Սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկելու փաստեր՝ միջազգային մեդիայի հրապարակումներում
Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների սրացմանը զուգահեռ միջազգային լրատվամիջոցներում շարունակվում են Թուրքիայի Կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանների մասին հրապարակումները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել է, որ վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն սադրել է Բաքվին ռազմական գործողություններ սկսելու համար՝ խոստանալով բազմակողմանի քաղաքական, դիվանագիտական, հետախուզական ու ռազմա-տեխնիկական աջակցություն:
Ըստ պարբերականի՝ հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել են Թուրքիայի զինուժի մեծ թվով խմբավորումներ, որոնք էլ միտված են եղել կոորդինացնող և ուղղորդող դեր խաղալու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակողական գործողությունը ծրագրելու և իրականացնելու: Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ՝ 200 հոգանոց մարտավարական խումբը, 50 կարգադրիչները Նախիջևանում, 90 ռազմական խորհրդականները Բաքվում, 120 հոգուց բաղկացած թռիչքային-տակտիկական խումբը Գաբալայի ավիաբազայում, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները Դալլյար օդակայանում, 50 կարգադրիչները Եվլախի օդանավակայանում, 50 կարգադրիչները 4-րդ բանակային կորպուսում և 20 հոգին Բաքվի ռազմա-ծովային բազայում ու ռազմական ինստիտուտում:
Վարձկան զինյալների մասին «Կոմերսանտը» գրել է. «Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայում և Լիբիայում կռվող, Անկարային հավատարիմ իսլամիստական խմբավորումներից հավաքագրում են վարձկանների` Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում Ադրբեջանի կողմից կռվելու համար: Նրանց տեղափոխումն իրականացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության աջակցությամբ: Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է տեղափոխվել մինչև 1300 սիրիացի գրոհային և առնվազն 150 հոգուց բաղկացած լիբիացի վարձկանների խումբ: Վարձկաններին առաջարկվել է ամսական մինչև 2 հազար դոլար աշխատավարձ: Վարձկանների առաջին խումբն Ադրբեջան է ուղարկվել դեռ սեպտեմբերի 22-ին, որոնք Սիրիայում երկշաբաթյա պատրաստություն են անցել թուրք կարգադրիչների մոտ: Նրանք «Փայլաք աշ-Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ֆիրկատ Համզա» և «Ֆիրկատ Սուլեյման Շահ» խմբավորումների անդամներ են»:
Վարձկաններին Ադրբեջան ուղարկելու պայմանների մասին գրել է նաև ամերիկյան «Վաշինգտոն փոստը»՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ըստ պարբերականի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն առնվազն 52 սիրիացի զինյալ է սպանվել: Զինյալներից մեկի՝ Մահմուդ Նաջարի զարմիկը պատմել է «Վաշինգտոն փոստին», որ նրանց օգտագործել են հարձակողական մարտերում և ամենաթեժ կետերում:
«Առաջին օրը մեզ համազգեստ են տվել և հաջորդ օրն իսկ ուղարկել ռազմաճակատ: Այդ տարածքներում հայերը ամուր պաշտպանություն ունեն», -պատմել է զոհվածի զարմիկը:
Ամերիկյան մեկ այլ հայտնի պարբերական «The Wall street journal»-ը գրել է՝ Ադրբեջանում գտնվող զինյալներից 200-ը խնդրել են, որ իրենց հետ ուղարկեն տուն, «Ղարաբաղը դժոխք է»: «Մեզ մեռնելու են ուղարկում, բայց մենք դրանով մեր ընտանիքների օրվա հացն ենք ապահովում»,-պարբերականին ասել է մեկ այլ զինյալ, ով արդեն պայմանագիր է կնքել և սպասում է 1500 դոլար աշխատավարձով Ադրբեջան մեկնելուն:
ԱՄՆ պետքարտողար Մայք Պոմպեոն ասել է, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին:
«Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետևյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ: Այդ քալը նույն հետեւանքները կունեանա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները շարունակ հերքում են Լեռնային Ղարաբաղ սիրիացի վարձկաններ ուղարկելու մեղադրանքները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ դեռևս որևէ մեկը այդ մասով չի ներկայացրել փաստեր:
Նույն հաղորդման ժամանակ թեմայի շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ վարձկանների մասին արդեն խոսում է ողջ աշխարհը և միջազգային մեդիան: