«Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է, և դա հավանաբար կլինի մեր պայքարի ամենաճիշտ գնահատականը». Արցախի ԱԺ նախկին պատգամավոր
Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արզիկ Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախյան առաջին հերոսամարտում 1992-1994 թվականների ընթացքում ականատես է եղել թշնամու վայրագություններին, այսօր՝ տարիներ անց, նրա ձեռագիրը չի փոխվել, նույնն է, սակայն օգտագործվող գործիքակազմը տարբեր է։
«Այսօր թշնամին այնպիսի զինատեսակ է օգտագործում, որին դիմակայելն այդքան էլ հեշտ չէ, սակայն կեցցե՛ հայ զինվորը, որ կարողանում է թշնամուն արժանի հարված հասցնել և պաշտպանել մեր սահմանները։ Թշնամին նույնն է, նույն ահաբեկիչն է, բարբարոսը, տարբերությունն այն է, որ այսօր նա մինչև ատամները զինված է, և դրան զուգահեռ՝ տարածաշրջան է բերել ահաբեկիչների։ Հող հայրենին մեզ համար այնքան թանկ է, որ հայ զինվորն ատամներով պաշտպանում է այն»,- ասաց Արզիկ Մխիթարյանը։
Անդրադառնալով թշնամու կողմից քաղաքացիական օբյեկտները, խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձանց թիրախավորելուն, որի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ու երեխաներ են զոհվել, Արզիկ Մխիթարյանը նկատեց՝ նույն վայրագությունները քաղաքացիական, խաղաղ բնակչության նկատմամբ եղել է նաև Արցախյան առաջին ու 2016 թվականի ապրիլյան պատերազմների ժամանակ։
«1992-1994 թվականներին ինքնաթիռներից կես տոննայանոց ռումբեր էին նետում Ստեփանակերտի վրա, այդ ժամանակ իմ աշխատասենյակի պատուհանի տակ նման ռումբ է պայթել, որն ահաբեկել էր ողջ քաղաքը, ունեցել էինք բազմաթիվ քաղաքացիական զոհեր։ Այնպես որ, թշնամու այս գործելաոճը նորություն չէ ստեփանակերտցիների համար։ Միջազգային հանրությունն այնքան ամբողջ հասկացություն է, չգիտեմ՝ այդ ո՞վ է, որ պետք է այս ամենին արձագանքի, մինչև այսօր նրանք որևէ վերաբերմունք չեն դրսևորում այս ամենի նկատմամբ։ Իհարկե, արցախցիները սպասում են, որ միջազգային հանրություն կոչվածն այս կամ այն ձևով կարող է արձագանքել։ Այսօր հեռուստատեսությամբ լսեցի Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանին, որը շեշտեց, որ եվրոպական կառույցներից Ադրբեջանում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանը եղել է Կիրովաբադում և այնտեղ ֆիքսել, որ կա քաղաքացիական բնակչության շրջանում վնասներ։ Մինչդեռ մեր երկրում նույն կառույցների ներկայացուցիչները չեն եղել Արցախում՝ Մարտունիում, Ստեփանակերտում, Հադրութում և այլ վայրերում, որտեղ անմեղ քաղաքացիներ են զոհվում։ Գոնե նույն այդ կառույցի ներկայացուցիչները գնային Վարդենիս, որտեղ, ինչպես իմացանք, երեխա է վիրավորվել։ Անկեղծ, ես և՛ հավատում էի, որ միջազգային հանրություն գոյություն ունի, և՛ այսօր խիստ թերահավատ եմ, որ կա նման անտարբեր վերաբերմունք»,- շեշտեց Արզիկ Մխիթարյանը։
Նա նաև հավելեց, որ այս ամենը նորմալ չէ, և տեղի ունեցողի հետ կապված՝ անընդհատ կապի մեջ է Հայաստանի խորհրդարանականների հետ, որոնք տեղեկացրել են, որ անընդհատ գրում են իրենց միջազգային գործընկերներին և Եվրոպական խորհրդարանից պահանջում են համապատասխան վերաբերմունք, քանի որ անմեղ մարդիկ են զոհվում։ Սակայն մինչև օրս այդ կառույցները որևէ ընդգրկված վերաբերմունք չեն ցուցաբերում, որպեսզի ցույց տան աշխարհին, թե Թուրքիան ու Ադրբեջանն ինչ երկրներ են և ինչ են անում։
Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչմանը, Արզիկ Մխիթարյանն ընդգծեց, որ տարիներ շարունակ անընդհատ շեշտել են այդ հանգամանքը, որ Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտ պայման է։
«Կարծում եմ՝ Արցախի անկախությունն առաջինը պետք է ճանաչի ոչ թե Հայաստանը, այլ ուրիշ երկրներ, որոնք ճանապարհ կբացեն, և ավելորդ անգամ նոր էսկալացիա չի առաջացնի։ Իհարկե, Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է, և դա հավանաբար կլինի ամենաճիշտ գնահատականը մեր պայքարի»,- նշեց Արզիկ Մխիթարյանը։