չանդրադառնալով հայ ազատագրական շարժման հազարամյակին՝ հարկ եմ գտնում հենվել պատմական այն առանցքային շրջանին, որով սկիզբ դրվեց հայ ժողովրդի ազատագրումը թուրքական և պարսկական լծից։

Այն սկսվեց 18-րդ դարից։ Ազատագրական պայքարի գաղափարախոսության անդրանիկն այդ դարաշրջանում Իսրայել Օրին էր։ Ծագելով Սյունյաց լեռնաշխարհից և անմիջական կապ ունենալով Խամսայի մելիքությունների հետ, Իսրայել Օրին և հայ մելիքները մշակեցին Հայաստանի ազատագրման իրենց ծրագիրը և դիմեցին եվրոպական պետություններին։ Երկար տարիներ դեգերելով եվրոպական արքունիքներում, Իսրայել Օրին հանգեց այն մնայուն կարծիքին, որ Եվրոպան չունի որևէ տնտեսական և քաղաքական շահագրգռություն՝ իր ավանդը բերելու հայ ժողովրդի ազատագրման գործին։ Ի վերջո, 1720-ական թվականներին նա հանգեց այն համոզմունքին, որ Հայաստանի ազատագրումը կարող է գալ հյուսիսից՝ Ռուսաստանից։ Պետրոս Մեծի ժամանակներից ի վեր հայ ժողովուրդն իր ազատագրման որոնումներում հանգում էր ռուսական կողմնորոշմանը։ Այդ կողմնորոշումը գերիշխում էր Կովկասի հայության, մանավանդ՝ Սյունյաց մելիքների և Ղարաբաղի հայության ազատագրական պայքարի ղեկավարության շրջանում։ 18-րդ դարի առաջին տասնամյակում երևան եկած այս կենսագործումը, սակայն, հետաձգվեց շուրջ մեկ դար։ Ռուսական կայսրությունը հետևողականորեն ձեռնամուխ եղավ դեպի Կովկաս առաջխաղացմանը և ռուս-թուրքական ու ռուս-պարսկական պատերազմների արդյունքում մուտք գործեց Կովկաս և Սև ծովի տարածաշրջան։ Այդ ծրագրի իրագործմանը նրան մեծապես օգնեցին հայերը, որոնք իրենց փրկության միակ հույսը տեսնում էին Ռուսաստանից։

Հայ ժողովրդի ազատագրման ծրագրի իրագործման շրջանում, գրեթե մեկ դար, Կովկասի և Պարսկաստանի հայությունը, մանավանդ՝ արցախահայությունը, սկսեց էլ ավելի ամրապնդել իր կապերը Ռուսաստանի հետ՝ նրա կողմից  ստանալով բազմաթիվ տնտեսական և առևտրական արտոնություններ։ Ռուսաստանը երախտապարտ էր հայ ժողովրդին իր կողմնորոշման համար և այն օգնության, որը նա ստանում էր դեպի Արևելք առաջանալու իր ծրագրերում։

