Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Ղարաբաղ Միլոնովի այցի պատճառով
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ՌԴ ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ կապված Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի Ղարաբաղ այցի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ադրբեջանական դիվանագիտական առաքելությունից։
Ադրբեջանն ավելի վաղ Միլոնովին ընդգրկել էր սեւ ցուցակի մեջ՝ Բաքվի հետ չհամաձայնեցված Ղարաբաղ այցի պատճառով։ Ինքը՝ պատգամավորը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ է այցելել հումանիտար նպատակներով։
«Ադրբեջանական օկուպացված տարածքներ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտմամբ ՌԴ ԴԽ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի ապօրինի այցի կապակցությամբ ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը ՌԴ ԱԳ նախարարություն է ուղարկել բողոքի նոտա»,- հայտարարել են դիվանագիտական առաքելությունից։
Ինչպես նշել են դեսպանատնից, այդ նոտայում նշված է այն մասին, որ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Միլոնովը «հանդիպում է անցկացրել անջատողական ռեժիմի, այսպես կոչված, ղեկավարի հետ եւ կատարել մի շարք բավականին սադրիչ հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում առանց այն էլ լարված իևրավիճակի է՛լ ավելի խորացմանը»։
2013 թվականին Բաքուն հրապարակել էր այն օտարերկրացիների սեւ ցուցակը, որոնք առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության այցելել էին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, այդ անձանց արգելված է մուտքը Ադրբեջան։ Ցուցակը պարբերաբար թարմացվում է։