«Եթե նրանք պատերազմում են ու թիրախավորում են մեր քաղաքներն ու գյուղերը, ցեղասպանություն են իրականացնում, մենք պետք է համարժեք պատասխան տանք». Դավիթ Բաբայան

«Վիճակն անփոփոխ է՝ երեկ և այսօր վաղ առավոտյան ուժգին հրետակոծության է ենթարկվել Ստեփանակերտն ու Շուշին, կան ավերածություններ։ Սակայն այս ամենը որևէ կերպ չի փոխում ժողովրդի կամքը, վճռականությունը։ Այսպես էլ կանգնել ենք ու կանգնելու ենք մինչև վերջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է հրետակոծության հետևանքով զոհերին և վիրավորներին, Դավիթ Բաբայանը նշեց, որ տվյալներն ամփոփվում են, եթե լինեն վիրավորներ և զոհեր, այդ մասին պաշտոնապես կհայտարարվի։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բարձրացրած աղմուկին, որ հայկական կողմը հրետակոծել է Գյանջան, Դավիթ Բաբայանը նկատեց, երբ Ադրբեջանը նման վայնասուն է բարձրացնում, իսկապես կարծես ձեռք են առնում իրենք իրենց ու միջազգային հանրությանը։

«Ինչպե՞ս է ստացվում, որ իրենք հրթիռակոծում են Ստեփանակերտը, Շուշին ու մյուս խաղաղ բնակավայրերը, ի՞նչ է, սպասում են, որ մենք տեղներս նստենք ու պատերազմենք միայն մարտի դաշտո՞ւմ, ինչպես եղել է Արցախի առաջին կամ 2016 թվականի ապրիլյան պատերազմների ժամանակ։ Բնական է, որ եթե նրանք պատերազմում են ու թիրախավորում են մեր քաղաքներն ու գյուղերը, ցեղասպանություն են իրականացնում, մենք պետք է համարժեք պատասխան տանք։ Սակայն մենք չենք թիրախավորում քաղաքացիական օբյեկտները, մեր հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են և իրենք էլ շատ նենգ քաղաքականություն են վարում՝ ռազմական տարբեր տեխնիկաներ, հատկապես՝ հրետանի, բնակելի թաղամասերում։ Այս դեպքում մենք ստիպված ենք չեզոքացնել այն կետերը, որտեղից մահ է սփռվում Արցախի վրա, հետևաբար՝ եթե տուժում է քաղաքացիական բնակչությունը, դա նրանց մեղքով է, որ ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմի պատասխանը լինում է միայն Ադրբեջանի կողմից եղած հրետակոծությունից հետո։

Նշենք, որ այսօր Արցախի ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։

Տեսանյութեր

Լրահոս