Ռուսաստանի ջանքերով առաջինը պարսկական լծից ազատագրվեցին Արցախն ու Զանգեզուրը, Շիրակն ու Լոռին, որոնք 1813թ․ հոկտեմբերի 12-ին ստորագրված Գյուլիստանի պայմանագրով անցան Ռուսաստանին։ Երևանի ազատագրումը տեղի ունեցավ 1828թ․ փետրվարի 10-ին ստորագրված Թուրքմենչայի պայմանագրով։ Այդ պայմանագրով ռուս մտավորական Գրիբոյեդովը պարսկական արքունիքից ձեռք բերեց հատուկ իրավունք՝ պարսկական ստրկությունից Արևելյան Հայաստան ներգաղթելու արտոնություն տրամադրելով այն հայերին, որոնք բռնի կերպով Պարսկաստան էին տեղահանվել երկու դար առաջ՝ ամայացնելով Արևելյան Հայաստանը, նրան զրկելով հայ ազգաբնակչությունից։ Արևելյան Հայաստանի ազատագրման ժամանակ, Արևելյան Հայաստանում հայերի թիվը կազմում էր բնակչության գրեթե երեսուն տոկոսը՝ մեկ երրորդը։ Թե որքան ծանր էր հայ ժողովրդի վիճակը Երևանի խանությունում՝ հայտնի է պատմական աղբյուրներից։ Ամենօրյա սպանություններ, խոշտանգումներ, նվաստացում, ծանր հարկահանության ներքո կեղեքում, ձայնի և խոսքի իրավունքի իսպառ բացակայություն։ Քրիստոնյա ժողովուրդներն իրավունք չունեին զենք կրել և ընդդիմանալ մահմեդական բնակչության կամայականություններին։ Հայ դեռատի կույսերի հետ առաջին գիշերելու իրավունքը պատկանում էր Երևանի խանին։ Այս ամենը վերացվեց միայն ռուսական տիրապետության հաստատմամբ։

Բնավ մտադրություն չունենալով երկրպագել ցարիզմի հետադիմական բնույթն ու նրա քաղաքականության ծավալապաշտական բովանդակությունը, այդ տիրապետության հաստատումը, մեր կարծիքով, հայ ժողովրդին տվեց վերածնվելու և համայնքային կյանքն աշխուժացնելու աննախընթաց հնարավորություն։ Աննախընթաց վերելք ապրեց մշակութային կյանքը, մեծ արտոնություններից էր օգտվում հայ եկեղեցին, որն էլ ավելի ընդլայնեց իր կալվածքներն ու բարեկարգեց իր տիրույթները։ Կովկասը դարձավ Ռուսական կայսրության արևելյան թագը։ Իսկ այդ թագի գլխավոր գոհարը դարձավ հայ ժողովուրդը։

Այդ վստահությունն ու նվիրվածությունը, սակայն, երկար չտևեց։ Արդեն ազատագրումից քիչ անց պարզ դարձավ, որ ցարական Ռուսաստանն իր ծավալապաշտական քաղաքականության մեջ սեփական շահն է իրացնում։ Անկախ նրանից, որ հայ ժողովրդի համար ազատագրումն առաջադիմական ու կենսական նշանակություն ունեցավ, հայ ժողովրդի մի մասը կրկին բռնեց ազատագրման ուղիների որոնումները՝ փորձելով ձերբազատվել ցարիզմից։ Այդ որոնումները, սակայն, ապարդյուն անցան։ Փոխարենը, արտոնյալ և սիրված ազգից հայ ժողովրդին սկսեցին դիտել՝ որպես անվստահելի ու անհավատարիմ մի ժողովուրդ, որը ռուսական ցարիզմից ազատագրվելու ուղիներ էր փնտրում։ Այդ ուղիները, սակայն, մեր ժողովուրդը չգտավ։ Չգտավ այն պարզ պատճառով, որ Արևմտյան տերությունների դռները թակող և որևէ օգնություն չստացող հայ ազատագրական շարժման գրեթե բոլոր դիմումներն ու փորձերն օգտագործվում էին նույն այդ եվրոպական տերությունների կողմից հակառուսական իրենց ծրագրերի իրագործման խարդավանքներում։ Այդ ազատագրման փորձի անհաջողությունն աջակցեց Օսմանյան Թուրքիայում Հայոց մեծ եղեռնի իրականացմանը։ Ռուսաստանի համար, իր հնազանդ ու խոնարհ ժողովուրդը, նվիրյալ հավատակիցը դարձավ վտանգավոր հեղափոխական, օտարների գործակալ, և ռուսական ցարիզմը սկսեց շրջանառության մեջ դնել «Հայաստանն առանց հայերի» գաղափարը։

