«Սա բացառիկ հնարավորություն է ՀՀ քաղաքական իշխանության համար՝ մեր հնարավորություններն իրական մեկտեղելու և ամեն ինչ, քաղաքական բոլոր հաշվարկները մի կողմ դնելով՝ հաղթանակ ապահովելու համար». Իշխան Սաղաթելյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը, հանդես են եկել հայտարարությամբ:

Այս մասին այսօր ՀՅԴ կենտրոնում բոլոր կուսակցությունների անունից հայտարարություն կատարեց Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՀՀ քաղաքական դաշտի կուսակցություններն անցնող  օրերի ընթացքում, այսինքն՝ պատերազմը հայտարարելուց հետո, ցուցաբերել են բացառիկ համերաշխություն և միասնականություն: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը հայտարարելուց ժամեր անց, Հայաստանի քաղաքական դաշտի շուրջ 14 քաղաքական ուժեր, մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարաձայնությունները, ընդգծեցին, որ բոլորս կանգնում ենք հայոց բանակի կողքին, հայոց երկու պետությունների կողքին, և իրենց բոլոր ուժերն ու հնարավորությունները ներդնելու են, որպեսզի միասնաբար կասեցնեն ագրեսոր թշնամու գործողությունները և միասնաբար հասնեն հաղթանակի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս նշեց, որ ելնելով հենց այս տրամաբանությունից և այս գործողություններից՝ երեկ ուշ երեկոյան, բավականին երկար քննարկումներից հետո կուսակցությունները հանդես են եկել այդ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ 13 կուսակցություններ դիմել են  ՀՀ կառավարությանը և պահանջել՝

1. Հրատապ կարգով ստեղծել «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունել օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:

2. Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել ՀՀ և ԱՀ նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:

Հայտարարությունը բաց է այլ կուսակցությունների համար:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ պետք է օգտագործել հայ ժողովրդի ողջ ներուժն այս օրհասական իրավիճակում հաղթանակ ապահովելու համար:

«Սա, կարծում ենք նաև՝ բացառիկ հնարավորություն է ՀՀ քաղաքական իշխանության համար՝ այս միասնականությունն իրական դարձնելու, մեր հնարավորություններն իրական մեկտեղելու և ամեն ինչ, քաղաքական բոլոր հաշվարկները մի կողմ դնելով՝ հաղթանակ ապահովելու համար»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Նա նշեց նաև, որ քաղաքական կուսակցությունները վերջին 20 օրերի ընթացքում 2-3 օրվա պարբերականությամբ մշտապես հանդիպել և քննարկումներ են ունեցել և պատրաստ են այս օրակարգով հանդիպել ՀՀ վարչապետի հետ՝ դետալները քննարկելու համար:

«Արցախի և Հայաստանի նախկին նախագահներին այս գործընթացի մասին տեղյակ պահվել է, իրենց այս հայտարարության տեքստը կուղարկվի, իսկ նրանց դիրքորոշումը պետք է ճշտել իրենցից: Վարչապետի հետ, կոնկրետ այս հարցի հետ կապված՝ քննարկում չի եղել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ առիթներ ունեցել են խոսել վարչապետի հետ և մշտապես պնդել են, որ հայ ժողովրդի ռեսուրսը պետք է օգտագործվի, և դա հրամայական է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս