
«Մանվել Գրիգորյանն Արցախում է և համագործակցում է Արցախի բանակի հետ». Փաստաբան

168.am–ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ Արցախում։
«Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել Արցախում։ Նա համագործակցում է Արցախի բանակի հետ, այս պահին ավելին ասել չեմ կարող։ Կարող եմ միայն ասել, որ նրա ռազմական գիտելիքներն օգտագործվում են, նա իր բոլոր կարողությունների ու հնարավորությունների սահմաններում կօգնի բանակին։ Նա սարսափ է եղել թուրքերի համար»,- նշեց փաստաբանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանն Արցախ է տեղափոխվել հատուկ մեքենայով և այժմ էլ այնտեղ 24 ժամ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սկսեց ռազմական ագրեսիա իրականացնել, Մանվել Գրիգորյանը հանդես եկավ կոչով, որպեսզի բոլորը ցուցաբերեն միասնականություն և լծվեն հայրենիքի պաշտպանության գործին։