Առաջին աշխարհամարտում գրեթե իսպառ բնաջնջված հայ ժողովուրդը կրկին կանգնեց լինել-չլինելու խնդրի առջև՝ արդեն Կովկասում։ Հոկտեմբերյան հեղափոխությունը, ռուսական զորքերի դուրսբերումը Թուրքահայաստանից և կովկասյան ճակատի կազմալուծումը կանաչ լույս տվեց Իթթիհադին՝ փորձելու գրավել և բնաջնջել Արևելյան Հայաստանի հայությանը։ Այդ ծրագիրը ձախողվեց միայն 1918թ․ մայիսյան հերոսամարտի շնորհիվ, երբ հայ ժողովուրդը կենաց և մահու պայքարի ելավ թուրքական նվաճողների դեմ՝ ջարդելով նրանց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտում։ Սպանդից չփրկվեց, սակայն, Բաքվի հայությունը, որտեղ թուրքերը սրի քաշեցին և կենդանի այրեցին ավելի քան 30 հազար հայերի։ Կոտորածներ իրականացվեցին Գանձակում, Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններում։ Դա հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ Ռուսաստանը հեռացավ Կովկասից։

Արևմուտքը կրկին հայ ժողովրդին թողեց մեն-մենակ։ Եվրոպական քաղաքական գործիչները պարգևում էին հայ ժողովրդին խոստումներ և աննշան օգնություն, որի գլխավոր նպատակը հակառուսական տրամադրությունների սերմանումն ու խորացումն էր։ Առաջին աշխարհամարտում կայզերական Գերմանիային պարտության մատնած Անտանտն և նրանց միացած ԱՄՆ-ը զբաղված էին աշխարհը բաժանելու իրենց ծրագրերի իրացմամբ։ Քաղաքական հեռատեսությունից զուրկ հայ հասարակական-քաղաքական ուժերը, սակայն, սպասում էին անգլիական և ֆրանսիական օգնությանը, որով փորձում էին կառուցել Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Այս իրավիճակից օգտվեց, սակայն, թուրքը։ Ինչպես միշտ, թուրքական խորամանկ ու հեռատես դիվանագիտությունը՝ հանձին Քեմալ Աթաթյուրքի, արագ կերպով կռահելով պահի նպատակահարմարությունը, սկսեց ուղիներ որոնել Հայաստանի ոչնչացման ծրագրի իրագործման համար։ Այդ ուղին նա գտավ Վ․ Լենինին մոլորեցնելու միջոցով՝ համոզելով նրան, որ թուրք ժողովուրդը լծվել է համաշխարհային հեղափոխության իրագործման գաղափարին, քանզի հանդիսանում է Արևմտյան իմպերիալիզմի զոհը։ Քեմալ Աթաթյուրքը հասավ նրան, որ բոլշևիկյան կառավարությունը նրան կանաչ լույս տվեց Առաջին Հանրապետության ոչնչացման վերջինիս ծրագրի իրացման գործում։ Բոլշևիկներից ստանալով զենք, ոսկի, ցորեն և այլ օժանդակություն, Քեմալ Աթաթյուրքը շարժվեց Արևելյան Հայաստան։ Իր նվիրվածությունը բոլշևիկյան Ռուսաստանին հայտնեց նաև մուսաֆաթական Ադրբեջանը, որին խոստացան Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը։ Քեմալ-բոլշևիկյան մերձեցման հետևանքով և Ադրբեջանի անմիջական մասնակցությամբ պատմության գիրկն անցավ Հայաստանի Հանրապետությունը։ Ղարաբաղն ու Նախիջևանը հայտնվեցին Ադրբեջանի կազմում, իսկ Զանգեզուրն իր գոյապայքարի շնորհիվ կարողացավ մնալ Հայաստանի կազմում։ Արևմուտքը կրկին հիշում էր հայ ժողովրդի մարտիրոսությունը և ցավում հայ ժողովրդի պատմական զոհաբերության համար՝ իր ոչ անմնացորդ ջանքերով։

