«Պատերազմն արդեն այլ կարգավիճակ կստանա. պատահական չէ, որ Ադրբեջանն այժմ փորձում է զոհի կարգավիճակում երևալ». Կարեն Հովհաննիսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Գյանջայում (Գանձակ) տեղի ունեցածը հենց Ադրբեջանի իշխանությունների կազմակերպածն է:

«Բայց դա աշխատեց իրենց դեմ, որովհետև Գյանջա քաղաքում և ընդհանրապես այդ տարածաշրջանում շատ մեծ խուճապ է, որն իրականում տարածում է գտնում նաև մնացած շրջաններում: Սա Ադրբեջանի իշխանության ձեռքի գործն է, որը փորձում է պատրանք ստեղծել՝ Հայաստանի վրա հարձակվելու հող նախապատրաստելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է ահաբեկիչների կողմից Գյանջայի վրա հարձակման վերաբերյալ տեղեկատվությանը, Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանի բնակչությունն է շրջանառում ահաբեկչության վարկածը. «Ահաբեկիչների հետ կապված շատ մեծ ալիք է բարձրացել: Պատերազմի առաջին շաբաթում Ադրբեջանի բնակչությունն ահազանգում էր, որ ահաբեկիչները թալանում են իրենց տները, այսինքն՝ այն բնակավայրերի տները, որոնք գտնվում են հակամարտության գոտում: Նրանք մեղադրում էին Ադրբեջանի իշխանությանը, որ գյուղերը լցրել էին ահաբեկիչներով»:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն իր առջև խնդիր էր դրել բլից-կրիգով մի քանի ժամվա ընթացքում գրավել Արցախը, բայց չի հասել այդ արդյունքին. «20 օրվա ընթացքում, երբ փոքր «հաջողություն» գրանցելով՝ խայտառակ վիճակում է հայտնվել թուրք-ադրբեջանաահաբեկչական խմբավորումը, այժմ փորձ է կատարելու թիրախավորել թիկունքը, որովհետև թե՛ սեփական հասարակության աչքում, թե՛ ընդհանրապես միջազգային հանրության աչքում պետք է բարձր պահի ոչ միայն ադրբեջանական բանակի, այլև ադրբեջանական բանակի կողմից օգտագործվող ռազմատեխնիկայի, օրինակ՝ իսրայելական ԱԹՍ-ների պատիվը, ինչո՞ւ չէ՝ նաև թուրքական ռազմական էլիտայի պատիվը: Այդ առումով ես կարծում եմ, որ պատերազմն արդեն այլ կարգավիճակ կստանա, այսինքն՝ ճակատում չլինի լայնամասշտաբ, այլ կթիրախավորվեն որոշակի ռազմական կետեր: Չնայած՝ դրանք եղել են, բայց այս փուլում պետք է դրան սպասել: Պատահական չէ, որ Ադրբեջանն այժմ փորձում է զոհի կարգավիճակում երևալ, որ ինքն էլ է զոհ, որ իր բնակչությունն էլ է տուժում, և այլն»:

Նա ընդգծեց, որ ՀՀ տարածքի նկատմամբ այս ընթացքում Ադրբեջանն արդեն մի քանի անգամ ռազմական ոտնձգություններ է կատարում, նույնիսկ խաղաղ բնակիչներ են զոհվել, և չի բացառում, որ նման երևույթներ կրկին կլինեն:

«Թիկունքը պետք է սառնասրտություն պահպանի և տարբեր տեսակի բամբասանքների նմանվող լուրերի չհավատա: Սա շատ-շատ կարևոր է, որովհետև սառնասրտությունը բերում է ճիշտ դատողության, և խուճապային տրամադրությունները պակաս վտանգավոր չեն, քան թշնամին, և թշնամու նպատակը հենց դա է, որ թիկունքում խուճապ առաջացնի: Այնպես որ, կարծում եմ՝ ամենակարևորը խուճապային տրամադրությունների բացառումն է, երկրորդը՝ միասնությունը տարբեր ոլորտներում: Քաղաքական գզվռտոցները պետք է մի կողմ դրվեն, միասնություն լինի, որ կարողանանք այս ամենից դուրս գալ: Մեզ վրա իսկապես ծանր է նստում պատերազմը, և Աստված մի արասցե, եթե պառակտում լինի մեր մեջ, շատ ավելի թանկ է նստելու մեզ վրա պատերազմը»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս