Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Երևանում Հունաստանի ԱԳ նախարարի հնչեցրած հայտարարություններին
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է նախօրեին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աքսոյը նշել է, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Հունաստանի արգործնախարարի՝ Թուրքիայի վերաբերյալ հնչեցրած խոսքերը և «պնդումները» նոր ապացույցն են այն բանի, որ Հունաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում «բարիդրացիության, երկխոսության և համագործակցության փոխարեն նախընտրում է լարվածությունը և սրացման քաղաքականությունը»։
Աքսյոյը սպառնալից ակնարկներ է արել՝ մասնավորապես նշելով. «Հունաստանը պետք է ճիշտ ընթերցի պատմությունը և հրաժարվի «մեծ գաղափարից» ու թուրքերի նկատմամբ թշնամությունից»։
Նրա համոզմամբ՝ տարածաշրջանի բոլոր խնդիրների կարգավորման «ընդհանուր հայտարարը Թուրքիան է, իսկ խնդիրներ ստեղծողը կամ այն ստեղծողների աջակիցը Հունաստանն է»։
Թուրք պաշտոնյան մեղադրել է Հունաստանին Էգեյան և Միջերկրական ծովերում «ծավալապաշտական քաղաքականություն որդեգրելու, Էգեյան ծովը փախստականների գերեզմանի վերածելու, հակաթուրքական գործունեություն ծավալող բոլոր ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ PKK, PYD, FETÖ-ի առաջ իր դռները բացելու, Սիրիայում հարստահարիչ Ասադի ռեժիմին, Լիբիայում խռովարար Հաֆթարին, Լեռնային Ղարաբաղում՝ օկուպանտ Հայաստանին աջակցելու մեջ»։
Աքսոյի կարծիքով Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է միջազգային հանրությանը կոչ անի դատապարտել Հայաստանի։
«Հունաստանը պետք է հրաժարվի որդեգրած այս քաղաքական ուղեգծից և ճիշտ ընկալի Թուրքիան, տարածաշրջանի ու աշխարհի իրողությունները»,- եզրափակել է նա։