Առաջին Հանրապետության ոչնչացման համար հետագա սերունդները պետք է մեղադրեին բոլորին՝ բոլշևիկյան Ռուսաստանին, Քեմալական Թուրքիային, բայց ոչ՝ հայ քաղաքական մտքի տկարությանը, որի բովանդակությունը հանգում էր նրան, որ Հայաստանն ի զորու էր ինքնուրույն կերտել իր անկախությունը, իսկ դրանում մեզ պետք է օգներ Արևմուտքը։  Այսպիսին էր Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային իրադրությունը, երբ բոլշևիկյան Ռուսաստանը ձեռք մեկնեց Քեմալ Աթաթյուրքին, որը խոստացել էր Արևմուտքի դեմ պայքարում իր օժանդակությունը։ Ավելին, այդ օժանդակությունն էր խոստացել թաթարական Ադրբեջանը։ Իսկ հայ ժողովուրդը փրկություն էր որոնում այնտեղ, որտեղից այդ փրկությունը բնավ չէր կարող ստացվել։ Այսպիսի անհեռատես քաղաքականության արդյունքում հնարավոր դարձավ թուրք-բոլշևիկյան մերձեցումը, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը։ Թրքացվեց Նախիջևանը, դաշտային Ղարաբաղը՝ Գանձակ կենտրոնով, ի կատար էր ածվում Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։

Բնավ մտադրություն չունենալով վերաշարադրել հայ ազատագրական և պետականության կերտման շրջանում, իմ խորը համոզմամբ, տեղ գտած հակառուսական դրսևորումների ողջ խորությունը, այժմեական եմ համարում, սակայն, մատնանշել այն մեծագույն բացթողումը, որը կարող է հանգեցնել Արցախի ու Հայաստանի Երրորդ Հանրապետության ոչնչացմանը, ինչին ձգտում է արդի Թուրքիան՝ իր աշխարհակալական նոր ձգտումներով։

Այդ բացթողումը մեր կողմնորոշումն է։ Այն, որ ԽՍՀՄ փլուզման մեջ մեծ դեր է խաղացել ազգամիջյան կնճիռը, չի հերքում ոչ ոք։ ԱՄՆ նախագահներից և ԽՍՀՄ փլուզման ծրագրի կենսագործողներից Ռոնալդ Ռեյգանն իր ելույթներից մեկում խոստովանել է, որ ԽՍՀՄ փլուզման ծրագրի իրագործման նպատակով ԱՄՆ-ը ծախսել է ավելի քան 5 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Նոր աշխարհակարգի հաստատման ծրագրի կենսագործման մեջ մեծ դեր է խաղացել ազգամիջյան  բախումների հրահրումը, որի համար ԽՍՀՄ-ում գոյություն ուներ պարարտ հող։ Դա երբեմնի Ռուսական կայսրության, ապա՝ ԽՍՀՄ ժողովուրդների շրջանում՝ ազգային ինքնորոշման և անկախության գաղափարի տարածումն էր։ Այդ գաղափարի կենսագործմանը, կամա թե ակամա, լծվեց հայ ժողովուրդը՝ պատմական արդարացի պահանջատիրություն ունենալով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ու կրկին, բնավ չքաղելով պատմության դասերը, հանդես եկավ հակառուսական այն հիստերիայով, որից խորամանկորեն օգտվեց թաթար բարբարոսը՝ արդեն ԽՍՀՄ զորքերի օգնությամբ ամբողջությամբ հայաթափելով Ադրբեջանն ու Դաշտային Ղարաբաղը, անցնելով Լեռնային Ղարաբաղի հայությանը։

Ինչպես Ռուսաստանին, այնպես էլ տերություններից որևէ մեկին հայ ժողովրդի ճակատագիրն ու ապրելու իրավունքը չի հետաքրքրում։ Նրանց հետաքրքրում է շահը։ Այդ քաղաքականությունը բացատրվում է շահերի թելադրանքով։ Ռուսաստանի համար դա Կովկասում իր ներկայության պահպանումն է և իրեն պատկանող տարածքներին տիրանալու հնարավորությունը։ Տրամաբանական է, որ ԽՍՀՄ փլուզման գործընթացում նա պաշտպանեց Ադրբեջանին իր հակահայկական գործունեություններում այնքան ժամանակ, երբ Ադրբեջանը գտնվում էր ԽՍՀՄ կազմում, և երես թեքեց նրանից այն ժամանակ, երբ նա լքեց ԽՍՀՄ-ը և նետվեց Թուրքիայի գիրկը։ Ձևավորվեց հայ-ռուսական նոր դաշինքը, որի կազմալուծմանն էր ուղղված Արևմուտքի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ջանքերը։ Այդ դաշինքի շնորհիվ էր, որ մենք հաղթանակ տարանք Լեռնային Ղարաբաղի ազատագրման գործում։ Այդ դաշինքի շնորհիվ է գոյատևում Հայաստանը։

Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարը խոսքերով օժանդակող Արևմուտքը, սակայն, ՄԱԿ-ի 1996թ․ ընդունած ոչ հայանպաստ բանաձևերով Հայաստանը ճանաչեց՝ որպես ագրեսոր, որի զորքերը բռնակցել են Ադրբեջանի տարածքները։ Ազգային-ազատագրական իր պայքարում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մնացին կրկին միայնակ։ Արդեն որևէ մեկի մոտ կասկած անգամ չպետք է առաջացներ այն, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն Արևմուտքը չի ճանաչելու, իսկ եթե ճանաչելու լիներ, կաներ դա 30 տարվա ընթացքում։

Իր անորոշ կարգավիճակով, երբ Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության անվտանգությունն ապահովվում է միայն Հայաստանի Հանրապետության ուժերով, իսկ մեր իսկ անվտանգության երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը, միամտություն է կարծել, որ պատերազմող Հայաստանին և արյունաքամ Ղարաբաղին օգնելու են ԱՄՆ-ը, մանավանդ՝ նրա եվրոպական ու արևելյան դաշնակիցները։ Այդ կարծիքն առնվազն քաղաքական անխոհեմություն է։ Անխոհեմություն է այն պատճառով, որ Թուրքիան և Ադրբեջանը չէին սանձազերծի այս պատերազմը, եթե այդ պատերազմում նրանց օժանդակած չլիներ ՆԱՏՕ-ն, որի գլխավոր նպատակը տարածաշրջանում ռուսական ազդեցության ոչնչացումն է։ Այդ է պատճառը, որ Հայաստանը հյուսիսից մեկուսացվել է ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու դրացի Վրաստանի կողմից, որի տարածքով Թուրքիան անարգել սնում է Ադրբեջանը՝ զինամթերքով և արևելքից Կովկաս տեղափոխված ահաբեկիչ մարդասպաններով։ Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերն այս փուլում համընկնում են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանում իրականացվող ծրագրերի հետ՝ Ռուսաստանի թուլացումը և նրա ոչնչացումը։ Էրդողանն ու Ադրբեջանը լծվել են այդ ծրագրի կենսագործմանը, որի հիմքում ընկած է նաև Հայաստանի և Ղարաբաղի ոչնչացումը։

Բնավ անհիմն է կարծել, որ իր այս կարգավիճակով Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ Ռուսաստանի օժանդակությունը։ Այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը որքան էլ համակրի քրիստոնյա հայ ժողովրդի ցավալի ճակատագրին, այնուամենայնիվ առաջնորդվում է միջազգային պարտավորություններով և ունի բազմաթիվ մտավախություններ։

Ինչպե՞ս օգնել Լեռնային Ղարաբաղին, երբ Ռուսաստանը հանդես է գալիս՝ որպես միջնորդ, որին դուրս են մղել Կովկասից։ Ինչո՞ւ պետք է օժանդակի արցախահայությանը, երբ հնարավոր է, որ, ինչպես նախկինում, ազատագրումից անց, կարող է ազատություն որոնել իր ախոյաններին ուղղված խնդրագրերով։ Այս հարցերի պատասխանը Ռուսաստանը դեռ չունի։

Առաջնորդվելով, սակայն,  երբեմնի Ցարական Ռուսաստանի և ԽՍՀՄ տարածքները վերականգնելու ձգտումներով, Ռուսաստանն առանց վարանելու՝ ընդառաջ գնաց Ղրիմի բնակչության կայացրած որոշմանը և իրեն միացրեց Ղրիմը։ Արագ կերպով Ռուսաստանը զորք մտցրեց Ղրիմ՝ կաթվածահար անելով Ղրիմի թյուրքացման և Սև ծովում ՆԱՏՕ-ի հենարան ստեղծելու՝ Արևմուտքի ծրագրերը։

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանը դիտարկում է՝ որպես իր երբեմնի տարածք, որին տիրանալու նա ձգտել է Պետրոս Մեծի ժամանակներից ի վեր, և որը նրանից խլեցին ԽՍՀՄ փլուզման արդյունքում։

Հայ հասարակական-քաղաքական շրջանները, այն առողջ ուժերը, որոնց թանկ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյատևման հեռանկարը, վաղուց արդեն պետք է ընկալած լինեին, որ Ղարաբաղի և Հայաստանի շուրջ ձևավորվում են այն սև ամպերը, որից պաշտպանվել կարելի է միայն Ռուսաստանի օժանդակությամբ։ Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի օրակարգում պետք է հրատապ մտցվի մի նոր հայեցակարգ կամ նոր առաջարկ։ Այն հնարավոր է լուծել միայն մի նոր հանրաքվեի միջոցով, որի նախադեպը Ղրիմի այսօրվա կարգավիճակն է։ Լեռնային Ղարաբաղի բնակչության գերակշիռ մասը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այս օրհասական օրերին, երբ արցախահայությունը կանգնած է բնաջնջման եզրին, ինչպես նախկինում, նրան կարող է փրկել ռուսական կողմնորոշումը և այդ կողմնորոշման իրացումը։ Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է արցախահայությանը, արդյո՞ք նա պատրաստ է միանալ Ռուսաստանի Դաշնությանը, թե՞ ոչ։ Նմանատիպ որոշման պարագայում, Ռուսաստանը կարող է և ունի բավարար ուժ՝ պաշտպանելու իր քաղաքացիներին սպառնացող թուրքական ագրեսիայից։ Իսկ այդ ագրեսիայի վտանգն է՛լ ավելի է ուժգնանում՝ սպառնալով հայ ժողովրդի իսպառ բնաջնջմանը։

Պետք չէ սպասել, որ դանակը հասնի վերջին զարկերակին։ Խնայեք հայ ժողովրդի թանկ արյունը․ դրա կարիքը զգացվելու է հայրենիքի վերաշինման նոր գործընթացում։  Դադարեցրեք արևմտյան գործընկերներին ուղղված անբովանդակ դիմումներն ու կոչերը։ Նրանք այդ կոչերը չեն լսում։

Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է հաշվի առնեն, որ ունեն հանրաքվեի միջոցով Ռուսաստանին միանալու հնարավորությունը։ Այդ իրավունքի իրացումը կարող է փրկել հայ ժողովրդին մի նոր ցեղասպանությունից։ Ղրիմին հետևելու օրինակն այս առումով ուսանելի է։ Միայն այդ պարագայում Ռուսաստանն ի վիճակի կլինի պաշտպանել իր հպատակներին բնաջնջման վտանգից։ Կասկածից վեր է, որ Լեռնային Ղարաբաղի հետ ցամաքային կապը նա կպահպանի ազատագրված այն միջանցքի շնորհիվ, որին այսօր ձգտում է տիրանալ թուրք-ադրբեջանական բանակը։

Պգ թ Տիգրան Սարուխանյան

 Բեռլին, 19 հոկտեմբերի 2020թ

Տեսանյութեր

Լրահոս